Գլխավոր էջ Uncategorized Առողջապահության նախարարին տալիս էի իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ. Արմեն...

Առողջապահության նախարարին տալիս էի իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ. Արմեն Սարգսյան

1092
0

Կորոնավիրուսը դեռեւս չի հաղթահարվել եւ, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ: Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն:

Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված քայլերին, նախագահն ասել է, որ միշտ էլ կհասցնենք գնահատել , թե աշխարհը, մեր կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրն ինչ արեց, ինչպես արեց: «Բայց, կարծում եմ, շատ էական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն այսօր նաեւ մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել»,- նշել է նախագահ Սարգսյանը:

«Եվ այդ իմաստով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր փոքր ներդրումը փորձում է բերել այս գործին: Նախ եւ առաջ, առաջին օրվանից սկսած ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր եւ՛ բարձրաստիճան պաշտոնյաների, եւ՛ նախագահների, եւ՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով. նախ եւ առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, եւ ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել:

Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները եւ այն, ինչ սովորել եմ:

Միաժամանակ, խոսելով տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչ-որ ձեւով իրենց աջակցությունն էի խնդրում, որովհետեւ մենք, մանավանդ առաջին ամիսներին, մեծ կարիք ունեինք պաշտպանական գործիքների՝ սկսած դիմակներից, ձեռնոցներից»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Որպես արագ եւ օգտակար արձագանքի օրինակ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարը մի ամբողջ օդանավ է ուղարկել, որի բերած բեռի մեջ, օրինակ, միայն 500 հազար հատ բազմակի օգտագործման ձեռնոցներ էին: «Կամ՝ ՀՀ կառավարությունը Չինաստանից գնել էր որոշակի քանակությամբ դեղորայք, միաժամանակ, Չինաստանի նախագահը մեր անձնական շփման արդյունքում մեծ քանակությամբ նվերներ ուղարկեց՝ բժշկական պարագաներ,-ասել է Հանրապետության նախագահը:- Եվ հիմա նվերների մի մասը՝ սկսած մի քանի տասնյակ հազար դիմակներից, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի, օրինակ, ծերանոցներին, կամ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ