Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են

Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են

697
0

Հայաստանի Հանրապետությունում Covid 19-ով վարակված ավելի քան 1000 երեխա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մինչեւ հունիսի 2-ը ներառյալ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 1013 երեխայի մոտ, որից 479-ը` 1-8 տարեկան։ Կավասակի համախտանիշ է հաստատվել մեկ երեխայի մոտ»,– գրված է կայքի հարցման պատասխանում։

Հիշեցնենք` հունիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Կավասակի համախտանիշի դեպք է ախտորոշվել 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն։

Կավասակիի համախտանիշն առաջին անգամ բացահայտել է ճապոնացի մանկաբույժ Տոմիսակու Կավասակին՝ 1967թ-ին։ Բժշկի անունով կոչված անսովոր համախտանիշը գրանցվում է միայն երեխաների մոտ, մեծ մասամբ՝ մինչեւ 5 տարեկան։ Հիվանդությանը բնորոշ է արյունատար անոթների բորբոքումն ու ախտահարումը, որոնց  հետեւանքով կարող են սիրտ-անոթային հիվանդություններ առաջանալ։

Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին

Կավասակիի համախտանիշ ուներ Ջեթ Տրավոլտան՝ հայտնի հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջոն Տրավոլտայի որդին։ Ջեթի մահը մեծ աղմուկ բարձրացրեց։ Երկու տարեկանում Տրավոլտա-կրտսերի մոտ Կավասակիի համախտանիշ էին ախտորոշել։ 2009 թ-ին 16-ամյա պատանին լոգարանում կորցրեց գիտակցությունը, ընկավ եւ վնասվածք ստացավ, որն էլ նրա մահվան պատճառ դարձավ։ Ենթադրվում է, որ Ջեթը կորցրել է գիտակցությունը էպիլեպտիկ նոպայի պատճառով, որը հանդիպում է Կավասակիի համախտանիշով տառապող մարդկանց հետ։

Մինչեւ կորոնավիրուսի համավարակը Կավասակիի համախտանիշի վիճակագրությունը համեմատաբար ցածր էր։ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով՝ համախտանիշն առավել հաճախ հանդիպում էր ասիական երկրներում․ օրինակ՝ Ճապոնիայում տարեկան 26 հազար դեպք էր գրանցվում, ԱՄՆ-ում հիվանդությունը 4200 երեխայի էր ախտահարում։

Կորոնավիրուսի բռնկումը «արթնացրել է» նաեւ Կավասակիի համախտանիշը։ Ըստ «The Lancet» բժշկական ամսագրի՝ եթե համավարակից առաջ եվրոպական երկրներում համախտանիշը հայտնաբերվում էր յուրաքանչյուր 20-րդ երեխայի մոտ, ապա հիմա այդ թիվը 20 անգամ աճել է, եւ հիվանդությունը «որսում է» յուրաքանչյուր հազարերորդ փոքրիկին։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ