Գլխավոր էջ Գլխավոր Ֆարինգիտ՝ ըմպանի հետին պատի բորբոքում

Ֆարինգիտ՝ ըմպանի հետին պատի բորբոքում

9804
0

Ըմպանաբորբը կամ Ֆարինգիտն այն հիվանդություններից է, որը կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին: Այն հանդիպում է հիմնականում միջինից բարձր տարիքի մարդկանց շրջանում: Այս հիվանդությունն անհանգստացնում է հատկապես մասնագիտության բերումով հաճախ կամ տևական ժամանակ խոսող անձանց՝ ուսուցիչներին, դասախոսներին, հաղորդավարներին, դերասաններին և այլն: Այս թեմայով Medmedia.am-ի թղթակիցը զրուցել է «Աստղիկ» ԲԿ-ի  օտորինոլարինգոլոգ Ալլա Համբարձումյանի հետ։

«Ֆարինգիտը ըմպանի լորձաթաղանթի բորբոքումն է։ Այն լինում է սուր և քրոնիկական։ Ըմպանը բաժանում ենք երեք մասերի՝ վերին՝ քթըմպան, միջին ՝ բերանըմպան և ստորին՝ կոկորդըմպան: Համապատասխանաբար կարող է դիտվել նշված մասերի լորձաթաղանթի բորբոքում: Քթըմպանի բորբոքումը սովորաբար զարգանում է  քթի խոռոչից վարակի անցման կամ ըմպանի ստորադիր  հատվածներից վարակի տարածման արդյունքում, ինչպես նաև վարակը կարող է ծագել հենց քթըմպանում: Քթըմպանի սուր բորբոքումը առավել հաճախ զարգանում է երեխաների շրջանում՝ պայմանավորված նրանց մոտ ադենոիդ հյուսվածքի գերաճի և բորբոքման։ Պատճառ կարող են հանդիսանալ նաև մանկական ինֆեկցիոն հիվանդությունները, օրինակ՝ կարմրուկը, քութեշը և այլն»,- ասաց նա։

Բժշկուհու խոսքով պացիենտները քթըմպանի բորբոքման ժամանակ հիմնականում գանգատվում են քթըմպանում ծակծկոցի, այրոցի զգացումից, երբեմն քթըմպանից դեպի բերանըմպան իջնող արտադրությունից, կարող են դիտվել ցավեր ծոծրակային շրջանում և ռնգախոսություն՝ հատկապես երեխաների շրջանում։

Բերանըմպանի բորբոքումը հաճախ հանդիպում է քթի խոռոչից վարակի վարընթաց տարածման,նշիկների բորբոքման, բերանի խոռոչում բորբոքային օջախի առկայության պարագայում: Հիվանդության զարգացման գործում մեծ դեր են խաղում օդի աղտոտվածությունը, ծխելը, գրգռող սննդի օգտագործումը, տեղային գերսառեցումը: Պացիենտները հիմնականում գանգատվում են ըմպանում քերոցի, չորության անախորժ զգացողությունից, կլման ակտի ցավոտությունից:

«Սուր ֆարինգիտի առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներից են վիրուսային հիվանդությունները, ապա բակտերիալ, ֆիզիկական ու քիմիական  գործոնները։

Քրոնիկական ֆարինգիտները հիմնականում դիտվում են ըմպանի լորձաթաղանթի վրա  վնասակար ազդակների երկարատև ներգործության արդյունքում, քթի և հարքթային ծոցերի, բկանցքի քրոնիկ բորբոքումների առկայության դեպքում, տեղային անոթսեղմիչների երկարատև կիրառման, ծխելու, ալկոհոլի չարաշահման, ախտոտված միջավայրում աշխատելու պարգայում և այլն»,- պարզաբանում է օտորինոլարինգոլոգը։ Խրոնիկական ֆարինգիտների առաջացման գործում մեծ տեղ ունեն նաև կարիետիկ ատամների առկայությունը, մարսողական տրակտի հիվանդությունները՝ խրոնիկ գաստրիտները, ռեֆլյուքս էզոֆագիտը: Նման դեպքերում, պատճառը հայտանբերելուց հետո, հիվանդին խորհուրդ է տրվում դիմել ստոմատոլոգի կամ գաստրոէնտերոլոգի:

Ըմպանաբոորբերը սովորաբար բուժվում են կոնսերվատիվ եղանակով՝ օգտագործելով տեղային հակաբորբոքային, հակասեպտիկ լուծույթներ, ողողումներ, ինհալյացիաներ, չգրգռող սննդակարգ, ծխախոտի և այլ վնասակար պատճառական գործոնների  բացառում: Խրոնիկ ֆարինգիտների դեպքում կիրառվում է նաև լազերային և կրիոթերապիան: Երբեմն բուժման նպատակով անհրաժեշտ է լինում  վիրահատական միջամտություն՝ քթի և հարքթային ծոցերի խրոնիկ հիվանդությունների, խրոնիկ ադենոտոնզիլիտների բուժման նպատակով:

«Հատկապես հիմա, երբ կա կորոնավիրուսային հիվանդության տարածում,  ֆարինգիտին բնորոշ  ըմպանի քերոցը, թույլ ցավը կարող է լինել միակ ախտանիշը հիվանդի մոտ ՝ առանց ջերմության բարձրացման և այլ նախանշանների։ Այս պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել վիտամիններով հարուստ առավելապես առողջ սնունդ՝ միրգ, բանջարեղեն, մեծ ծավալով հեղուկներ, ողողումներ՝ թույլ աղային լուծույթներով, հիմնային լուծույթներով ինհալյացիաներ, վիտամին D, վիտամին C, Ցինկ, Սելեն: Այս միջոցները, ըստ արտասահմանյան  հետազոտությունների,  օգնում են թեթև տանել կորոնավիրուսի վարակը, երբեմն ճչրևւ նույնիսկ ասիմպտոմ»,- ամփոփեց Ալլա Համբարձումյանը։

Մարինե Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ