Գլխավոր էջ Գլխավոր Մտնում եմ պոլիկլինիկա՝ էնդոկրինոլոգը տեղում չէ, նրան փնտրելով վատնում եմ մոտ երկու...

Մտնում եմ պոլիկլինիկա՝ էնդոկրինոլոգը տեղում չէ, նրան փնտրելով վատնում եմ մոտ երկու ժամ․ Միրզոյան

3539
0

«Մեր առողջապահական համակարգում այսօր կան շատ բացթողումներ, չնայած, որ ունենք հիանալի մասնագետներ»,-Medmedia.am-ի հետ զրույցում «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ Միրզոյանը նշեց, որ այսօր պոլիկլինիկաներում շարունակում են աշխատել ոչ կազմակերպված և ցավոք հերթերից չենք խուսափում։

«Իմ սեփական փորձից ասեմ, հայրիկիս տարել էի պոլիկլինիկա, էնդոկրինոլոգի մոտ, այդպես էլ նրան իր աշխատասենյակում չգտանք, մտնում եմ գլխավորի մոտ, ասում է՝ գնացեք ուրիշ էնդոկրինոլոգի մոտ, մոտենում եմ ուրիշ սենյակ, բժշկուհին ասում է, որ մեր տեղամասայինը չէ ու չի կարող հետազոտել։ Կարելի է ասել մի քանի ժամ վատնել եմ միայն բժշկի որոնման համար»,- նշեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ մեր առողջապահության համակարգում շարունակում է խնդրահարույց մնալ նաև անվճար դեղերի ստացման կարգը պոլիկլինիկաներում, որից ի դեպ բողոքում էր, Medmedia.am-ի զրուցակից Էդուրադ Ասատրյանը․

«Հաշմանդամության երրորդ կարգ ունեմ, ստանում եմ սրտի դեղեր՝ հիսուն տոկոս զեղչով։ Բայց այն աստիճան եմ նյարդայնանում, որ երբեմն գնում եմ դրանք դեղատնից։ Երբ գնում եմ տեղամասային պոլիկլինիկա հերթերն այնքան շատ են, ես սրտի հիվանդ մարդ եմ ու նյարդերս տեղի է տալիս։ Կաբինետից՝ կաբինետ, թղթաբանությունից՝ թղթաբանություն, սպասասրահից՝ սպասասրահ, մինչև որ մի կերպ մի քանի դեղ եմ ստանում։ Ու վիրավորականն այն է, որ այդքան քաշքշուքներից հետո պարզվում է՝ իմ բժշկի նշանակած դեղի փոխարեն, 50 տոկոս զեղչով տալիս են փոխարինողները։ Ես հիվանդ մարդ եմ, ի՞նչ իմանամ այդ փոխարինողներն ինձ կարելի՞ են, թե՝ ոչ»,-նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ ցավոք, ամեն ամիս տեղամասային պոլիկլինիկայից վիճած է տուն վերադառնում։

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Աշոտ  Միրզոյանն էլ հավելեց, որ հիվանդանոցներում միասնական էլեկտրոնային համակրգի ներդրումն էլ ավելի է բարդացրել աշխատանքը։ Ունենք շատ բժիշկներ, ովքեր հիանալի մասնագետներ են, բայց նոր համակարգից անտեղյակ ու հենց այդ պատճառով հիվանդները շատ դեպքերում ժամանակ են վատնում հիվանդասենյակների մուտքերի մոտ։

«Ի դեպ կան խնդիրներ նաև պետպատվերով բուժում ստացող մարդկանց շրջանում, օրինակ՝ սրտի ստենդավորումից հետո տարվա ընթացքում մարդուն պետք է մեկ երկու անգամ անվճար հետազոտեն, եղել են դեպքեր, որ պացիենտը այնքան էլ լավ տեղեկացված չէ իր իրավունքներին ու այդ մեկ կամ երկու ստուգման ժամանակ վճարներ է կատարել»,-նշեց Միրզոյանը։

Նա նաև անդրադարձավ կորոնավիրուսի ընթացքում ստացած զանգերին և ասաց, որ համավարակի սկզբում շատ էին բողոք-զանգերը կապված դիմակների դեֆիցիտի ու գնի հետ։ Մարդիկ չէին կարողանում դիմակ ձեռք բերել, եղածն էլ բավականին թանկ էր։

« Աստիճանաբար խնդիրը կարգավորվեց, բայց քայլերը ուշացած էին։ Սկզբում՝ հիշում եմ, պարտադրվում էր ձեռնոց կրել, սակայն հետո ասացին, որ կարող ենք նաև չկրել։ Քայլերը ուշացած են, իսկ որոշումները փոփոխական,- նշեց մեր զրուցակիցը և ասաց, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը ևս թերություններով է գործում, կան դեպքեր, երբ ընտանեկան բժիշկը անգամ չի հիշում իր մշտական պացիենտի անունը, ազգանունը և տաիքը, ամեն անգամ ճշտումներ է անում, այն դեպքում, երբ բժշկական քարտը սեղանին դրված է։ Միրզոյանի հավաստմամաբ՝ այս ամենը անտարբերության հետևանք է։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ