Գլխավոր էջ Գլխավոր «Գունավոր աչքեր». թերարժեքության զգացում կամ փոփոխությունների առիթ

«Գունավոր աչքեր». թերարժեքության զգացում կամ փոփոխությունների առիթ

15115
0

Քսանհինգամյա Իդա Հովհաննիսյանը արդեն երեք տարի է` ուզած պահին փոխում է աչքերի գույնը, այլ խոսքով` գունավոր լինզաներ է կրում: Սկզբում` երկնագույն, հետո` կանաչ, ապա նաեւ` մեղրագույն, մուգ կապույտ, այսօր արդեն` սեւ: Այս ամենը նա բացատրում է փոփոխությունների մշտական ձգտմամբ.

«Համալսարանում էի սովորում, երբ գնեցի առաջին լինզաս, հիշում եմ` երկնագույն էր: Պատճառը հերթական անգամ արտաքինիս մեջ ինչ-որ փոփոխություն անելու ցանկությունն էր»,-ասում է նա: Գույներն ընտրում էր ըստ տրամադրության, երբեմն-երբեմն կրում, բայց ժամանակի ընթացքում լինզաները դարձան նրա անբաժանելի մասը. «Հիմա արդեն հազվադեպ եմ առանց դրանց տանից դուրս գալիս, ամեն օր լինզաներով եմ` հիմնականում` սեւ կամ երկնագույն»: Չնայած իր եռամյա փորձին եւ լինզաների բազմազանությանը, Իդան այս ընթացքում տեսողական որեւէ խնդրի չի բախվել:

Սակայն մասնագետները գունավոր լինզաներ կրելու հիմքում վտանգներ տեսնում են: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նեւրովիրաբուժական բաժնի բժիշկ, ակնաբույժ Լուիզա Մարտիրոսյանի խոսքով` գունավոր լինզաներ կարելի է կրել երբեմն, բայց ոչ հաճախ, առավել եւս` ամեն օր, որովհետեւ գունավորի դեպքում, ի տարբերություն օպտիկականի, ազդեցությունն ավելի մեծ է. «Դրանք աչքերի համար շատ վնասակար են, որովհետեւ շփման մեջ են մտնում ծիածանաթաղանթի հետ, գրգռում, հաստացնում այն, ինչն էլ առաջացնում է կերատոկոնուս: Արդյունքում, տեսողությունը կտրուկ ընկնում է»,- նշում է բժիշկը:

Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որը հանգեցնում է դրա բարակեցման և արտափքման: Այս տեսողական խնդրի դեպքում մարդիկ առարկաները տեսնում են ծռմռված, շողքերով: Այն հաճախ զուգակցվում է բարձր աստիճանի աստիգմատիզմով: Այս հիվանդությունը շատ է հանդիպում հատկապես հայերի եւ հրեաների մոտ` որպես հին ազգությունների հիվանդություն:

Պակաս հին չէ նաեւ լինզաներ ծագման պատմությունը: Դեռեւս 1568 թվականին Լեոնարդո դա Վինչին նկարագրել է այնպիսի լինզա, որը, տեղադրելով աչքի մեջ, կփոխեր աչքի օպտիկական հատկությունները: Իսկ 300 տարի անց անգլիացի աստղագետ Ջոն Հերշելը նկարագրեց ապակե կոնտակտային լինզան՝ պատրաստված այնպես, որ նրա ձեւը համընկներ աչքի ձեւի հետ: Ժամանակի ընթացքում լինզաները, բացի օպտիկական նշանակությունից, ձեռք բերեցին նաեւ այլ հատկություններ եւ նշանակություն:

Հոգեբան Մանե Տոնոյանը նշում է, որ լինզա կրելը, եւ առհասարակ, ցանկացած միջամտություն արտաքինին, խոսում է սեփական ֆիզիակական ես-ը չընդունելու, առնվազն դրա հետ անհաշտ լինելու մասին. «Նման վարքը կապված է թերարժեքության զգացման հետ, երբ մարդը կարծես լիարժեք չի զգում այն ֆիզիկական կերպարի մեջ, որն իրեն ի վերուստ է տրվել, այդ պատճառով էլ փորձում է փոփոխել այն»: Որպես նման` սեփական ես-ը չընդունող դրսեւորում, Տոնոյանը դիտարկում է նաեւ հաճախակի պլաստիկ վիրահատությունները:

Անձի հոգեբանության ասպիրանտ, ԵՊՀ կրտսեր գիտաշխատող Անի Գրիգորյանն էլ առաջ է քաշում մի այլ տեսանկյուն. «Հաճախ ասում ենք, չէ՞, որ աչքերը հոգու հայելի են… Կոնտակտի կարեւորագույն ճանապարհներից մեկը հենց աչքերով է, հայացքով, մենք դրանով շատ բան ենք տալիս ու ստանում: Հետեւաբար, գունավոր լինզաները կարող են փոփոխել նաեւ հայացքը: Գուցե շատ սուբյեկտիվ իմաստավորում է, բայց այ այդ «նոր հայացք» ունենալու հնարավորությունը եւս կարող է առանձնահատկություն ընդգծելու առիթ լինել»,-նշում է մասնագետը:

Քսանամյա Աննա Սահակյանը, ով շագանակագույն աչքեր ունի, նաեւ` տեսողական խնդիր, անկեղծանում է, որ չնայած միշտ չի սիրել իր աչքերի գույնը, փոքր տարիքում նույնիսկ երազել է` կապույտ լինեն, բայց գունավոր լինզաներ չի կրել եւ չի պատրաստվում կրել, որովհետեւ դրանք շատ անբնական է համարում. «Չեմ բացառում, որ մոտ ժամանակներս բժշկի խորհրդով ակնոցից անցում կկատարեմ օպտիկական լինզայի, բայց ակնոց էլ այնքան երկար եմ կրել, որ անգամ օպտիկականն է ինձ արհեստական թվում»:

Գրիգորյանի խոսքով` այդ արհեստականության զգացողությունը առավել հատուկ է դիմացինին, կողքից նայողին, իսկ մարդը, ով լինզա է կրում, դա իր համար այլ կերպ է իմաստավորում. «Մի ուրիշ հարց էլ կա. գունավոր լինզաները ժամանակակից աշխարհում կոմերցիոն պրոդուկտ են, սպառողի վրա ազդելու միջոց-բրենդ, այսինքն` եթե մարդը ուղղակի նախընտրում է բոլոր այն իրերը, որ սպառողական շուկայում շրջանառվում են, եթե հետեւում է նորաձեւությանը, ապա չի ուզի հետ մնալ նորաձեւ այդ տրենդից, այլ կձգտի մաս կազմել նորաձեւ հանրության, ինտեգրվել հենց այդ հանրույթին»:

Բնական թե արհեստական` որոշողը մարդն է, բայց անկախ դրա պատճառներից ու հնարավորություններից` բոլոր դեպքերում առողջությունը գերակա դիրքերում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ