Գլխավոր էջ Գլխավոր Հազ՝ պատճառներն ու բուժումը մանկաբույժի դիտակետում

Հազ՝ պատճառներն ու բուժումը մանկաբույժի դիտակետում

5261
0

Հազը հանդիսանում է շնչուղիները օտար մարմիններից և սեփական արտազատուկների գերքանակներից  պաշտպանող ամենաօգտակար ռեֆլեֆսներից մեկը: Տարբերակում ենք հազի հետևյալ տեսակները.

  • Չոր հազ՝ երբ հազը չի ուղեկցվում խորխի արտազատմամբ:
  • Թաց հազ՝ երբ հազը ուղեկցվում է խորխի արտազատմամբ:

Երևույթի մասին MedMedia.am-ը զրուցել է Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, բ.գ.թ Մարի Դարակչյանի հետ:  

«Հազի պատճառ կարող են լինել շնչուղիների և թոքերի ինֆեկցիաները, շնչուղիներում օտար մարմնի առկայությունը, թոքերի քրոնիկական հիվանդություններ՝ ասթմա, մուկովիսցիդոզ և այլն, ի վերջո կա նաև սովորույթային հազ»,-ասաց բժշկուհին:

Մարի Դարակչյնաի խոսքով՝ եթե երեխան հազում է ապա անպայման պետք է դիմել բժշկի երբ.  

— Երեխան փոքր է չորս ամսականից

— Հազը սկսվել է սննդով կամ այլ իրով խեղդվելու էպիզոդից հետո. (Անգամ եթե անցել է որոշ ժամանակ)

— Եթե հազը ուղեկցվում է աղմկոտ շնչառությամբ, արագաշնչությամբ, տնքոցներով, կապտությամբ, դժվարաշնչությամբ կամ հևոցով:

— Հազը ուղեկցվում է արյունային, դեղին կամ կանաչ խորխի արտազատմամբ:

— Հրաժարվում է խմելուց և ունի վարքագծի փոփոխություն:

— Հազը տևում է ավելի քան երկու շաբաթ:

— Հազը ավարտվում է փսխումով:

«Երեխային օգնելու համար անհրաժեշտ է խմեցնել առատ հեղուկներ: Խոնավացնել սենյակը՝ օգտագործելով խոնավացուցիչ: Կարելի է նստել երեխայի հետ լոգարանում՝ բաց թողնված տաք ջրի միջոցով բարձր խոնավություն ստեղծելով», -մանրամասնեց զրուցակիցս:

Խոսելով չի կարելիներից, մանկաբույժն առանձնացրեց.

— Չի կարելի տալ դեղատնից գնված հազի դեմ դեղորայքներ: Վերջիններս կարող են էլ ավելի վատացնել երեխայի վիճակը:

-Չի կարելի տալ հակաբիոտիկներ՝ առանց բժշկի նշանակման:

— Չի կարելի տալ ասպիրի տասնութ տարեկանից փոքր երեխաներին:

Ինչ վերաբերում է բուժմանը, Մարի Դարակչյանը նշեց, որ ցանկացած տեսակի հազ բուժելի է բացառապես բժշկի կողմից, ով յուրաքանչյուր դեպքին հատուկ ընտրում է արդյունավետ տարբերակ: «Բոլոր դեպքերում ինքնաբուժումը հղի է վտանգներով, անցանկալի, երբեմն նաև անդառնալի հետևանքներով»,-եզրափակեց մանկաբույժը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ