Գլխավոր էջ Գլխավոր Վիտամին D-ի ավելցուկը ևս վտանգավոր է.մանկաբույժ

Վիտամին D-ի ավելցուկը ևս վտանգավոր է.մանկաբույժ

6881
0

D վիատամինի կարևորության ու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ խեսել ենք: Դրա բավարար քանակությունը օրգանիզմում ապահովում է վերջինիս ճիշտ աճը, ամուր ոսկրային և առողջ սիրտանոթային համակարգի զարգացումը: Մասնավորապես այն պատասխանատու է արյան մեջ և ոսկրերում կալցիումի մակարդակի կարգավորման հարցում: Լաբորատոր ճանապարհով հաստատված հիպովիտամինոզ D (վիտամին D մակարդակը 20 նգ/մլ քիչ) կարող է բերել կլինիկորեն ռախիտ հիվանդության զարգացման: Վերջինս ուղեկցվում է արյան մեջ կալցիումի քանակի իջեցմամբ, որը ծանր դեպքերում առաջացնում է հիպոկալցեմիկ ցնցումներ, սրտի ախտահարում և անգամ կարող է ավարտվել մահով: Սակայն վիտամինի D-ի ավելցուկը ևս վտանգավոր է, MedMedia.am-ը թեման քննարկել Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ, բ.գ.թ Մարի Դարակչյանի հետ: «Վերջին տարիներին Հայաստանի շատ լաբորատորիաներում ներդրվել է վիտամին D որոշման մեթոդոլոգիան, որի արդյունքում ավելացել են վիտամին D հաստատված անբավարարության դեպքերը»,-ասաց բժշկուհին և նշեց, որ բացի լաբորատոր ճանապարհով հաստատված վիտամին D անբավարարության դեպքերի, կան նաև շատ բժիշկները, որոնք հիմնված քրտնարտադրության ավելացման և գաղթունի չափսերի վրա սկսում են երեխաների մոտ վիտամին D ենթադրյալ անբավարարության բուժում վիտամին D կանխարգելիչ դոզաները գերազանցող չափաբաժիններով: Ըստ մանկաբույժի՝ այսօր մեր երկրում և շատ այլ երկրներում վիտամին D ընդունված կանխարգելիչ չափաբաժինը 0-18 տարեկան խմբի մոտ կազմում է 400 ՄՄ/օր: «Վիտամին D բարձր քանակությունը արյան մեջ կարող է բերել անցանկալի և վտանգավոր հետևանքների: Վերջինս հիմնականում զարգանում է վիտամին D և կալցիում պարունակող սննդային հավելումների չկանոնակարգված օգտագործման արդյունքում»,-ընդգծեց Մարի Դարակչյանը և հավելեց. «Արյան մեջ վիտամին D ավելի քան 150 նգ/մլ քանակությունը համարվում է տոքսիկ և ուղեկցվում է արյան մեջ կալցիումի մակարդակի նշանակալի ավելացմամբ»: Վերջինս փաստմամբ՝ այն ուղեկցվում է գրգռվածությամբ, միզելու քանակության և հաճախականության, ծարավի զգացողության ավելացմամբ, սրտխառնոցով, փորկապությամբ և երիկամներում կալցիումի կուտակումներով: Ինչպես զրուցակիցս նշեց, քրոնիկ դեպքերում զարգանում է ոսկրերի ախտահարում և մեծ անոթների պատերում կալցիումի կուտակումներ: «Հիպերվիտամինոզ D բուժումը ներառում է մանկաբույժի և ներզատաբանի համատեղ հսկողության սահմանում: Առաջնահերթ անհրաժեշտ է դադարեցնել վիտամին D և կալցիումի հավելումների ներմուծումը օրգանիզմ, սահմանափակել կալցիումով հարուստ սննդամթերքի օգտագործումը, վերականգնել կորցրած հեղուկները».-տեղեկացրեց բժշկուհին: Քանի որ վիտամին D երկար ժամանակ դեռևս կարող է պահեստավորված մնալ ճարպային հյուսվածքում հետևապես հիպերվիտամինոզ D բուժումը, Մարի Դարակչյանի հավաստմամաբ, պահանջում է շարունակական վերահսկողություն: «Չնայած վիտամին D անբավարարության հայտնաբերման ու բուժմանն ուղղված միջոցառումները կարևոր են հանրային առողջության ցուցանիշների բարելավման համար, սակայն մշտապես պետք է հիշել վիտամին D հնարավոր տոքսիկ դոզաների առկայության մասին և վիտամին D կանխարգելիչ և բուժական չափաբաժինները գերազանցող դոզաների օգտագործումը մշտապես պետք է համադրվի արյան մեջ վիտամին D և կալցիումի շարունակական վերահսկողության հետ»,-ամփոփեց մանկաբույժը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ