Գլխավոր էջ Գլխավոր Ե՞րբ է օգնում և ե՞րբ է վնասում այդքան համեղ ծիրանը

Ե՞րբ է օգնում և ե՞րբ է վնասում այդքան համեղ ծիրանը

1941
0

Հայկական ծիրան կամ հայկական «ոսկի», որ հասանելի Է ամենքիս: Հատկապես ամռանը դժվար է պատկերացնել հայկական սեղանը առանց ոսկեփայլ ու արևահամ ծիրանի: Միրգը, բացի համեղ և անուշահոտ լինելուց, նաև շատ օգտակար է: MedMedia.am-ը ծիրանի ու դրա կարևորության մասին զրուցել է «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանի հետ: «Կերակրացանկում թարմ ծիրանի, չրի ու մշակված պտուղների կիրառումը բավականին դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա»,-նշեց բժշկուհին ու ստորև շարադրեց մրգի օգտակար հատկությունները։ Ծիրանի 100 գ պտղամիսը պարունակում է 0,95 մգ E վիտամին (1 օրվա պահանջարկը` 15-20 մգ է), 10 մգ C վիտամին (60-90 մգ), 0,7 մգ նիացին, նույն ինքը` PP վիտամին (15-20 մգ), 0,3 մգ B5 (5 մգ), 30 մկգ B1 (1500 մկգ), 60 մկգ B2 (1800 մկգ), 0,27 մկգ բիոտին, նույն ինքը` H (30-100 մկգ), 3 մկգ ֆոլիաթթու (200 մկգ)։ Ծիրանը պարունակում է 2 մկգ կոբալտ, որը կարևոր է B12 վիտամինի (կոբալամին) գոյացման համար (B12-ի օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 2-3 մկգ է)։ Բժշկուհու խոսքով՝ ծրանի սիստեմատիկ օգտագործումը թույլ է տալիս կանխել վահանաձև գեղձի հիվանդությունները։ Ծիրանը պարունակում է նաև պեկտին, որն ունակ է օրգանիզմից հանել տոկսիկ նյութերն ու խոլեստերինը։ «Ծիրանի օգտագործումը չափազանց օգտակար է հղի կանանց ու երեխաների համար. բարելավում է նյութափոխանակությունն ու մարսողությունը, իսկ երկաթի մեծ քանակության շնորհիվ` ծիրանի հյութը լավ ազդեցություն է ունենում արյուն մատակարարող օրգանների վրա»,-ասաց գաստրոէնտերոլոգը: Զրուցակցի պնդմամբ՝ ծիրանը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը, ինչը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։ «Ծիրանը բարենպաստ է ազդում նաև արյան գոյացման գործընթացի վրա, ինչը հատկապես կարևոր է սակավարյունություն ունեցող մարդկանց համար։ Ծիրանի կանոնավոր օգտագործումը օգնում է լավացնել հիշողությունը և ակտիվացնում է գլխուղեղի աշխատանքը»,-տեղեկացրեց նա։ Ծիրանենու հայաստանյան տեսակներից առավել հարգի է «Երևանի (շալախ)» տեսակը, որի պտղի լուսավոր կողմն ունի վարդագույն երանգ. երբեմն մեկ պտղի վրա ի հայտ են գալիս կարմիր-կապտականաչավուն-դեղնավուն երանգները։ Հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցի, քրոնիկ պանկրեատիտի, դիսբակտերիոզի, շաքարային դիաբետի, ճարպակալման և լյարդի հիվանդությունների դեպքում: Ծիրանի թարմ պտուղների օգտագործումը սննդի մեջ կարող է սրել հիվանդության ընթացքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ