Գլխավոր էջ Uncategorized Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզների մեծ մասը

Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզների մեծ մասը

3345
0
Իր ֆեյսբուքյան էջում Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել է. «Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ՝ արդեն հաճախող երեխաները։
Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

Կենտրոն — թիվ

1

Արաբկիր — թիվ 25, թիվ 31
Աջափնյակ — թիվ 47, թիվ 50
Ավան — թիվ 52
Դավթաշեն — թիվ 60, թիվ 62
Էրեբունի — թիվ 64, թիվ 66
Մալաթիա-Սեբաստիա — թիվ 91, թիվ 96
Նոր Նորք — թիվ 100, թիվ 114
Նորք-Մարաշ — թիվ 122
Նուբարաշեն — թիվ 125
Շենգավիթ — թիվ 126, թիվ 139
Քանաքեռ-Զեյթուն — թիվ 162, թիվ 157
Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով՝ ըստ մանկապարտեզների եւ խմբերի»։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակոբ Կարապետյանը նշեց, որ երեխաների՝ բավական ցածր հաճախման հետ կապված՝ մանկապարտեզների մեծ մասը փակելու որոշման նախագիծը պարետատանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանը՝ նշելով այն մանկապարտեզները, որ նպատակահարմար է թողնել բաց: Երեխաներին ընդունող մանկապարտեզները, ըստ Կարապետյանի, ընտրվել են՝ ըստ տեղակայման-դիրքի, ըստ շենքային պայմանների եւ այլ չափանիշների:
Կա՞ն կանխատեսումներ, թե երեխաներից քանիսը կայցելեն, հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Մանկապարտեզները կընդունեն բոլոր այն երեխաներին, որոնց ծնողները կբերեն»:
Մոտավոր թիվ կանխատեսվո՞ւմ է, կատարվե՞լ են հարցումներ, ինչպես նախորդ անգամ: Կարապետյանը հավաստեց. «Կատարվել են հարցումներ ծնողների շրջանում, մինչ այս հաճախում էր երեխաների 5-6 տոկոսը, մոտ 1500-2000 երեխա է: Դա նշանակում է, որ մեր 12 վարչական շրջանների մոտ 20 մանկապարտեզներից յուրաքանչյուրը կհաճախի մոտ 200 երեխա»:
Այն դիտարկմանը՝ ծնողներից շատերը նշում են, որ եթե չլինի իրենց մանկապարտեզը, իրենց դաստիարակը, խումբը, կդժվարանան երեխաներին տանել, Կարապետյանն արձագանքեց. «Շատ ցավում եմ, բայց ծնողներին հիշեցնեմ, որ երկրում համավարակ է, եւ բոլոր կառույցներն ու անհատները իրենց կյանքը հարմարեցնում են համավարակի պայմաններին՝ նպատակ ունենալով համավարակը եւ նրա հետեւանքները հնարավորինս արագ վերացնել: Ես քաղաքապետարանի անունից ներողություն եմ հայցում անհարմարությունների համար՝ կրկին շեշտելով, որ դա կենսական անհրաժեշտությամբ է պայմանավորված»:
Խոսնակը հավելեց՝ պետք է հիշել, որ այս ամենը ժամանակավոր է, իսկ համավարակի հաղթահարումից հետո կվերադառնանք բնականոն վիճակին, սիրելի դաստիարակների մոտ, հարազատ խմբի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ