Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է արթրիտը և ի՞նչ ախտանշաններով է այն սովորաբար դրսևորվում

Ի՞նչ է արթրիտը և ի՞նչ ախտանշաններով է այն սովորաբար դրսևորվում

469
0

Արթրիտը հոդերի մի խումբ բորբոքային հիվանդությունների ընդհանուր անվանումն է։ Սա բավական տարածված խնդիր է, որի պատճառ կարող է դառնալ անգամ հասարակ մրսածությունը կամ որևէ այլ անվնաս թվացող վարակը։ Այս հիվանդությունը սովորաբար ախտահարում է 30-50 տարեկան մարդկանց հոդերը։ Ընդ որում՝ կանայք այս խնդրին շուրջ երեք անգամ ավելի հաճախ են բախվում, քան տղամարդիկ։

Արթրիտի ախտորոշման դեպքում բուժումը հարկավոր է սկսել հնարավորինս շուտ, քանի որ հիվանդությունը կարող է բացասաբար անդրադառնալ նաև այլ օրգանների ու համակարգերի վրա։ Առավել շատ տուժում են երիկամները, լյարդն ու սրտամկանը։ Բացի այդ, խնդիրը կարող է հանգեցնել նաև աուտոիմունային համակարգի խանգարման։ Սա է պատճառը, որ արթրիտը ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։

Հիվանդությունը զարգացման վաղ փուլերում հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին իմանալ դրա ախտանշանները, ուստի «Versus Arthritis» բրիտանական բարեգործական հիմնադրամի մասնագետները նշել են այն չորս ախտանշանները, որոնք առավել հաճախ են հանդիպում արթրիտով հիվանդների մոտ։

Ցավ

Արթրիտի դեպքում ցավը կարող է կրել ինչպես ժամանակավոր բնույթ, այնպես էլ մշտական։ Բացի այդ, այն կարող է ի հայտ գալ մարմնի միայն մի հատվածում կամ տարբեր հատվածներում։ Եթե ցավն առավել հաճախ անհանգստացնում է գիշերը, երբ հոդերը հանգիստ վիճակում են, ապա այն ամենայն հավանականությամբ պայմանավորված է արթրիտով։ Բացի այդ, արթիրիտի մասին է հուշում նաև կտրուկ ի հայտ եկող և նույնքան կտրուկ մեղմվող ցավը, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկին։

Այտուցներ

Արթրիտով ախտահարված հոդի հատվածում մաշկը հաճախ է կարմրում ու այտուցվում, իսկ շոշափելիս այդ հատվածի ջերմաստիճանն ավելի բարձր է լինում։ Նման այտուցը կարող է պահպանվել մեկ կամ երկու օր։ Եթե խնդիրը կրկնվում է ամսական ավելի քան երեք անգամ, ապա հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել

Հոդերի «կարծրություն»

Առավոտյան արթնանալուն պես նկատվող շարժումների կաշկանդվածությունն ու հոդերի կարծրությունը նույնպես կարող են պայմանավորված լինել արթրիտով։ Եթե տհաճ զգացողությունները պահպանվում են ավելի քան մեկ ժամ կամ ի հայտ են գալիս անգամ երկար ժամանակ նստած լինելու դեպքում, ապա հարկավոր է բուժզննում անցնել։

Շարժումների հետ կապված խնդիրներ

Արթրիտի մասին կարող են հուշել նաև շարժումների հետ կապված խնդիրները։ Եթե պարզապես նստած դիրքից կանգնելն արդեն իսկ դժվար է կամ առաջացնում է տհաճ զգացողություններ, ապա հարկավոր է դիմել բժշկին։

Մասնագետները նախազգուշացնում են, որ վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել համապատասխան մասնագետին և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։ Բանն այն է, որ ինքնուրույն կարելի է ժամանակավորապես մեղմել ցավը, սակայն այդ դեպքում հիվանդությունը կարող է ստանալ քրոնիկ բնույթ։ Առավել ծանր դեպքերում արթրիտը վերածվում է քրոնիկի ընդամենը երեք ամսում ուստի, հարկավոր է շատ ուշադիր լինել և որ մի դեպքում չանտեսել խնդրի մասին հուշող ախտանշանները։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ