Գլխավոր էջ Գլխավոր Աշնանը համավարակի ծանր հետևանքներ կունենանք․ հոգեբան

Աշնանը համավարակի ծանր հետևանքներ կունենանք․ հոգեբան

730
0

Կորոնավիրուսի համավարակը մեր երկրում առաջին իսկ ամիսներից մարդկանց շրջանում խորը վախեր ու տագնապ առաջացրեց։ Սակայն ամիսների ընթացքում մարդկանց մեծամասնությունը սովորեց ապրել համավարակի հետ։ Հոգեբան Սամվել Խուդոյանը Medmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ  չնայած համավարակը կարծես նահանջում է, բայց մարդկանց շրջանում հարկավոր է պրոպագանդան պահպանել․

« Մարդկանց անընդհատ հարկավոր է պրոպագանդա անել և հիշեցնել այս վարակի վտանգավորության մասին։ Իհարկե մահերի ու վարակվածների թիվը նվազել է, բայց սա հղի է վտանգներով։ Մարդկանց զգոնությունը թուլանում է, որի արդյունքը կարող է վատ հետևանքներ ունենալ»,-նշեց հոգեբանը և հավելեց, որ դեռևս 10 օր առաջ կարգը պահպանվում էր ամենայն խստությամբ, սակայն հիմա մարդիկ մի փոքր ազատ են դարձել, որովհետև համավարակի թվերի անկում է նկատվում։

«Եթե նկատել եք, կորոնավիրուսի հետ կապված տագնապը առաջվանը չէ, դա կարող է կապված լինել նաև վակցինայի հետ, չնայած, որ դրա դեմ ևս հատուկ արշավ է սկսվել։ Նախկին իշխանություններն էլ իրենց հերթին են միտում տեսնում յուրաքանչյուր նոր որոշման մեջ, որը անմիջականորեն ազդում է պայքարի վրա։ Եթե իրոք այս համավարակի դեմ վակցինան հայտնաբերվի, սա կլինի լուրջ փրկություն»։

Հոգեբանը նշեց, որ իրականում այս հիվանդությունը բավականին բարդ ընթացք ունի և անգամ հետագայում թողնում է բացասական հետևանք։

«Մարդիկ մի տեսակ արխայնացել են, բայց ասեմ, որ ունեմ ծանոթ ում մոտ երկրորդ անգամ կրկնվեց հիվանդությունը, որովհետև հակամարմիններ չէր արտադրվել նրա օրգանիզմում ու բուժվելուց հետո անգամ սիրտ-անոթային համակարգի վրա բավականին վատ հետևանքներ թողեց»,-տեղեկացրեց Խուդոյանը։

Հոգեբանը սխալ է համարում նաև ԲՈՒՀ-երի , մանկապարտեզների ու դպրոցների բացումը։

« Հեռավար կրթությունը բավականին արդյունավետ էր, իհարկե առաջին դասարանցիների համար էլ ավելի դժվարություններ կլինեն, բայց պետք է հիշենք, որ դրանք հաղթահարելի են։ Կարծում եմ, որ հատկապես ԲՈՒՀ-երի բացվելուց հետո համավարակը խորանալու է, կունենանք ծանր հետևանքներ»։

Հոգեբանը նշեց, որ որոշ օղակներում հատուկ պրոպագանդա է տարվում դիմակների դեմ․

« Անհիմն բաներ են ասում, իբր դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում, ես 60 անց մարդ եմ ու ամեն օր կրում եմ դիմակ և առողջ եմ, ի դեպ ասեմ, որ այստեղ մեծ նշանակություն ունի ներշնչանքը, այն միանգամից ազդում է շնչառության վրա։ Հասկանալի է մարդիկ 6 ամիս շարունակ հոգնել են դիմակ կրելուց, կարծում եմ կարելի է թեթևացնել պահանջը, միայն փակ տարածքներում կրեն, այնտեղ, որտեղ մարդկանց խտություն չի լինի, թույլ տան դիմակ չկրել, սակայն ամբողջության սահմանափակումները հանելով կարելի է ենթադրել, որ հիվանդության նոր ալիքի կհանդիպենք»,-նշեց հոգեբանը և ասաց, որ ժողովրդին անընդհատ ու խստությամբ պետք է զգուշացնեն ու տեղեկացնեն վտանգների մասին։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ