Գլխավոր էջ Նորություններ Կարիք չկա, որ նախարարն ու նախարարության աշխատակիցները բարձրաձայնեն դեղերի անվանումները կամ էլ...

Կարիք չկա, որ նախարարն ու նախարարության աշխատակիցները բարձրաձայնեն դեղերի անվանումները կամ էլ գովազդեն դրանք

1581
0

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծն է ներկայացվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: Կառավարության անունից այն ներկայացրել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը.

«Մեծածախ դեղերի առևտրով զբաղվող ընկերությունների լիցենզավորման մասին դրույթը կարիք կա փոխելու, սահմանված էր, որ մեծածախով զբաղվողները պետք է առանձնացվեն մանրածախից և առանձին լիցենզավորվեն, սակայն որևէ ընթացք սահմանված չէր, ինչը բարդություն է ստեղծում: 2020թ. հունվարի 15-ից պետք է ուժի մեջ մտնի և´ կարգը, և´ պահանջը, ինչը հնարավորություն չի ստեղծի ստանալու հայտերը՝ ըստ կարգի և որոշակի ժամկետում տրամադրել լիցենզիաները, մենք հստակեցնում ենք, որ լիցենզավորման պահանջն ուժի մեջ կմտնի կարգի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում»,- ասել է Ավանեսյանը:

Այնուհետ փոխնախարարը խոսել է պետության կողմից տրամադրվող պատվաստանյութերի գովազդի անհրաժեշտության մասին, որին հանձնաժողովի «Իմ քայլի» պատգամավորները ընդդիմացել են:
Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է.
«Պետության կողմից փոխհատուցվող դեղերի գովազդի իմաստը ո՞րն է, արդյո՞ք խտրականություն չէ մյուս տնտեսվարողների նկատմամբ և մոնոպոլ դիրքրի չարաշահում չկա»:
Անահիտ Ավանեսյանը արձագանքել է.

«Պատվաստանյութերը չեն գնում դեղատնից, ստանում են պոլիկլինիկաներից, մեր գովազդելու կարիքը չի կարող առաջ գալ, մենք չենք կարող գովազդել պատվաստանյութը, որպեսզի խթանենք վաճառքը, քանի որ ի սկզբանե վաճառք չի նախատեսվում: Լինում են հանրային առողջապահական հարցերի քննարկումներ, Հայաստանը լավ ցուցանիշներ ունի իմունիզացիայի մասով, որը պահպանելու համար իրազեկվածության կարիք ունի, փոփոխությունը չի ենթադրում դեղատնից գնվող դեղորայքի վաճառքի խթանում, ուղղված է լինելու հանրային իրազեկում իրականացնելուն»:
Նարեկ Զեյնալյանը իր հերթին հակադարձեց.

«Կարիք չկա դեղի կամ ֆիրմայի անուն նշել, որպեսզի խրախուսվի դեղի օգտագործումը: Կարելի է քարոզել այս կամ հիվանդության ունեցած վատ ազդեցությունը ու դրա բուժման համար պատվաստման կարևորությունը, սակայն պետք չէ հղում անել կամ գովազդել որևէ դեղամիջոց»:

Պատգամավորներն էլ իրենց հերթին հավելեցին, որ այս ամենը կարելի է սոցիալական գովազդի տրամաբանության մեջ իրականացնել ու կարիք չկա դեղի անուն նշել:
Ավանեսյանը, սակայն, ընդդիմացել է՝ ասելով, որ վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են լսել ամբողջական ինֆորմացիա ոչ թե իմունականխարգելման մասին, այլ դեղերի:
Արձագանքելով՝ Զեյնալյանը նշել է.
«Բնականաբար, պարզ է՝ նախագծի պատճառը որտեղից է գալիս, լավ հասկանում ենք»:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը հավելել է.
«Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բացահայտ լոբբինգ անելու, որի դեպքում որևէ զարգացած երկրում առողջապահության լիազոր մարմինը կունենա շատ լուրջ խնդիրներ, ինչո՞ւ է մեզ պետք դեղատոմսով տրվող չվաճառվող դեղերի մասին խոսել, անուն տալ:
Ես դրա կարիքը իրականում չեմ տեսնում, պետք չի տալ այդ անունը, էստեղ ես տեսնում եմ կոռուպցիոն ռիսկ, տեսնում եմ լոբբինգ, որն ինձ տանում է ուրիշ տեղ: Կարիք չկա, որ նախարարն ու նախարարության աշխատակիցները բարձրաձայնեն դեղերի անվանումները կամ էլ գովազդեն դրանք»

Երկար բանավեճից հետո օրենքի նախագծում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը չընդունվեց, քանի որ այն հանձնաժողովի նախագահի և անդամների պնդմամբ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ