Գլխավոր էջ Հարցազրույցներ «Հավանաբար ճարահատյալ է թողել վիրահատարանը. միակ պատասխանատուն ՀՔԾ-ն է». Գևորգ Գրիգորյան

«Հավանաբար ճարահատյալ է թողել վիրահատարանը. միակ պատասխանատուն ՀՔԾ-ն է». Գևորգ Գրիգորյան

1828
0

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ հայտարարել էր, որ  ՀՔԾ-ում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրեն ներգրավելով որպես կասկածյալ  հարցաքննության են տարել վիրահատության ընթացքից, հարցաքննությունից հետո կրկին վերադարձել է վիրահատարան: Գրում է 168.am-ը:

Արա Բաբլոյանի այս հայտարարությունից հետո համացանցում շատերն անդրադարձան ՀՔԾ-ի գործողություններին՝ նշելով, որ գոնե բարոյական տեսանկյունից չպետք է Բաբլոյանին վիրահատության ընթացքից տանեին հարցաքննության, քանի որ խոսքը վերաբերում էր մարդու կյանքին, որն այդ պահին կախված էր նրանից։

168.am-ի հետ զրույցում ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ այդ ամենն անթույլատրելի է ու անընդունելի։

«Որպես բժիշկ՝ շատ եմ հարգում Արա Բաբլոյանի գործը, նա եզակի գործ է կատարում, ինչը մեր երկրում շատ քիչ մարդ է անում։ Չեմ կարծում, որ նա այսքան ժամանակ թույլ է տվել կասկածելու, որ կարող է փախչել կամ երկրից բացակայել, որ նման կերպ նրան վիրահատությունից հանել ու տարել են։

Առաջին հերթին՝ սա նախադեպ է, որ ինչ-որ պատճառով բժշկին կարող են կտրել իր պատասխանատու գործից ու տանել: Օրինակ՝ յուրաքանչյուր բժիշկ շատ հանգիստ կարող է իր վիրահատությունը կիսատ թողնել, դուրս գալ ծխել, հաց ուտել, կամ, ասենք, գնալ ընկերուհու տուն, հետո վերադառնալ ու վիրահատությունը շարունակել։ Սա պարտադրաբար արված քայլ էր, որը միանշանակ ողջունելի չէ՝ ինչպես ՀՔԾ-ի քայլերի առումով, այնպես էլ՝ պրոֆեսորի կողմից վիրահատարան լքելը։

Հնարավոր է՝ Արա Բաբլոյանին վիրահատության ժամանակ փոխարինող է եղել, բայց եթե այս հարցին նայում ենք բժշկական էթիկայի տեսանկյունից, ապա վիրահատվողի հարազատները հավանաբար իրենց երեխայի կյանքը վստահել են պրոֆեսորին, ընդ որում՝ դա լյարդի փոխպատվաստում է եղել, և Հայաստանում երկրորդ անգամ է կատարվում: Այնպես չէր, որ դա կույր աղիքի հեռացում էր։ Կարծում եմ՝ վիրահատարանում պրոֆեսորի ներկայությունն անհամեմատ ավելի կարևոր էր, քան ինչ-որ քրեական կամ այլ տեսակի գործում»,- ասաց ուռոլոգը։

Նրա կարծիքով, հավանաբար Արա Բաբլոյանն այլընտրանք չի ունեցել, քան թողնել վիրահատությունն ու գնալ, քանի որ նրա նման վաստակաշատ բժշկից են սովորել, թե ինչ է նշանակում բժշկական էթիկա։

«Հավանաբար նա ճարահատյալ է թողել վիրահատարանը, որի միակ պատասխանատուն ՀՔԾ-ն է։ Բժիշկներս աշխատում ենք որևէ գործ չունենալ օրենքի մարդկանց հետ, բացի նրանց բուժելուց, սակայն, եթե պարտադրում են որևէ բան անել, ապա բժիշկները շատ դեպքերում այդքան իրավագիտակցություն չեն ունենում՝ ասելու, որ իրենց համար առաջնայինը հիվանդն է, այլ ոչ թե՝ ՀՔԾ-ն»,- շեշտեց նա։

Ըստ նրա՝ այս ամենը վերլուծելով՝ սպասում էր, որ Առողջապահության նախարարը, որը էթիկայի կանոնները խախտելով՝ ասում է՝ իբրև էթիկայի կանոնների պահպանման ջատագով է, անդրադարձ կկատարեր և ՀՔԾ-ի գործընկերներին կհորդորեր, որպեսզի չխոչընդոտեին բժիշկների մասնագիտական աշխատանքը։

«Ես կարող եմ ասել, որ մեր պետական ատյաններն ավելի բարձր են գերադասել ինչ-որ քրեական գործ, քան վտանգված կյանքը։

Կարծում եմ՝ Առողջապահության նախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը բավականին լուրջ գործառույթ ունեն այստեղ անելու, քանի որ խախտվել են վիրահատվող երեխայի իրավունքները։

Նման պրակտիկա չի կարելի ներդնել բժշկի առօրյայում։ Հիմա ի՞նչ են առաջարկում, ես էլ վիրահատությունից դուրս գամ, գնամ սուրճ խմեմ, սա՞ է մեր պետության դիրքորոշումը վիրահատվող հիվանդի նկատմամբ»,- եզրափակեց Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ