Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ է թույլատրելի մանկապարտեզ հաճախել, իսկ դպրոց՝ ոչ․ պարզաբանում է մանկաբույժը

Ինչու՞ է թույլատրելի մանկապարտեզ հաճախել, իսկ դպրոց՝ ոչ․ պարզաբանում է մանկաբույժը

4854
0

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) ախտանիշները երեխաների և մեծահասակների շրջանում նույնատիպ են։ Սակայն, երեխաների շրջանում հիվանդությունը սովորաբար ավելի թեթև ընթացք է ունենում։ Մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի խոսքով երեխան կարող է ունենալ շնչառական վարակի նշաններ, օրինակ՝ ջերմության բարձրացում, քթից հոսք, հազ։ Երբեմն նաև դիտվում է փսխումներ, կղանքի հաճախացում։

«Ներկայումս, տարբեր երկրներում երեխաների շրջանում արձանագրվել է այսպես կոչված Բազմաօրգանային Բորբոքային Համախտանիշը (Կավասակի կամ Կավասակիանման համախտանիշ), որի ժամանակ բորբոքման մեջ ընդգրկվում են տարբեր օրգաններ և համակարգեր, ինչպիսիք են սիրտը, թոքերը, երիկամները, գլխուղեղը, աչքերը, մաշկը կամ ստամոքս աղիքային համակարգը։ Ընդ որում, նշված համախտանիշով երեխաները ունեցել են կորոնավիրուսային վարակի հաստատում, կամ շփում հասկատված կորոնավիրուսային վարակով անձի հետ»,- պարզաբանում է մանկաբույժը։

Մասնագետի խոսքով այս համախտանիշն ունենում է ծանր ընթացք,պահանջում է հիվանդանոցային բուժում և հատուկ դեղամիջոցների օգտագործում։

Հարցին թե՝  կորոնավիրուսնային համավարակի պայմաններում ինչու՞ է թույլատրելի մանկապարտեզ հաճախել, իսկ օրինակ դպրոց՝ ոչ, բժշկուհին պատասխանում է․

«Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար կարևոր է շփումների սահմանափակումը, սոցիալական հեռավորության պահպանումը։ Մանկապարտեզահասակ երեխաները, սովորաբար մանկապարտեզից դուրս  ավելի քիչ են շփումներ ունենում, հետևաբար վարակվելու և վարակը տարածելու հավանականությունը ավելի  քիչ է։ Բացի այդ, մանկապարտեզ հաճախող երեխաների ուսուցման հեռավար կազմակերպումը դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին, պայմանավորված երեխաների տարիքով։

Նրա խոսքով երեխաներին կարելի է պաշտպանել՝ սովորեցնելով հետևել բոլոր կանխարգելիչ գործողություններին

  • շնչառական վարակի կամ ցանկացած հիվանդության կասկածի դեպքում մնալ տանը,
  • հազի և փռշտալու ժամանակ պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի օճառով լվացվել, առնվազն 20 վայրկյան տևողությամբ, մասնավորապես քիթը մաքրելուց, հազից, փռշտոցից, զուգարանից օգտվելուց հետո, ուտելուց և սնունդ պատրաստեցուց առաջ
  • եթե ջուրը և օճառը հասանելի չեն, ապա ախտահանել ձեռքերը 60% սպիրտի հիմքով ախտահանիչով։
  • մաքրել և ախտահանել մակերեսները (սեղան, բռնակներ, կախիչներ, լույսերի անջատիչները), որոնց հաճախակի դիպչում եք։

Մանկաբույժը շեշտում է, որ 2 տարեկանից մեծ երեխաները, երբ գտնվում են փակ տարածքներում, պետք է կրեն դիմակ կամ որևէ պաշտպանիչ կտորե շարֆ, որը կպաշտպանի նրանց քիթը և բերանը։ Մինչդեռ մինչև 2 տարեկան երեխաներին չի կարելի դիմակ կրել կամ կտորով փակել քիթը և բերանը, քանի որ կա խեղդվելու վտանգ։

«Երեխաների համար չկա որևէ հատուկ սննդակարգ կամ վիտամինային հավելում, որը կարող է կանխել վիրուսային վարակի առաջացումը։ Խորհուրդ է տրվում, անկախ համավարակից, հետևել, որպեսզի երեխայի սննդակարգը լինի առողջ և համապատասխանի տարիքին»,- մանրամասնում է մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը։

Նշենք, որ կորոնավիրուսային վարակի դեմ յուրահատուկ բուժում ներկայումս չկա։ Մեծահասակների շրջանում վարակի դեմ բուժման մեջ կիրառվում են հակավիրուսային, իմուն համակարգը «թուլացնող» դեղամիջոցներ։ Միջազգային բժշկագիտական հանրություն այսօր ինտենսիվ աշխատանքներ է տանում   կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար, որպեսզի վարակի տարածումը կանխվի։

Մարինե Երեմյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ