Գլխավոր էջ Նորություններ Պարոն Թորոսյան հյուսիսն ու հարավը՝ Լոռին ու Սյունիքը, քաղցկեղից մահանում են. Թանդիլյանը՝...

Պարոն Թորոսյան հյուսիսն ու հարավը՝ Լոռին ու Սյունիքը, քաղցկեղից մահանում են. Թանդիլյանը՝ նախարարին

1228
0

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն իր մտահոգությունը հայտնեց այն առնչությամբ, որ  քաղցկեղի դեպքերը Հայաստանում ավելանում են։ Նա, դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ասաց. «Քաղցկեղի հետ կապված ես լրջագույն մտահոգություններ ունեմ։ Դուք նախանձելի հետևողականությամբ քաղցկեղը կապում եք ծխելու, ծխի հետ, սակայն որևէ կապ չեք տեսնում հանքարդյունաբերության, ծանր մետաղների հետ՝ անկախ նրանից, որ բազմաթիվ միջազգային ուսումնասիրություններ են հրապարկվում դրանց կապի մասին։  Պարոն Թորոսյան, մեր հյուսիսն ու հարավը՝ Լոռին ու Սյունիքը, քաղցկեղից մահանում են: Ես որևէ ծրագիր չեմ տեսնում, որ դուք ուսումնասիրություն եք կատարում՝ հաշվի առնելով բազմաթիվ մտահոգիչ թվերն ու վիճակագրությունը, թե ինչ կապ կա քաղցկեղի ու հանքարդյունաբերության միջև: Գոնե գիտականորեն ապացուցեք, որ հետո հասկանանք՝ ինչպես պայքարել դրա դեմ: Հյուսիսում ու հարավում քաղցկեղից մահացածության դեպքերն ահասարսուռ են ուղղակի»։

Արսեն Թորոսյանը նշեց, որ ինքն ամեն ինչը չի կապում ծխելու հետ,  այլ ասում է այն, ինչն ապացուցված է. «Ես չեմ փորձում անել արտահայտություններ, որոնք պարզապես  իմ կարծիքն են: Որքան էլ տարօրինակ է, ազգն իրականում  մահանում է սրտանոթային հիվանդություններից, քանի որ մահացության դեպքերի 50 տոկոսից ավելին բաժին են ընկնում սիրտանոթային հիվանդացություններն են, և մարդիկ հիմնականում դրանից են մահանում»:

Ըստ նախարարի, մահացության ցուցանիշով քաղցկեղը երկրորդ տեղում է։ Նրա խոսքով՝ քաղցկեղն ունի բազմաթիվ ռիսկի գործոններ։

Արսեն Թորոսյանը միաժամանակ ասաց, որ որևէ կաշկանդվածություն չունեն ասելու, որ շրջակա միջավայրի գործոնները կարող են առաջացնել քաղցկեղ և ոչ միայն:

«Ավելին ասեմ, շրջակա միջավայրի գործոնները ավելի շատ ուրիշ հիվանդություններ են առաջացնում, քան քաղցկեղ, չնայած որ քաղցկեղը դրոշակ է դարձել այդ հարցը բարձրացնելու առումով: Օրինակ, օդի աղտոտվածությունից, որոնք առաջանում են ոչ միայն հանքարդյունաբերության, այլև մեքենաների պատճառով,  աշխարհում տարեկան 8 մլն մարդ է մահանում, բայց բարեբախտաբար, մեզ մոտ՝ Հայաստանում օդի աղտոտվածությունն այնքան էլ վատ վիճակում չէ»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է նշված մարզերում ուսումնասիրություններին, նախարարն ասաց, որ դրանք մշտապես արվում են: Ըստ նրա՝  եթե նայում են վիճակագրությանը, Սյունիքում քաղցկեղն առաջին տեղում չէ մահացության մասով. «Լոռին է, որտեղ ամենամեծ բնակավայրերից Վանաձորն է: Այստեղ ոչ մի քիմիական գործարան  չի աշխատում, բայց այդ հիվանդացությունը բարձր է։ Հիմա մենք հետազոտում ենք, որ հասկանանք, թե  ինչու է այդպես», — նշեց նախարարը։

 

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ