Գլխավոր էջ Գլխավոր «Անոթային թույն» կամ h.1 թշնամին ծխախոտն է

«Անոթային թույն» կամ h.1 թշնամին ծխախոտն է

829
0

Ծխախոտի վնասակարությանը և ծխելու դեմ պայքարին  վերաբերվող հարցերը եղել  և մնում են օրհասական ինչպես բժշկական, այնպես էլ հանրության այլ շրջանակներում։  Ծխախոտի ծխի  հիմնական թիրախը սիրտ-անոթային համակարգն է, և հաճախ ծխախոտը անվանում են նաև «անոթային թույն»։  Թեմայի շուրջ  MedMedia.am-ը  զրուցել  է Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ: «Քանի որ մեր յուրաքանչյուր օրգան և հյուսվածք սնվում և գոյատևում են ի շնորհիվ բազմաթիվ անոթների, տրամաբանական է, որ ծխախոտի վնասակար ազդեցությունը տարածվում է ամբողջ օրգանիզմով մեկ»,-ասաց անոթաբանն ավելացնելով. «Երբ նիկոտինը թափանցում է արյան մեջ, արտադրվում է մեծ քանակությամբ ադրենալին, որն էլ իր հերթին բերում է հատկապես փոքր տրամաչափի անոթների սպազմի, զարկերակային ճնշման բարձրացման, սրտի զարկերի հաճախացման մոտ 15-20 զարկով մեկ րոպեում»։ Մեկ ծխախոտի ազդեցությունն, ըստ Տիգրան Քամալյանի, օրգանիզմում պահպանվում է 20-30 րոպեի սահմաններում, իսկ միջին մակարդակի ծխող մարդը մեկ ժամում ծխում է 1-2 գլանակ, հետևաբար կարելի է ասել, որ գտնվում ծխախոտի ծխի մշտական վնասակար ազդեցության տակ։

«Ծխախոտի ծուխը վնասակար ազդեցություն ունի նաև  արյան համակարգի վրա։ Այն ազդում է թրոմբոցիտների վրա, մեծանում է վերջիններիս ագրեգացիայի՝ կպչողունակության հատկությունները, թրոմբոցիտները կարող են ավելի ամուր կպնել անոթների պատերին և միմյանց, դա կարող է բերել թրոբոզների առաջացման՝ ծայրամասային անոթներում, սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի զարգացման»,-նշեց զրուցակիցս և ընդծեց, որ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ ծխախոտի մեկ գլանակի ազդեցությունը թրոմբոցիտների վրա չեզոքացնելու համար գրեթե մեկ շաբաթ պետք է օգտագործել ագրեգացիան նվազեցնող դեղորայք։

Վերջինիս խոսքով՝ անոթային հիվանդությունների  առկայության պարագայում ծխախոտի բոլոր բացասական հատկությունները, կարելի է ասել, գումարվում են։ «Ծայրամասային զարկերակների սպազմը, թրոմբոզների առաջացման ռիսկը, խոլեսթերինային փոխանակության խորը խանգարումները միասին կտրուկ արագացնում են աթերոսկլերոզի, էնդարտերիտների, դիաբետիկ անգիոպաթիաների, սրտամկանի և ուղեղի անոթային հիվանդությունների ընթացքը, ավելացնում են բարդությունները, հաճախ պատճառ են դառնում սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի առաջացման, վերջույթների իշեմիայի, գանգրենաների զարգացման, հաճախ բերում ենամպուտացիաների քանակի ավելացման»,-ասաց նա։

Վերոնշյալ դրույթները հաշվի առնելով, Տիգրան Քամալյանի խոսքով, անոթային հիվանդություններով տառապող պացիենտների բուժման պլաններում, հիմնական դեղորայքից էլ առաջնահերթ, միշտ նշվում է ծխելը դադարեցնելու պահանջը։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ