Գլխավոր էջ Նորություններ Մեղադրանք է առաջադրվել «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին...

Մեղադրանք է առաջադրվել «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին

424
0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով անվճար բժշկական եւ սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաեւ ցերեկային ստացիոնար բուժում ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա եւ ավելի ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների կողմից ներկայացված տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձեւի թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն եւ պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝ պետությանը պատճառելով էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154.775.080 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, ֆինանսական գծով փոխտնօրենի հետ պետական միջոց հանդիսացող գումարները յուրացնելու նախնական դիտավորությամբ, 2009թ. սեպտեմբերի 1-ին քաղաքացուն ընկերությունում աշխատանքի է ընդունել որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կետ հանդիսացող ավտոտնակում ավտոտեխսպասարկման աշխատանքներ կատարելու համար աշխատանքի ընդունված քաղաքացին ամեն ամիս որպես վարձավճար վճարվելու է 100 ԱՄՆ դոլար, իսկ որպես ընկերության գրանցված աշխատակցի հասանելիք ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին եւ փոխտնօրենին:

Արդյունքում՝ 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հափշտակվել է որպես աշխատավարձ հաշվարկված առանձնապես խոշոր չափի՝ 4.798.121 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, 2008թ. ապրիլի 1-ին ընկերությունում որպես բանվոր աշխատանքի է ընդունել իր ծանոթին, ով մինչեւ՝ 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, չի հաճախել աշխատանքի, այլ կատարել է ընկերության տնօրենի կողմից հանձնարարված՝ անձնական կարիքների համար նախատեսված աշխատանքներ, ինչի համար ծանոթի անվամբ հաշվարկվել եւ վճարվել է ընդհանուր՝ 4.071.879 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ եւ արձակուրդային հասանելիք գումար՝ այդ կերպ վատնելով պետության կողմից տրամադրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ