Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հնդկաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է կես միլիոնի շեմը

Հնդկաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է կես միլիոնի շեմը

538
0

Հնդկաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 18,5 հազար նոր դեպք․ երկրում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է կես միլիոնը՝ հասնելով 508 953-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության հայտարարությանը։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ երկրում հիվանդությունից բուժվում է 197 387, ապաքինվել է 295 880 (մեկ օրում՝ 10 244), մահացել է 15 685 մարդ (մեկ օրում՝ 384)։

Ջոնս Հոփքինս համալսարանի հաշվարկներով՝ Հնդկաստանը աշխարհում վարակակիրների թվով չորրորդ տեղն է զբաղեցնում՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից։

Հայտնի է, որ համավարակի հետևանքով ամենաշատը Մահարաշտրա նահանգն է տուժել, որտեղ գրանցվել է հիվանդության դեպքերի մեկ երրորդը՝ 152 765 (մեկ օրում՝ 5 024)։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում Դելիի մայրաքաղաքային շրջանն է, որտեղ հայտնաբերվել է 77 240 վարակակիր (մեկ օրում՝ 3 460), երրորդ տեղում Թամիլանդ նահանգն է՝ 74 622 հիվանդով (մեկ օրում՝ 3 645)։

Չնայած վարակակիրների թվի աճին՝ ավելի վաղ երկրի իշխանությունները սկսել էին կարանտինային ռեժիմից դուրս բերել այն շրջանները, որտեղ վարակման դեպքերի թվի նվազագույն ցուցանիշ է գրանցվել։

Հունիսի 8-ին մեկնարկած մեկուսացման ռեժիմի թուլացման ծրագրի առաջին փուլում թույլատրվել է վերսկսկել տաճարների, հյուրանոցների, ռեստորանների և առևտրի կենտրոնների գործունեությունը։ Այն վայրերում, որտեղ վարակի տարածման բարձր ցուցանիշ է գրանցվել, կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 30-ը։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 9,9 միլիոն մարդ, որից 496 991-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան, Իրանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ