Գլխավոր էջ Գլխավոր «Ավելի լավ է երեխայի հետ շփմանը ժամանակ տրամադրել, քան հետո ժամանակը վատնել...

«Ավելի լավ է երեխայի հետ շփմանը ժամանակ տրամադրել, քան հետո ժամանակը վատնել լոգոպեդ գտնելու վրա». Մարիամ Զարգարյան

14061
0

«Տղաս երեք տարեկան էր, երբ սկսեց բառեր ասել, չկարողանալով խոսքը նորմալ արտահայտել։ Դիմեցինք խոսքի զարգացման բազմաթիվ կենտրոններ, սակայն շատ քիչ առաջխաղացում ունեցանք։ Հիմա, երբ երեխաս հինգ տարեկան է, մոտ երկու ամիս է՝ փորձում ենք խնդիրը վերացնել ՝լոգոպեդի եւ իր առաջարկած ինտելեկտուալ խաղերի, վարժությունների միջոցով»- պատմում է Արմինե Սեդրակյան

Երեխան վեց ամսեկանում պետք է ունենա գղգղանք, ինը ամսեկանում՝ իմաստի ընկալում: Մեկ տարեկան, երկու ամսեկան երեխան պետք է ունենա հստակ բառեր (տուր, տար), մեկ տարեկան, ութ ամսեկանում պիտի օգտագործի կենցաղային արտահայտություններ: Երկու տարեկան հասակում երեխայի բառապաշարը պետք է ունենա հազար բառ։

Այս ամենի բացակայության դեպքում անհրաժեշտ է մասնագետի միջամտություն։ Կապակցված խոսք ունենալու համար հոգեբան Մարիամ Զարգարյանը բացառում է մուլտֆիլմերի եւ օտար լեզուների անդադար օգտագործումը։
« Խնդրից խուսափելու համար, պետք է նախապես երեխային հետեւել։ Միշտ չէ, որ լոգոպեդին դիմելը խնդրի լուծում է, քանի որ բազմաթիվ վարժություններ կան, որոնց օրվա ընթացքում կես ժամ տրամադրելու դեպքում արդյունքի կհասնեք։ Հոգեբանական տեսանկյունից՝ երեխայի խոսքի զարգացմանը խանգարում է անապահով լինելու զգացողությունը, վեճերը, կոնֆլիկտները, նաեւ հուզականության եւ էմոցիաների բացակայությունը: Կարեւոր պայման է երեխայի հետ անդադար խոսելը, իսկ ամենակարեւոր պայմանը՝ մուլտֆիլմերից հրաժարվելն է, այն էլ օտարալեզու, քանի որ երեխաները ընկալում են շատ արագ եւ ընկալված ինֆորմացիան խոսքի են վերածում հենց այդ լեզվով: Ուստի ավելի լավ է երեխայի հետ շփմանը ժամանակ տրամադրել, քան հետո ժամանակը վատնել լոգոպեդ գտնելու վրա»։

Օտար լեզվով մուլտֆիլմերն իրենց ազդեցությունն ունեցան հինգ տարեկան Արայի վրա, ում մայրիկի՝ Կարինեի խոսքով՝ արդեն երեք տարի է տղան խոսում է բացառապես ռուսերեն լեզվով։
« Ժամանակի բացակայության եւ լարված գրաֆիկի պատճառով՝ երեխայի հետ զբաղվելը գրեթե անհնար էր, դրա համար Արան միշտ հեռուստացույցի առաջ կամ հեռախոսը ձեռքին՝ մուլտֆիլմ էր դիտում։ Երբ սկսեց խոսել, ռուսերեն լեզվով մի քանի բառեր էր անընդհատ կրկնում( привет, солнышко,попугай): Սկզբում չէինք կարծում՝ բարդություններ, խնդիրներ կլինեն, կարծում էինք՝ ժամանակի ընթացքում մեզ հետ շփվելով հայերեն կխոսի, սակայն դա էլ լուծում չէր։ Միակ տարբերակը լոգոպեդին դիմելն էր, որից հետո երեխայի մոտ որոշակի փոփոխություններ կան եւ շարունակական դասերից հետո, հուսանք, կլինեն։ Եվ այժմ փոքր երեխաս, ով երկու տարեկան է, դիտում է միայն հայկական մուլտեր, սակայն ժամանակ առ ժամանակ եւ նույն խնդրից խուսափելու համար մեկ տարի է՝ հաճախում է խոսքի զարգացման կենտրոն»։

Լոգոպեդ, արտթերապիստ Անահիտ Ներսիսյանի խոսքով՝ ծնողը պետք է բացահայտի իրական խնդիրը, ապա դիմի լոգոպեդի օգնությանը։
« Երեխայի խոսքի զարգացումը տեղի է ունենում օրորոցից։ Շատ ծնողներ, երբ դիմում են լոգոպեդի, միանգամից ուզում են, որ երեխան խոսի, բայց լոգոպեդը հետազոտելով տեսնում է՝ երեխայի իմացական գործընթացները, մտածողությունը, ուշադրությունը դեռ զարգացած չեն, թերի են։ Ինչու՞ է ծնողը ցանկանում երեխայի միանգամից խոսք, արդյոք այդ երեխան ունի՞ իմաստի ընկալում կամ որ խոսքային խանգարումն է նրա մոտ. ի՞նչ է ուզում ծնողը ստանալ երեխայից»։
Մուլտֆիլմերի ազդեցության մասին լոգոպեդը նշեց։
«Մուլտֆիլմերն ունեն ուսուցողական բնույթ։ Չարգելենք, չասենք՝ չի կարելի մուլտֆիլմ դիտել։ Ուղղակի մուլտֆիլմ ասելով հասկանանք՝ հայալեզու երեխան, երբ դեռեւս ձեւավորված չէ իր խոսքը, արդյո՞ք արժի խոսք չունեցող երեխային միանգամից մատուցել օտարալեզու մուլտեր կամ գերակտիվություն առաջացնող մուլտեր( Маша и Медведь): Սակայն կան նաեւ մուլտֆիլմեր, որոնք վատ են անդրադառնում երեխայի վրա»։

Այսպիսով, երեխայի խոսքի խանգարումը տարբեր կերպ է դրսեւորվում, սակայն ցանկացած իրավիճակում, խոսքի ճիշտ զարգացմանը նպաստում է երեխայի եւ ծնողի շփումը։ Երեխան պետք է ընտելանա ձայնին եւ որքան հնարավոր է շատ լսի այն, քանի որ դա նրան ավելի արագ կօգնի խոսել: Ինչպես ասում են՝ խոսք ասելու համար, շատ խոսք է պետք լսել։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ