Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ խառնաշփոթ է Սպիտակի ԲԿ-ում

Ի՞նչ խառնաշփոթ է Սպիտակի ԲԿ-ում

7996
0

Medmedia.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակի ԲԿ-ում անհամաձայնություններ կան։ Մենք կապ հաստատեցինք բժշկական կենտրոնի բուժքույրերից մեկի հետ, ով հասկանալի պառճառներով չցանկացավ ներկայանալ, սակայն ասաց, որ իրենցից շատերն այսօր ունեն պայմանագրերի խնդիր, աշխատում են ցածր աշխատավարձով․

« Մեզ ասում են, թե առողջապահության նախարարությունը դեռ համապատասխան պայմանագրերը չի ուղարկել, սակայն կարծում ենք, որ հարցը այդպես էլ չլուծված է մնալու։ Մենք նաև հարցադրում ենք, թե ինչու՞ պետք է մեր հիվանդանոցի հիվանդները ստիպված լինեն գնալ հասնել Վանաձորի ԲԿ, իսկ այստեղ բուժվեն կորոնավիրուսով հիվանդները։ Ունենում ենք ծանր հիվանդներ, որոնք ստիպված են երկար ճանապարհ անցնել, քանի որ մեզ մոտ համավարակով հիվանդներն են բուժվում»։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, թե իրենց ԲԿ-ի պացիենտների շրջանում ևս դժգոհություններ կան, բոլորը նեղսրտում են, բողոքում, բայց վախենում են բարձրաձայնել։

Դեռևս երկու ամիս առաջ թեմաներ էին շրջանառվում, որ բուժանձնակազմը դեմ է կորոնավիրուսով հիվանդներին ընդունելուց։ Նրանց հիմնական պատճառաբանությունն այն էր, որ Սպիտակի ԲԿ տեղափոխվող պացիենտները ստիպված են լինում դիմել Վանաձորի ԲԿ։ Աշխատակիցների հավաստմամբ՝ ԲԿ-ի մոտակայքում հաճախ ավտովթարներ են լինում և վիրավորներին չեն կարողանալու պատշաճ օգնություն տրամադրել։

Հարցի շուրջ Medmedia.am-ը նաև զրուցել էր Սպիտակի ԲԿ տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ, ով նշել էր, թե այդ թեման ապատեղեկատվություն է, թյուր ինֆորմացիա։

«Առողջ քննարկում է տեղի ունեցել, քանի որ ԲԿ-ն հանդիսացել է բազմապրոֆիլ հիվանդանոց, սպասարկել է 40 հազար բնակչություն՝ քննարկվել է, թե այլ ծառայությունները ինչպես են իրականացվելու»,-ասել էր նա ու նշել, թե բժիշկները, մայրապետերը պատշաճ իրականացնում են ծառայությունը և ոչ մի դժգոհություն չկա։

«Հանրապետության բոլոր մարզերից հիվանդների ընդունում լինում է, այս պահին արդեն 92 դուրս գրված պացիենտ ունենք։ Ամենախոցելին Գյումրու տարեցների կենտրոնի պացիենտներն էին, որոնց մեծամասնությունը դուրս են գրվել, տարեցները նույնպես հաղթահարում են կորոնավիրուսը։ Իհարկե կան հիվանդություններ, որոնք անհամատեղելի են»,-նշել էր նա հունիսի 17-ին մեզ տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հակադարձել էր բողոքներին և ասել, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ ամենաարագը հնարավոր է վերապրոֆիլավորել Ստիտակի հիվանդանոցը՝ հաշվի առնելով թե՛ գտնվելու վայրը, թե՛ հնարավորություններն ու մակերեսը։

Մարզպետը վստահեցրել էր, թե բուժանձնակազմի բոլոր քրոնիկ հիվանդություններ ունեցող անդամները կլինեն տանը՝ լրիվ աշխատավարձով։ Ի դեպ, նախորդ մեր հարցազրույցի ժամանակ Բժշկական կենտրոնի տնօրենը նշել էր, որ հիվանդներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար բուժանձնակազմը անգամ վերապատրաստման հեռավար կուրսեր էր անցնում։

Սակայն ինչպես մեզ հասած տեղեկություններն են փաստում ներսում դժգոհության ալիք է հասունանում, իսկ տնօրեն Վարդուհի Սիսակյանը անպատասխան թողեց MedMedia-ի զանգերը։ Հիշեցնենք նաև, որ Սպիտակի բժշկական կենտրոնը արդեն երկու ամիս է վերապրոֆիլավորվել է և բուժում է կորոնավիրուսով հիվանդներին ։ Ի դեպ, լուրեր են շրջանառվում նաև, թե օրերս ծննդկան է մահացել Վանաձորի ԲԿ տեղափոխման ճանապարհին։ Նրան Սպիտակի ԲԿ-ն չի ընդունել, կնոջը տեղափոխել են այլ ԲԿ, սակայն ճանապարհին մահ է գրանցվել։ Մեր զրուցակիցը չհերքեց տեղեկատվությունը, ասաց, որ նման դեպք եղել է, սակայն ոչ ոք չի բարձրաձայնում դրա մասին, ինչ-ինչ պատճառներով հանրությունից թաքցնում են։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ