Գլխավոր էջ Նորություններ Մնում է հուսալ, որ վարչապետը չի ասելու՝ չեմ հիշում, որ դիմակ կրելու...

Մնում է հուսալ, որ վարչապետը չի ասելու՝ չեմ հիշում, որ դիմակ կրելու կոչ եմ արել

1365
0
Կորոնավիրուսի դեմ պայքարում բացահայտ ձախողումից հետո նույնիսկ ներկա իշխանությունները շարունակում են թույլ սխալներ, որոնք մեծ արձագանք են ստանում հանրության շրջանում։ Արձագանք՝ վատ առումով։ Նման բացթողման ամենաթարմ օրինակներից մեկը թերևս նախորդ օրը հրապարակված լուսանկարն է, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է խնջույքի։ Նկարում պարզ երևում է, որ խնջույքին ներկա գտնվողներից և ոչ մեկը չի պահպանում սոցիալական հեռավորությունը, չի կրում դիմակ։
Այս առթիվ մարդիկ քննադատում են, թե իշխանությունը բոլորին հորդորում է, նույնիսկ տուգանում, որ սոցիալական հեռավորություն պահպանեն, պարտադիր դիմակներ կրեն, սակայն իրենք դրա համար օրինակ չեն ծառայում։

Հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ երևույթին արագ արձագանքեցին պետական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում  նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով  մասնավորապես ասել է․
«Ես համարում եմ, որ սոցիալական հեռավորությունը պետք է պահպանվի ամեն տեղ ու ամենուր: Մենք՝ բոլորս, պետք է օրինակ ծառայենք այդ առումով՝ առանց բացառության»։
Միևնույն ժամանակ վարչապետի մամուլի խոսնակը, պարզաբանելով նկարն ու տեղի ունեցածը, ասել է, որ դիմակ չկրելու պատճառը եղել է այն, որ այդ պահին բոլորը սնունդ են ընդունում։
Ստացվում է, որ վարակի տարածման առաջին շրջանում, երբ կառավարությունը պարտավոր էր լրջորեն կազմակերպել  վարակի տարածման կանխարգելումը, անլուրջ ու կատակաշատ ցինիզմով ձախողեց ամեն բան։ Իսկ այժմ ամենօրյա կոչերը դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու սկսվում են ֆեյսբուքյան լայվերով ու վերջանում խնջույքի սեղանի շուրջ՝ առանց դիմակի ու սոցիալական հեռավորության։ Անլրջությանը եկել է փոխարինելու անպատասխանատվությունը։

Վերջում մնում է հուսալ, որ վարչապետը չի ասելու՝ չեմ հիշում, որ դիմակ կրելու կոչ եմ արել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ