Գլխավոր էջ Գլխավոր «Հետք»-ի հարցումները՝ «անհեթեթ», «Հրապարակ»-ի նյութը՝ «հերյուրանք»․ ԱՆ խոսնակը՝ Թորոսյանի հետքերով

«Հետք»-ի հարցումները՝ «անհեթեթ», «Հրապարակ»-ի նյութը՝ «հերյուրանք»․ ԱՆ խոսնակը՝ Թորոսյանի հետքերով

2016
0

Վերջերս Առողջապահության նախարարությունում մի նոր ավանդույթ է ձևավորվել՝ տեղադրել այլակարծիք մարդկանց հրապարակումների սքրիններն ու սադրել համացանցում։

Եթե ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն զբաղված է ԱԺ պատգամավորների համացանցային թրոլինգով, ապա նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը զբաղված է լրատվական կայքերի թրոլինգով։

Թվում է, թե երեկ էր Արսեն Թորոսյանը «անհեթեթ» համարում Հետք-ի ուղարկված հարցումները, իսկ այսօր նրա խոսնակը «հերյուրանք» բառով է պիտակավորում Հրապարակ կայքի նյութը՝ «56-ամյա անձին դեղը չեն ներարկել՝ պահելով երիտասարդի համար» վերնագրով։

Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նյութի սքրինը՝ մեղադրելով լրագրողին՝ օբյեկտիվ չլինելու մեջ։ Ըստ նրա հրապարակման՝  հեղինակ Անուշ Դաշտենցը պարտավոր էր զանգել լիազոր մարմին տեղեկությունը ճշտելու համար։

Խոսնակի հրապարակումից անմիջապես հետո սկսվեց թեժ քննարկումը՝ իհարկե «բիսետկային» քննարկումը, որտեղ նյութի պիտակավորումը փոխարինվեց հեղինակի պիտակավորմամբ և վիրավորանքներով։

Հրապարակման մեկնաբանություններում բանավեճ սկսվեց նյութի հեղինակի՝ Անուշ Դաշտենցի և ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի միջև։

Լրագրողը մեղադրեց խոսնակին լրագրողների աշխատանքը խորընդոտելու մեջ՝ նշելով, որ առանց խոսնակի թույլտվության՝  ոչ մի բժիշկ, ոչ մի բուժկենտրոն  չի համաձայնում  տեղեկատվություն տալ լրատվականներին։

MedMedia-ն կապ հաստատեց մամուլի խոսնակի հրապարակման առիթ դարձած լրատվական նյութի հեղինակ, լրագրող Անուշ Դաշտենցի հետ՝ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։

Նա նշեց, որ ԱՆ խոսնակը  խոչընդոտում է լրագրողներին իրենց մասնագիտական գործառույթներն իրականացնելիս։

«Նախ նշեմ, որ այս անգամ խոսնակին զանգելու խնդիր ես չեմ ունեցել, քանի որ նյութիս ձևաչափը հարցազրույց է, իսկ այս դեպքում ես ազատված եմ նման պարտականությունից։ Բայց ողջ խնդիրն էն ա, որ ես չեմ ուզում առողջապահական ոլորտին վերաբերող նյութերի համար միայն խոսնակի մեկնաբանությունն ստանալ։ Երբ ես փորձում եմ զանգահարել որևէ բժշկի, զանգահարել պոլիկլինիկա՝ առաջին ձեռքից, ոչ թե միջնորդավորված  տեղեկատվություն ստանալու նպատակով, ինձ ասում են, որ ես պետք է ստանամ ԱՆ խոսնակից թույլտվություն։ Բոլոր բուժհիմնարկները, որոնք ենթական են Առողջապահության նախարարությանը, անգամ փոխնախարարները ինձ նման պատասխան են տալիս»,- ասում է լրագրող Դաշտենցը։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակահատված իր լրագրողական նյութերի, որոնք վերաբերում էին առողջապահությանը, հուզող հարցերի պատասխանն ստանում էր Լիլիթ Բաբախանյանի (առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ) միջոցով։

«Այն բժիշկները, որոնք տեղյակ չեն Ալինա Նիկողոսյանի, այսպես ասած, չգրված հրամանից և համաձայնում են հարցազրույց տալ, հետո զանգահարում են ինձ ու ասում, որ իրենց մեղմ ասած նախատել եբ, թե ինչու եք առանց նախարարության հետ համաձայնության հարցազրույց տվել»,- իր խոսքն ամփոփեց լրագրողը։

Ծիծաղելի է  նաև «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանի մեկնաբանությունները։ Վերջինս Ան խոսնակի հրապարակումներից ոչ մեկն անուշադրության չի մատնում, անգամ իր «ծանր» աշխատանքային գրաֆիկից կարողանում է ժամանակ տրամադրել՝ խոսնակի հրապարակումները մեկնաբանելու համար։ Դե «իրար օգնենք, որ չհոգնենք» կարգախոսը միշտ է գործում։

Այս զրույցից հետո առավել պարադոքսալ են հնչում Ալինա Նիկողոսյանի խոսքերը և բողոքները։ Վերջինս չի պատասխանում հեռախոսազանգերին, ամենապարզ իսկ հարցերին պատասխան չտալով՝ ասում է դրանք հարցումներով ուղարկել, որոնք այդպես էլ անպատասխան են մնում։ Իսկ այս  ամենից հետո լրագրողներին մեղադրել ոչ ճիշտ տեղեկատվություն տարածելու մեջ, առնվազն ծիծաղելի է հնչում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ