Գլխավոր էջ Հարցազրույցներ Շագանակագեղձի բորբոքման բարդությունները գրեթե միշտ բուժվում են վիրահատական միջամտության կիրառմամբ. ուրոլոգ Գևորգ...

Շագանակագեղձի բորբոքման բարդությունները գրեթե միշտ բուժվում են վիրահատական միջամտության կիրառմամբ. ուրոլոգ Գևորգ Գրիգորյան

4591
0

Պրոստատիտի մասին Medmedia-ն զրուցել է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ:

— Ի՞նչ է պրոստատիտը

-Պրոստատիտը կամ շագանակագեղձի բորբոքումը  շագանակագեղձի բորբոքային հիվանդություն է, որի հանդիպելիությունը բավականին ցածր է, սակայն բավականին հաճախ «ախտորոշվում» է զանազան մասնագետների կողմից: Շատ հաճախ շագանակագեղձի բորբոքումը ասոցացվում է տղամարդու սեռական ֆունկցիայի հետ կապված ցանկացած անհասկանալի հիվանդության հետ, սակայն դա իրականությանը չի համապատասխանում:

Բժիշկների միջազգային հանրության կողմից, որպես շագանակագեղձի բորբոքում, դիտարկվում է միայն սուր պրոցեսը, իսկ ժողովրդի շրջանում լայն տարածում ստացած «խրոնիկական պրոստատիտ» եզրույթը և դրան բնորոշ ախտանիշները դիտարկվում են որպես խրոնիկական կոնքային ցավ կամ փոքր կոնքի իշեմիկ հիվանդություն: Այսինքն՝ այն պնդումը, որ սեռական անկարողությունը, միզուկից եղած արտադրությունը, վաղաժամ սերմնաժայթքումը և այլ նման խնդիրները հանդիսանում են «խրոնիկական պրոստատիտի» դրսևորումներ՝  չի համապատասխանում իրականությանը:

Ո՞ր տարիքի տղամարդկանց մոտ է այն հանդիպում

 — Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 40 տարեկանից բարձր հասակում, երբ տղամարդու մոտ սկսվում է շագանակագեղձի չափերի մեծացման պրոցեսի ավելի ինտենսիվ ընթացք, որը առաջացնում է միզարձակության հետ կապված խնդիրներ: Շատ քիչ տոկոս են կազմում ավելի երիտասարդ տարիքային խմբի ներկայացուցիչները, ում մոտ շագանակագեղձի բորբոքումը առաջանում է չբուժված սեռավարակների և միզարձակման տևական խանգարումների դեպքում:

Ինչպե՞ս է արտահայտվում պրոստատիտը

 —Շագանակագեղձի բորբոքումը արտահայտվում է հաճախացած, դժվարացած, քիչ քանակով միզարձակումներով, շեքի և վերցայլային հատվածի ցավով, ջերմության բարձրացմամբ և ընդհանուր թուլությունով: Սակայն, ինչպես նշեցի, շատերը դիմում են բժշկի և ստանում «խրոնիկական պրոստատիտ» ախտորոշումը՝ սեռական թուլության և վաղաժամ սերմնաժայթքման կապակցությամբ: Նման դեպքերում անհրաժեշտ է հետազոտել բուժառուին և հայտնաբերել իրական հիվանդությունը:

Ինչպե՞ս է այն ախտորոշվում

Շագանակագեղձի բորբոքման ախտորոշման դասական մեթոդներից են փոքր կոնքի գերձայնային հետազոտությունը, շագանակագեղձի մատնային քննությունը, մեզի 4-բաժականի քննությունը, ՊՍՀ (պրոստատ-սպեցիֆիկ հակածին կամ PSA):

Սակայն, երբ հիվանդը բարձր ջերմությամբ, ցավերով և թույլ վիճակում դիմում է կլինիկա, միշտ չէ, որ թույլ է տալիս կատարել, օրինակ, շագանակագեղձի մատնային քննություն, կամ միշտ չէ, որ կարողանում է բավարար ժամանակ մեզը միզապարկում պահել, որպեսզի հնարավոր լինի կատարել նշված  4-բաժականի քննությունը, և մենք ստիպված ենք լինում դնել կլինիկական ախտորոշում և սկսել բուժումը: Իսկ եթե հիվանդի մոտ ոչ թե շագանակագեղձի բորբոքում է, այլ «խրոնիկական պրոստատիտ», ապա մենք կատարում ենք պլանային մանրամասն հետազոտություն՝ բուն հիվանդությունը հայտնաբերելու նպատակով:

 Ինչպե՞ս է բուժվում

 — Շագանակագեղձի բորբոքումը բուժվում է ստացիոնար պայմաններում և կախված է հիվանդության ծանրությունից: Բուժումը, հիմնականում սահմանափակվում է հակաբիոտիկոթերապիայով, սակայն բարդացած դեպքերում անհրաժեշտ է լինում վերցայլային միզային խուղակի ստեղծում, որը վիրահատական միջամտություն է:

 Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել

 —Շագանակագեղձի բորբոքումը կարող է շատ լուրջ խնդիրների հանգեցնել, ինչպիսին են շագանակագեղձի աբսցեսս, հարշագանակագեղձային թարախակույտ, ընդհուպ մինչև սեպսիս և մահ: Շագանակագեղձի բորբոքման բարդությունները գրեթե միշտ բուժվում են վիրահատական միջամտության կիրառմամբ:

 Կանխարգելման միջոցները, եթե կան, որո՞նք են

 -Խուսափել սեռավարակներից կամ վարակվելու դեպքում ժամանակին ստանալ բուժում, միզարձակման խանգարումների դեպքում դիմել բժշկի, ունենալ կանոնավոր սեռական կյանք և 40 տարեկանից հետո կանխարգելիչ նպատակով տարեկան մեկ անգամ այցելություն ուրոլոգի մոտ:

Կարո՞ղ է արդյոք պրոստատիտը հանգեցնել անպտղության

 -Ոչ:

 Ի՞նչ ընդհանուր խորհուրդներ կտաք տղամարդկանց

 —Վարել առողջ ապրելակերպ, չունենալ պատահական սեռական կապեր, ժամանակին դիմել բժշկի և նույնիսկ գանգատների բացակայության պարագայում, տարեկան մեկ անգամ այցելել ուրոլոգի մոտ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ