Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Փաշինյանը կամ ինքը պետք է վիճակը շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա...

Փաշինյանը կամ ինքը պետք է վիճակը շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա անեն ուրիշները. Չալաբյան

554
0

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը, և այդ կապակցությամբ ներկայացրել է մի քանի փաստ՝ ինչպես է կառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի։ Չալաբյանի գրառումը՝ ստորև․

«Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի եւ դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել մոլի կողմնակիցները շարունակում էին ինձ պատասխանել «թողեք մեր վարչապետը աշխատի, ինքը ջանք ու եռանդ չի խնայում», «հիմա աշխարհում ամենուրեք է դժվար», «բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք», եւ այլ անհեթեթ պնդումներով, չմտածելով հաճախ, որ այդ աղետը մոտենում է իրենցից յուրաքանչյուրի ընտանիքին։

Սակայն երեկ համավակի տարածման եւ կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, «ջանք ու եռանդ» չխնայող վարչապետը հերթական անգամ դրանում մեղադրեց ժողովրդին, մեր հարեւան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ եւ ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը։ Ես այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզապես մի քանի լրացուցիչ փաստ նշել, որպեսզի պարզ լինի, ինչպես է կառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, եւ ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի՝

ա) երեկ Հայաստանում եղել է ռեկորդային քանակությամբ վարակում եւ մահեր։ Երեկ աշխարհում պաշտոնապես վարակվել է 115 հազար մարդ, որոնցից 517-ը՝ Հայաստանում, կամ 0,45%-ը (այն դեպքում, երբ Հայաստանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 0,04%-ը)։ Բկաչության մեկ շնչի հաշվով, Հայաստանում վարակվել է 11 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի միջինը։ Ավելին, երեկ Հայաստանը վարակի տարածման արագությամբ հայտնվել է աշխարհի վատթարագույն երեք երկրների մեջ (մյուս երկուսը Բրազիլիան ու Քաթարն են): Պարզապես չեմ հավատում, որ դա մեր ժողովրդի մեղքով է, եւ աշխարհի մնացած 190 երկրներում համատարած մեզնից գիտակից ժողովուրդներ են ապրում։

բ) Նույնն է վիճակի մահերի մասով։ Երեկ աշխարհում պաշտոնապես համավարակից մահացել է 4469 մարդ, որոնցից 20-ը Հայաստանում, կամ նորից նույն 0,45%-ը, աշխարհի միջին մահացությունից Հայաստանը բարձր է եղել եւս 11 անգամ, իսկ մեկ շնչի հաշվով գերազանցել է ցանկացած այլ երկիր (ներառյալ նույն Բրազիլիան ու Քաթարը): Մեր հարեւան Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է 1 մահ, Հայաստանում՝ 96 մահ։ Տարբերությունը այնքան ցցուն է, որ որեւէ կերպ հնարավոր չի խուսափել հարցից՝ դա վրացիները հայերից այդքա՞ն գիտակից են, թե Հայաստանի կառավարությունն է վրացականից այդքա՞ն անգիտակից։

գ) Հայաստանում երեկ արվել է 1245 թեստ, 517-ը դրական արդյունք է տվել։ Դրական արդյունը կազմում է 41,5%: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի թիվ չկա, ոչ մի տեղ: Ադրբեջանում օրը 10000 թեստ են անում, ու մոտ 200 հիվանդ են հայտաբերում, դրական արդյունքը ընդամենը 2% է, Ռուսաստանում օրը 200 000-ից ավել թեստ են անում, դրական արդյունքը 4% է։ Հայաստանում 40%-ը նշանակում է, որ թեստավորում են միայն հիվանդներին, երբ մարդն արդեն լուրջ ախտանիշներ ունի, իսկ մինչ այդ վարակը անարգել տարածվում է։ Այն, որ թեստավորումը Հայաստանում ձախողված է, կառավարության եւ կոնկրետ առողջապահության նախարարության մեղքն է, որը մինչեւ հիմա չի կարողացել դա կազմակերպել։ Արագ թեստերը միջազգային շուկայում ընդամենը 3-5 դոլար արժեն, օրական 5000 թեստ անելը բոլոր ծախսերով՝ առավելագույնը 100 հազար դոլար, դա կոպեկներ է այն վնասների համեմատ, որը երկիրը օրական կրում է։ Թե ինչու դա չի արվում անհրաժեշտ չափերով, ոչ ոք չի բացատրում, բայց ես համոզված եմ, որ խնդիրը բոլորովին էլ փողի պակասը չի։

դ) վերջինն էլ՝ երեկ «ջանք ու եռանդ չխնայող» վարչապետը հանկարծ հայտնաբերեց, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի բանվորուհիները աշխատանքի են գնում լեփ-լեցուն ավտոբուսով, եւ որոշեց դրա հիման վրա ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնել։ Թե լեփ-լեցուն ավտոբուսների, թե հակահիգենիկ ֆաբրիկաների մասին ես արդեն մի քանի անգամ գրել եմ, դրանք վարակի տարածման ակնհայտ աղբյուր են, հատուկ խելք պետք չի դա հասկանալու համար։ Մինչեւ հիմա դրանք աշխատել են, որովհետեւ կառավարությունը, փոխանակ դրանց սեփականատերերի հետ հակամաճարակային ստանդարտներ մշակի ու խիստ կիրառի, կամ դրանք կոշտ փակել ու սոցիալալական բողոքի ալիք է առաջացրել, կամ էլ ստիպված նորից բացել ու վարակի տարածման ալիք է բարձրացրել։ Իրականում, խելամիտ հակահամաճարակային քայլերի դեպքում, վարակի տարածման հավանականությունը կարելի է առնվազն մի քանի անգամ նվազեցնել առանց հիմնարկները փակելու, բայց դա գիտելիք եւ մեթոդիկ աշխատանք է պահանջում՝ այն, ինչ այս կառավարությանը իր ստեղծման օրից չի բավարարում։

Մի մխիթարանք կա ընդամենը՝ որ վերջապես ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, եւ կարող է էլ ավելի վատանալ։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։ Առողջ եղեք, անփորձանք»:

Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի և դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել…

Geplaatst door Avetik Chalabyan op Dinsdag 2 juni 2020

 

Խմբագրության կարծիքը կարող է չհամապատասխանել գրառում կատարած անձի կարծիքի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ