Գլխավոր էջ Գլխավոր Եթե պատկան մարմինները ճիշտ քաղաքականություն վարեին, մեր ռեսուրսները լրիվ բավարար էին վարակը...

Եթե պատկան մարմինները ճիշտ քաղաքականություն վարեին, մեր ռեսուրսները լրիվ բավարար էին վարակը հաղթահարելու համար․ Կ․ Չիլինգարյան

3274
0

Medmedia.am-ը զրուցել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ և փորձել լսել մասնագետի վերլուծությունները , թե ինչպե՞ս է մեր երկիրը պայքարում համավարակի դեմ, ինչպե՞ս են այլ երկրներում կարողացել հաղթահարել կորոնավիրուսը և ըստ կանխատեսումների ինչ քայլեր պետք է անի Հայաստանը , որպեսզի Covid19-ը հաղթահարելի դառնա մեզ համար։ Ըստ Չիլինգարյանի Հայաստանը կորոնավիրուսի դեմ սկսեց պայքարել շատ պասիվ․ «Նույնիսկ սկզբից արհամարհական մոտեցում էր ցուցաբերվում, ներկայացնելով, որպես գրիպի նման սովորական վիրուս։Սահմանները փակվեցին, երբ արդեն հարևան Վրաստանը առաջինը հայտարարեց սահմանների փակման մասին սույն թվի մարտի 15-ին: Մենք առանց այդ էլ այլ բաց սահմաններ չունեինք պարզ պատճառներով, դե իսկ Իրանն էլ մի քանի օր առաջ էր փակել իր սահմանները՝ համավարակի աննախադեպ բռնկման հետևրանքով»,-նշեց բանախոսը։ Չիլինգարյանը նշեց, որ մեզ մոտ, համեմատած տարածաշջանի մնացած երկրների հետ, ավելի բարվոք վիճակ էր սկզբից, ինչն էլ թուլացրեց մեր իշխանությունների զգոնությունը: Ճիշտ է, որոշ ժամանակ հետո հայտարարվեց արտակարգ իրավիճակ, սակայն պատշաճ վերահսկողություն չիրականացվեց ուժային կառույցների կողմից, ժողովուրդն էլ մատների արանքով էր նայում այդ ամենին, կազմակերպվում էին նշանդրեքներ, ծնունդներ, տարբեր միջոցառումներ, պարետի հրահանգներն անտեսվում էին: «Մինչդեռ հարևան Վրաստանում պարետը (պատրուլը) խիստ վերահսկում էր իրադրությունը, նույնիսկ այնտեղ պարետային ժամ մտցրեցին ժ. 21:00-ից մինչև առավոտյան 6:00, քաղաքային տրանսպորտի աշխատանքի դադարեցման հետ մեկտեղ երկու շաբաթով արգելվեց անձնական մեքենաների շահագործումը: Արդյունքում այնտեղ համավարակի դեմ պայքարը դրական արդյունք տվեց, իսկ մեզ մոտ սկսեց վարակի խորացումը, բացի դրանից՝ մայիս ամսի մոտավորապես կեսերից սկեց աշխատել տրանսպորտը, հետագայում բացվեցին բացօթյա սրճարանները, իսկ վերահսկողությունն ավելի թուլացավ և արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Աշխարհում 1 միլիոն բնակչին հասնող օրեկան վարակվածների թվով հայտնվեցինք առաջատարների թվում»,-ասաց նա: ՀԿ նախագահի գնհատականներով՝ այս իրավիճակի համար շատերը ժողովրդին են մեղադրում, բայց ժողովուրդը ամեն տեղ գրեթե նույնն է․ «Ես չէի ասի որ, ասենք, Վրաստանի ժողովուրդն ավելի գիտակից և օրինապաշտ է, քան մերը: Ուղղակի այնտեղ պատկան մարմիններն ավելի լրջորեն մոտեցան խնդրին, պատշաճ ձևով վերահսկվեց վարակի ընթացքը և ասօր այդ մոտեցումը լավագուններից մեկն է համարվում աշխարհում: Երևի մեզ մոտ միակ ոլորտը, որն աշխատում է իր ուժերից վեր, դա առողջապահական համակարգն է, բժիշկներն անում են ամեն ինչ, նույնիսկ անհնարինը, որպեսզի այս իրավիճակից երկիրը դուրս գա»: Մեր այն հարցին, թե առողջապահական համակարգը մեզ մոտ ինչպես է աշխատում, Չիլինգարյանը նշեց, որ մեր երկրում միշտ ծայրահեղությունից ծայրահեղության են գնում․ «Հիմա էլ պարտադիր նորմ է դարձել փողոցում քայլելիս դիմակ դնել, ինչպես նաև անձնական մեքենաների սրահում, բայց դրա հետ մեկտեղ, գործում են բացօթյա սրճարանները, որտեղ մարդիկ նստած սեղանների շուրջ՝ շփվում են, սուրճ խմում, սնվում: Դա արդեն անհասկանալի մոտեցում է մեր պատկան մարմինների կողմից: Եթե պատկան մարմինները ճիշտ քաղաքականություն վարեին, մեր ռեսուրսները լրիվ բավարար էին վարակը հաղթահարելու համար։ Այժմ արդեն երևի մեզ օգնություն է պետք, ինչն օրինակ, առաջարկում է Վրաստանը»։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պե՞տք էր վերաբացել մանկապարտեզները, ՀԿ նախագահը նշեց, որ նման իրավիճակում մանկապարտեզների վերաբացումը դեռ շուտ էր, քանի որ վարակի տարածման անկում դեռ չի արձանագրվել։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ