Գլխավոր էջ Հարցազրույցներ Մանկական նևրոզ. ե՞րբ պետք է անհանգստանա ծնողը

Մանկական նևրոզ. ե՞րբ պետք է անհանգստանա ծնողը

33791
0

Որո՞նք են մանկական նևրոզի ֆիզիկական և հոգեկան ախտանշանները: Ե՞րբ է պետք անհանգստանալ:

Մանկական նևրոզը նյարդահոգեկան խնդիրներից ամենատարածվածն է համարվում: Նախ և առաջ այն էմոցիոնալ խանգարում է, որն առաջանում է ընտանեկան հարաբերությունների խանգարումներից: Այսինքն, երեխայի մոտ նևրոզը, դա նշան է, որ ընտանիքում ինչ-որ բան այնպես չէ, և առաջացման պատճառները անհրաժեշտ է փնտրել հենց ընտանիքում:

Սովորաբար, երբ ծնողները տեսնում են, որ երեխան իրեն տարօրինակ է պահում և անհասկանալի՝ կրծում է եղունգները, քիթն է փորում, մազերն է փաթաթում մատներին, անադեկվատ շարժումներ է անում, ծնողները նկատողություն են անում, իսկ երբ երեխան չի լսում, սկսում են պահանջել, բարկանալ, որ երեխան թողնի «վատ սովորությունը»: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, ինչպես որ թվում է, և բոլորովին էլ խոսքը վատ սովորության մասին չէ, այլ նևրոզի հստակ արտահայտման:

Նևրոզի արտահայտումները չափազանց տարբեր կարող են լինել երեխաների մոտ, ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական մակարդակում: Նկատելի է ուշադրության բևեռացում, հիշողության վատացում, մշտական դյուրագրգիռ վիճակ, տրամադրության կտրուկ տատանումներ:

Երեխան էմոցիոնալ անկայուն վիճակում է լինում, հակված է կամակորության և լացկանության, չափազանց զգայուն է, տագնապային, ակնհայտ է մոտիվացիայի բացակայությունը, նույնիսկ երբեմնի սիրած խաղերում և գործընթացներում: Արտահայտված են վախերն ու կպչուն գործողությունները:

Ֆիզիկական մակարդակում նևրոզն ուղեկցվում է գլխացավերով, գլխապտույտներով, քնի խանգարմամբ ( քունը դառնում է անհանգիստ, քուն մտնելու դժվարություններ), ախորժակի բացակայությամբ, շնչարգելությամբ, առատ քրտնարադրությամբ և մկանային թուլությամբ: Նույնիսկ հնարավոր են  ցավեր կրծքավանդակի շրջանում, նյարդային տիկեր, գիշերամիզություն, հազ, սուր ռեակցիաներ բարձր ձայների և ուժեղ լուսավորության նկատմամբ, կակազություն:

Ի՞նչը կարող է  երեխայի մոտ նևրոզի առաջացման պատճառ լինել, և ինչպե՞ս կանխարգելել

Նևրոզի հիմքում ընկած է ներքին կոնֆլիկտը, օրինակ՝ կոնֆլիկտ երեխայի իրական հնարավորությունների, ընդունակությունների ու ծնողների ցանկությունների ու սպասումների միջև: Երբ մշտապես պահանջում են երեխայից հասնել իրենց համար բարձր սանդղակին, իսկ երեխան չի կարողանում համապատասխանել այդ չափանիշներին, սկսվում է ներքին կոնֆլիկտ:

Նևրոզի առաջացման հիմնական պատճառներից ընտանիքում մշտական կոնֆլիկտներն են, որոնց երեխան ականատես է լինում: Գերխնամքն ու թերխնամքը, որը հիմնականում էմոցիոնալ դաշտում է տարածվում, երբ ուշադրության պակաս ունի երեխան, սիրո, հոգատարության ու քնքշանքի:

Նևրոզ կարող է առաջանալ դաստիարակման ավտորիտար ոճից, մշտապես ճնշման և երեխային վերահսկելու արդյուքնում: 

Նույնիսկ կյանքի որակի փոփոխությունները, տեղափոխությունը մեկ այլ բնակության վայր, դպրոցի կամ մանկապարտեզի փոփոխությունը կարող են հանգեցնել նևրոտիկ վիճակների: Կորուստ, ամուսնալուծություն, ընտանիքում երեխայի ծնունդ, այս ամենը բավական լուրջ հիմքեր են երեխայի մոտ հոգեսոմատիկ խնդիրների առաջացման գործում:

Շատ դեպքերում երեխան կուտակում է և չի արտահայտում ոչ դրական, ոչ էլ բացասական հույզերը, չհասկացված և չընդունված է, թվում է թե ընտենական հարաբերությունները ինչ կապ կարող են ունենալ նևրոզի հետ, սակայն առաջնային այն կարող է առաջացնել օրինակ՝ գիշերամիզություն, երեխան էմոցիաներն այդ կերպ է արտահատում և դուրս է բերում:

Ինչպե՞ս հոգեպես առողջ երեխա մեծացնել: Ի՞նչ կարևոր խորհուրդ կտաք ծնողներին

Ամենալավ առաջարկը կլինի ընտանիքում դրական մթնոլորտի ստեղծումը, արժեքավոր փոխհարաբերությունների կառուցումը: Սովորաբար նման դեպքերում խնդիրները հենց ծնողների մեջ է թաքնված և նախ և առաջ հարկավոր է ծնողներին պահպանել հոգեկան հավասարակշռություն, հիշենք, որ մեր էմոցիոնալ վիճակն ու մեր խնդիրները արտացոլվում են երեխայի վրա:

  • Հետևեք երեխայի էմոցիոնալ վիճակին, փորձեք վստահելի հարաբերություններ ստեղծել, կիսվել ապրումներով և էմոցիաներով:
  • Մի ծանրաբեռնեք և մի պահանջեք ավելին երեխայից, քան իր հնարավորություններն են:
  • Օգնեք կառուցել օրվա ռեժիմը:
  • Էմոցիոնալ ջերմություն տվեք, գովաբանեք և կարևորեք երեխային՝ երբեք չհամեմատելով որևէ մեկի հետ:
  • Սովորեցնենք երեխային ապրել և վայելել պահը, գնահատել և ուրախանալ նույնիսկ փոքր մանրուքներով:
  • Իսկ խնդիրների նկատելուն պես, անմիջապես դիմել մասնագետի, ով հոգեթերապևտիկ աշխատանքների  միջոցով կկարողանա օգնել երեխային հաղթահարել առաջացած դժվարությունները:

Մասնագիտական կարծիք հայտնեց կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ