Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ տարբերություն կա ՊՇՌ և հակամարմինների թեստերի միջև

Ի՞նչ տարբերություն կա ՊՇՌ և հակամարմինների թեստերի միջև

1307
0

Կորոնարավիրուսի համավարակի այս օրերին հաճախ տրվող հարցերից է, թե ո՞րն է տբերությունը սերոլոգիական թեստի և ախտորոշիչ թեստի միջև: Սերոլոգիական թեստերը չեն ախտորոշում COVID-19 ակտիվ վարակը, բայց կարող են տեղեկություններ տալ նախկինում ունեցած վարակի վերաբերյալ: Դրանք արյան ստուգումներ են, որոնք ստուգում են սպիտակուցների (հակամարմինների) առկայությունը, որոնք զարգանում են մարմնում, երբ մարմինը արձագանքում է վարակին:

Medmedia.am-ի հետ զրույցում  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժնի վարիչ Թամարա Հովսեփյանը նշեց, որ հակամարմինների թեստը արագ թեստ չէ, արվում է արյան նմուշով։

«Իսկ COVID-19 ՊՇՌ  հետազոտությունը, որը նաև կիրառում է Առողջապահության նախարարությունը, հայտնաբերում է վարակն օրգանիզմում ամենավաղ շրջանում, սակայն այն ավելի ժամանակատար է։ Վարակի հայտնաբերումը կարող է տևել մինչև 24 ժամ կամ ավելի։ Օգտագործվում է մարդու կոկորդից կամ քթից վերցված քսուքը։ Կորոնավիրուսի արագ թեստերը «որոնում են» հակամարմիններ, որոնք հայտնաբերվում են հենց վարակի ընթացքի սուր փուլում, կորոնավիրուսի դեպքում՝ մոտ 4-7 օր հետո»,-նշեց նա։

Այսինքն, եթե հակամարմինների թեստն արվի ոչ իրենց համար նախատեսված ժամանակահատվածում, պատասխանները կարող են լինել կեղծ դրական կամ կեղծ բացասական։ Իսկ ՊՇՌ թեստի ճշգրտությունը 97% և ավելի է։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ վարակված անձը հակամարմիններ զարգացնի Թամարա Հովսեփյանը նշեց, որ սովորաբար մեկից երեք շաբաթ է տևում, մինչև COVID-19-ով հիվանդանալուց հետո որևէ անձի օրգանիզմը հակամարմիններ առաջացնի, որոշ մարդկանց մոտ կարող է նույնիսկ ավելի երկար տևել:

«Կախված մարդու վարակվելու և թեստավորման ժամանակից, սերոլոգիական թեստը կարող է հակամարմիններ չհայտնաբերել COVID-19-ով տվյալ պահին վարակված անձի մոտ»

Նշենք, որ սերոլոգիական թեստը չի կարող որոշել, թե արդյոք դուք ներկա պահին COVID-19 ունե՞ք,  այս թեստը չափում է հակամարմինները, որոնք ցույց են տալիս, որ մարմինը արձագանքել է վիրուսին, բայց չի կարող նշել, թե կա արդյոք ակտիվ վարակ: Վարակման սկզբնական օրերին, երբ մարմինը դեռ իր իմունային պատասխանն է կառուցում, հակամարմիններ կարող են չհայտնաբերվել, ինչը կարող է հանգեցնել կեղծ բացասական սերոլոգիական թեստի արդյունքների: Նմանապես, սերոլոգիական թեստերը կարող են դրական լինել, եթե անձը նախկինում վարակվել էր COVID-19-ով և ներկայումս վարակված չէ վիրուսով: Այդ պատճառով, սերոլոգիական թեստերը չպետք է կիրառվեն COVID-19 ախտորոշելու համար:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ