Գլխավոր էջ Գլխավոր  Ինչպե՞ս նվազեցնել ստամոքսի քաղցկեղի ռիսկը. պարզաբանում է ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը

 Ինչպե՞ս նվազեցնել ստամոքսի քաղցկեղի ռիսկը. պարզաբանում է ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը

6797
0

Ստամոքսի քաղցկեղը, չարորակ ուռուցք է, որը  ծագում է ստամոքսի ենթալորձային շերտի էպիթելից:  Դասվում  է առավել հաճախ տարածված ուռուցքային հիվանդությունների շարքին: Կարող է ծագել ստամոքսի տարբեր մասերից և տարածվել այլ օրգանների վրա, հատկապես կերակրափողի, թոքերի և լյարդի վրա։ Այս թեմայով Medmedia-ի թղթակիցը զրուցել է ուռուցքաբան Գրիգոր Բադալյանի հետ:

Որո՞նք են ստամոքսի քաղցկեղի ախտանշանները։

Ինչպես  շատ ուռուցքներ ստամոքսի քաղցկեղը ևս սկզբում լինում է թույլ արտահայտված։ Կան ընդհանուր նշանները, որոնք բնորոշ են ընդհանրապես քաղցկեղին։ Այդ պրոցեսը կոչվում է քաղցկեղային թունավորում (ինտոքսիկացիա)։ Դա լինում է՝

  • Թուլության ձևով՝քայլելիս աշխատելիս հոգնածության զգացողություն
  • Քաշի կորուստ՝ հիվանդը սնվում է ինչպես միշտ բայց ունենում է կտրուկ քաշի կորուստ
  • Թեթև ցավային սինդրոմ
  • Ստամոքսի փքվածություն
  • Այրոց
  • Հաճախակի սովածության զգացում

Ստամոքսի քաղցկեղը գաստրիտի շարունակությունն է։  Նշանները նույնն են , բայց հնարավոր է ստամոքսում արդեն քաղցկեղ կա։ Կծու, թթու, քաղցր ուտելիս, երբ ստամոքսում առկա են բութ ցավեր վերը նշված ախտանշանների հետ անհապաղ պետք է գաստրոսկոպիա անել։
Գաստրոսկոպիայի ժամանակ որևէ փոփոխության առկայության դեպքում, բժիշկը հենց տեղում կատարում է բիոպսիա, հիվանդությունը հերքելու կամ հաստատելու համար։

 Որո՞նք են ստամոքսի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները։

Վերջին տարիներին ավելի շատ խոսում են հելիկոբակտերի մասին։ Այն կա օրգանիզմում, բայց քանակապես շատանալու դեպքում ստամոքսում առաջացնում է խրոնիկ գաստրիտներ, որն էլ հետո վերածվում է քաղցկեղի։ Առաջացման պատճառներից են նաև վատ սովորությունները՝ ծխելը, խմելը։

Որոշ մարդիկ մտածում են, թե ծխելը վնասում է միայն շնչառական օրգաններին, բայց՝ ոչ։ Ծխելուց մարդը թքի հետ կուլ է տալիս նույն նիկոտինը և  մնացած կանցեռոգեն նյութերը, որոնք կան ծխախոտի մեջ։ Երկրորդ խոցելի օրգանը թոքերից հետո՝ ստամոքսն է։

Ալկոհոլի չարաշահման դեպքում քաղցկեղի առաջացումը հաստատված է։ Առավել ևս անորակ ալկոհոլի երկարատև օգտագործումը։ Ես վստահ եմ, որ ծխելը ընդհանրապես պետք է թողնել, իսկ ինչ վերաբերվում է խմելուն, եթե դա անել ճիշտ և չափավոր վնասակար ոչինչ չկա։ Անգամ լավ կարմիր գինու օգտագործումը լավացնում է սիրտ անոթային համակարգի աշխատանքը։ Հաջորդ առաջացման նախապայմանը սխալ սննդակարգն է։ Պետք է սահմանափակել  դժվարամարս սնունդը։

 Ինչպե՞ս է ախտորոշվում ստամոքսի քաղցկեղը։

Հիմնականում  գաստրոսկոպիայի միջոցով, բայց վերջնական արդյունքը տալիս է բիոպսիան։

Կան նաև այլընտրանքային մեթոդներ՝ ռենտգենը։  Սա ավելի քիչ է օգտագործվում, բայց քանի որ վերջին ժամանակներս զարգացել են համակարգչային տոմոգրաֆները, դրանք ևս ախտորոշում ստամոքսի քաղցկեղը։

Սա իրականացվում է հիվանդության սկզբնական փուլերում։ Ավելի ուշ ախտորոշելու դեպքում ստուգումն իրականացվում է ուլտրաձայնային հետազոտությունով։ Այն ցույց է տալիս ինչքանով է փոփոխված ստամոքսի պատը, ավշային հանգույցները մեծացած են թե՞՝ ոչ։ Կարող  է տեսնել նաև տարածումը։

 Ի՞նչ փուլերով է անցնում բուժառուն բուժման ընթացքում։

Բուժումը կախված է հիվանդության փուլից։ Առաջին երկրորդ փուլերում, երբ ուռուցքը գտնվում է դեռ ստամոքսում, դիմում ենք վիրաբույժական միջամտությանը՝ վիրահատում ենք։ Եթե շուտ վիրահատվի, միչև մետաստազավորվելը հնարավոր է վերջնական բուժվի  հիվանդությունը։ Այսինքն՝ երբ ասում են , որ քաղցկեղը բուժելի է, խոսքը վերաբերվում է նախնական փուլին։

Եթե արդեն կա որոշ տարածվածություն, մոտեցումը լինում է երկու տեսակի։ Կամ հեռացվում է ախտահարված մասերն ու ավշային հանգույցները, որոնց վրա տարածվել է ուռուցքը, կամ  նախավիրահատական քիմիաթերապիայով է սկսվում բուժումը։ Բուժման ձևերը տարբեր են, տարբեր երկրներում և դա ինդիվիդուալ է բուժառուի համար։ Հայաստանում  90 տոկոս դեպքերում նախընտրում են վիրահատական մեթոդը։ Ստամոքսի վիրահատությունները լինում են մի քանի տեսակ ։

Չարորակ ուռուցքը միայն վիրահատությունով բուժելը անհնար է։ Այդ դեպքերում իրականացվում են լրացուցիչ բուժումներ, քիմիաթերապիաներ վիրահատությունից հետ։ Նպատակը՝ ոչնչացնելն է բոլոր չարորակ բջիջները, որոնք մնացել են վիրահատությունից հետո օրգանիզմում։  Արյան միջոցով ներարկվում է քիմիոպրեպարատը և այն տարածվում է ամբողջ օրգանիզմում։ Բայց դա էլ երաշխիք չի, որ հիվանդը լիովին կբուժվի։

 Ինչքանո՞վ է էֆեկտիվ քիմիաթերապիան։

Ստամոքսի քաղցկեղը համարվում է քիչ զգայուն ուռուցքներից։ Մեծ չէ տարբերությունը քիմիաթերապիա ստացած և չստացած բուժառուների։ Բայց տարբերությունը կա։ Քաղցկեղը սկզբում զարգանում է տղային ապա տարածվում է և ավշային հանգույցներով և արյան միջոցով տարածվել օրգանիզմում, մետաստազավորում է։ Այդ դեպքում նա արդեն անբուժելի է դառնում։

Գոյություն ունի նաև ճառագայթային բուժում, որը իրականացվում է վիրահատությունից առաջ։ հայաստանում քիչ են օգտագործում այդ մեթոդը։ Պատճառը այն է, որ  եթե բուժառուն ստանում է այդ բոլոր բուժումները արդյունքում շատ ծանր է տանում։

Ի՞նչ հակացուցումներ կան վիրահատության համար։

Միանշանակ ցանկացած վիրահատության համար կան հակացուցումներ։ Հակացուցումը մեկ այլ դեպք է, բայց եթե բուժառուն ենթակա է վիրահատության մեկ այլ բան։ Առաջին խնդիրը, որ բուժող թիմը դնում է իր առջև դա այն է, թե որքանով է հնարավոր վիրահատությունը։

Հակացուցումներ

  • անզգայացման հակացուցում
  • Համընթաց ընթացող հիվանդությունների առկայություն
  • ինֆարկտ, ինսուլտի ռիսկ
  • ճնշման տատանումներ
  • խորը դիաբեթ

Այս հիվանդությունները պետք է կարգավորել և նոր վիրահատել։ Օրինակ լինում են դեպքեր երբ սկսվում է ներքին արյունահոսություն։ Հիվանդը սովորաբար չի տեսնում, բայց իր կղանքի գույնը լինում է շատ նուրբ ինչպես սուրճի նստվածքը։ Դա նշաններից  մի դեպքն է,  որի ժամանակ պետք է անհապաղ վիրահատել՝ վիրահատություն կյանքի ցուցումով։ Այս դեպքերում պարզապես չենք նայում ինչ-որ հակացուցումների։

 Ժառանգականությունը որևէ դեր խաղո՞ւմ է հիվանդության մեջ։

Ինչպես շատ քաղցկեղներ ստամոքսինը ևս ժառանգաբար չի փոխանցվում։ Նույն ընտանիքում կարող է լինել նույն հիվանդությունը, որը կապված է ոչ թե գենետիայից, այլ նույն ապրելակերպից։ Ապրում է նույն միջավայրում, սնվում է նույն սննդով, ունեն նույն սովորությունները։ Եթե ընտանիքում կա քաղցկեղ, պետք է անդամներն ավելի ուշադիր լինեն և ստուգվեն։ Եթե նույնիսկ լինի հայտնաբերվի սկզբնական փուլերում։

Ո՞ր խմբերն են ավելի խոցելի հիվանդության համար։

Ավելի հաճախ հանդիպում է տարեցների և հատկապես տղամարդկանց մոտ։ Կարելի է սա վերցնել որպես խոցելի խումբ։ Ես կասեի խոցելի խումբը նրանք են, ովքեր չեն հետևում իրենց և իրենց առողջությանը։ Խոցելի են նրանք, ովքեր շատ են ծխում, չարաշահում է ալկոհոլը։ Խոցելի են նաև սխալ սննդակարգով ապրողները։

Միայն սննդի որակը լավացնելով չեն խուսափի քաղցկեղի ռիսկից։ Պետք է սնվել կանոնավոր։ Մարդ կա օրը մեկ անգամ է ուտում։ Սնունդ ընդունելու ձևը շատ կարևոր է ընդհանրապես առողջության համար, հատկապես ստամոքսի։ Պատկերացրեք օրվա ընթացքում ստամոքսում արտադրվում է ստամոքսահյութը, և ստամոքսում սնունդ չլինելու պատճառով քայքայվում են ստամոքսի պատերը։

Ինչպե՞ս կանխարգելել ստամոքսի քաղցկեղը։

Չծխել, քիչ խմել,  ճիշտ սնվել, վարել առողջ ապրելակերպ՝ զբաղվել սպորտով, քայլել, վազել։

Մեր հայերի մոտ այդ սովորույթը զարգացած չէ։ Կանայք գոնք աշխատում են, իսկ տղամարդիկ տուն ապա գրասենյակ հետո մեքենայով նորից տուն և միանգամից  բազմոց։ Եվ սա կրում է շարունակական բնույթ։

Զրուցեց Հասմիկ Չոբանյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ