Գլխավոր էջ Գլխավոր «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հարկադիր պարապուրդի անցած բուժանձնակազմն աշխատավարձ չի ստանում․ աշխատակիցները բողոքում...

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հարկադիր պարապուրդի անցած բուժանձնակազմն աշխատավարձ չի ստանում․ աշխատակիցները բողոքում են

6809
0

Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս օրերին շատերն են անցել հարկադիր պարապուրդի։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմը մի մասը նույնպես հարկադիր պարապուրդում է։ ԲԿ-ի բժիշկ-սոնոգրաֆիստ և դուպլեքս հետազոտության մասնագետ Անի Վաթյանն ասում է, որ արդեն երկու ամիս է, ինչ այդ իրավիճակում են։

«Բժշկական կենտրոնի վերապրոֆիլացումից առաջ կես դրույքով էինք աշխատում, դա էլ բավական չէ, պարապուրդի անցնելուց հետո մեզ չեն վճարել։ Ստացել ենք միայն 10-օրյա արձակուրդի աշխատավարձը։ Ես դիմել եմ և վճարովի արձակուրդս երկարացրել մինչև 22 օր։ Ստացվում է, որ ամբողջ տարվա արձակուրդս ես արդեն օգտագործել եմ»,- պատմում է Անին՝ ընդգծելով, որ ինքն ու իր գործընկերները չեն աշխատում, քանի որ մի շարք պատճառներ ունեն։

Նշենք, որ Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողների վճարոման կարգը։ Ըստ այդ հոդվածի 1-ի մասի՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը։ Սակայն միևնույն ժամանակ Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածի 6-րդ մասում առկա է կարգավորում, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին և օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքում սահմանված է, որ գործատուն չի վճարում պարապուրդի անցնելու դեպքում։

Այս իրավիճակում գործատուների մի մասն առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի մի հոդվածով` վճարելով իր աշխատողներին, մի մասն էլ ընդհանրապես չի վճարում` առաջնորդվելով մյուս հոդվածով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմի դեպքում գործատուն առաջնորդվել է հոդվածի 6-րդ մասով՝ վճարելով բուժանձնակազմին միայն արձակուրդի վարձատրությունը։

«Ես հղի եմ, ուստի չեմ կարող աշխատել ռիսկային գոտում, մի մասը վաթսուն անց է, մյուսը քրոնիկ հիվանդ է և այլն։ Սա էլ պատճառ են բերում, որ մեզ չեն կարող աշխատավարձ տալ, քանի որ մենք ինքնակամ ենք հրաժարվել աշխատանքից։ Մինչդեռ մենք հարկադրված ենք հրաժարվել՝ մտածելով հնարավոր հետևանքների մասին»,- նշում է աշխատակիցը։

Նա նշեց, որ այս հարցով դիմել է Առողջապահության նախարարություն, որտեղ բուժանձնակազմին խորհուրդ են տվել խոսել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրենի հետ։

«Ես դիմել եմ մի շարք կառույցների, բայց անարդյունք։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ինձ ասացին, որ չնայած հոդվածում փոփոխություններ են տեղի ունեցել, բայց առայժմ դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում։ Նշեցին, որ 10 օրից նորից իրենց դիմենք, երբ արդեն իրենց լիազորված կլինի այդ գործով զբաղվել։ Բայց տեսչական մարմնից տեղեկացրին նաև, որ ամենայն հավանականությամբ, մեր խնդիրը լուծելիս կառաջնորդվեն հոդվածի 6-րդ մասով»,- ասում է Անի Վաթյանը։

Նրա խոսքով՝ փոխտնօրենի հետ զրույցը նույնպես անարդյունք է եղել, իսկ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ իր և հարկադիր պարապուրդի մատնված այլ աշխատակիցների համար, որոնց թիվը կազմում է շուրջ 70-80%:

Medmedia-ն կապ հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի  մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ ԲԿ-ի վերապրոֆիլավորման ժամանակ բոլոր բուժաշխատողներին առաջարկվել է աշխատանք։

«Եթե բուժաշխատողը ցանկություն չի հայտնել աշխատելու, մերժել է առաջարկը, ապա մնացել է տանը կամ հերթական չվճարվող արձակուրդ է վերցրել։ Առհասարակ պետությունն աջակցում է նման աշխատակիցներին տարբեր ծրագրերի միջոցով և աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների միջոցով՝ մասնավորապես չազատելով աշխատանքից չներկայանալու կամ աշխատանքային պարտականություններից հրաժարվելու պատճառով»,- պարզաբանեց իրավիճակը Ծովինար Խաչատրյանը։

Անի Վաթյանը նշում  է, որ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի սահմանված չափորոշիչներին  չի համապատասխանում, ուստի ծրագրերից աջակցություն ստանալ չի կարողացել։

«Ինչքան պետք է շարունակվի այս իրավիճակն ու անորոշությունը։ Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դեռ երկար է ձգձգվելու, իսկ դա նշանակում է, որ հարկադիր պարապուրդի ավարտը դեռ շատ հեռու է»,- պատմում է Անին՝ նշելով, որ չեն կարող առանց աշխատավարձի և գումարի տանը նստել, չեն կարող իրենց կարիքները հոգալ առանց գումարի։

«Սա միայն իմ խնդիրը չէ, բայց շատերը խուսափում են խոսել։ Իրենց բողոքները հեռախոսազրույցով, իհարկե, հայտնում են, բայց վարանում են խոսել՝ աշխատանքը կորցնելու վախից դրդված։ Շատերը վաթսունն անց են, մտածում են՝ եթե խոսեն, իրենց տարիքը որպես պատճառ առաջ կքաշեն ու կազատեն աշխատանքից»,- գործընկերների մտավախությունն է հայտնում բժիշկ-սոնոգրաֆիստը։

Նրա խոսքով՝ իրեն ալյընտրանքային աշխատանք չի առաջարկվել՝ չնայած, որ ԲԿ-ում դուպլեքս հետազոտության մասնագետ անհարժեշտ է։

«Բժիշկ-սոնոգրաֆիստ անհրաժեշտ չէր, բայց նրանք այլ աշխատանք էլ չեն առաջարկել ոչ ոքի՝ օրինակ ծննդատանը կա դուպլեքս հետազոտության մասնագետի կարիք, բայց ինձ  ոչինչ չեն առաջարկել։ ԲԿ-ում դուպլեքսի մասնագետ երկուսն են, որոնցից մեկը ես եմ և հղիներին հետազոտություն միայն ես եմ անցկացրել»,- ասում է Անին։

Medmedia-ն զրուցեց նաև Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանի հետ՝ պարզելու, թե այս իրավիճակում արդյոք գործատուն պարտավորություն ունի պարապուրդի մատնված աշխատակիցներին աշխատավարձ տալու։ Վերջինս նշեց, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նման խնդիրները շատացել են, իսկ գրասենյակ նման հարցերով առավել շատ են սկսել դիմել։

«Այստեղ կա օրենսդրական թերություն։ Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ սահմանվում է պարապուրդի երկու տեսակ՝ վճարվող և չվճարվող։ Այն դեպքում, երբ գործատուի մեղավորությամբ չէ աշխատակազմը պարապուրդի մատնվել, ապա նա իրավունք ունի չվճարելու։ Սա հենց այդ դեպքերից մեկն է։ Ըստ Պարետի որոշման ռիսկային գոտում աշխատող տարեցները, հղիները կամ քրոնիկ հիվանդություն ունեցողները չպետք է գնան աշխատանքի, իսկ այս դեպքում պարապուրդն արդեն գործատուի մեղքով չէ։ Օրենքն էլ թույլ է տալիս այդ դեպքերում չվճարել աշխատողներին։ Այլ կերպ ասած, ստացվում է, որ աշխատողներին թույլ չի տրվում աշխատել, բայց չեն էլ վարձատրում։ Սա միանշանակ օրենսդրական թերություն է, բայց քանի դեռ այդ թերությունը չի շտկվել, գործատուն կարող է չվճարել աշխատողին»,- պարզաբանեց իրավաբան Նարինյանը։

Նա ընդգծեց, որ մասնավորապես պետք է կարգավորվի և սահմանվի, թե այն պարագայում, երբ պարապուրդը ո՛չ գործատուի մեղքով է, և ո՛չ էլ աշխատողի մեղավորությամբ՝ ինչպես պետք է իրականացվի վճարման կարգը։ Իսկ այս թերությունը դեռևս շտկված չէ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ