Գլխավոր էջ Գլխավոր Ատամնաքարերը կարող են ատամի կորստի պատճառ դառնալ

Ատամնաքարերը կարող են ատամի կորստի պատճառ դառնալ

5326
0

Ատամնաքարը խիստ հանքայնացված նստվածք է, որը շրջապատում է ատամի վզիկային հատվածն ամբողջովին: Կան դեպքեր երբ դրանց հաստությունը և բարձրությունը հասնում է ատամի ծամող մակարդակին: Իսկ որքանո՞վ է ատամնաքարը վտանգավոր, կամ ո՞րն է դրա առաջացման պատճառը MedMedia.am-ը պարզել է բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Ղահրամանյանից: 

«Ատամնաքարը տեղակայվում է ինչպես վերլնդային, այնպես էլ ներլնդային տարածությունում, որը ժամանակի ընթացքում բերում է շուրջատամնային հյուսվածքի բորբոքման, վնասում ատամի կապանային համակարգը, ի վերջո, հանգեցնում ատամի կամ ատամնաշարի կորստին»,- մանրամասնեց ատամնաբույժն ու հավելեց, որ ատամնաքարը օրգանական և անօրգանական նյութերից կազմված կարծր նստվածք է՝ անօրգանական նյութերց՝ Ca, իսկ օրգանական նյութերից՝ միկրոօրգանիզմներ: Դավիթ Ղահրամանյանի խոսքով՝ ոչ լիարժեք հիգիենայի դեպքում ատամնաշարի վրա առաջանում է նստվածք՝ ատամնափառ, որը թքի մեջ եղած Ca-ի և մեր օգտագործած սննդամթերքի մեջ եղած հանքային աղերի հաշվին կարծրանում է՝ առաջացնելով ատամաթիթեղիկ, այնուհետև՝ ատամնաքար, որոնք ունեն բաց դեղնավուն երանգավորում, և որոնք սննդամթերքի մեջ եղած ներկանյութերի, նիկոտինի, սուրճի հաշվին մգանում, դառնում են մուգ շագանակագույն:

«Ատամնաքարը հիմնականում առաջանում է, երբ մարդիկ չեն հետևում բերանի խոռոչի հիգիենային, եթե ատամները չեն մաքրում օրական 1-2 անգամ կամ դա արվում է ընդհատումներով, ատամների մաքրման տեխնիկան ճիշտ չի պահպանվում, մաքրում են միակողմանի, երբ մարդիկ հրաժարվում են կոշտ սննդից և մշտական փափուկ սնունդ են օգտագործում, ատամները ոչ լիարժեք են օգտագործվում»,- նշեց բժիշկը:

Մասնագետի խոսքով՝ սկզբում ատամնաքարերը տեղակայվում են ատամի վզիկային հատվածում, այնուհետև՝ հարստանալով միկրոօրգանիզմներով, սեղմում են լնդին, արդյունքում  առաջացնում են բորբոքում՝ լնդաբորբ, հետագայում ատամնաքարերը սկսում են ավելի մեծանալ և խորանալ շուրջատամնային հյուսվածքի մեջ` առաջացնելով ախտաբանական լնդագրպանիկ, որտեղ շարունակում է զարգանալ բորբոքային գործընթաց, ինչը վնասում է ատամներին շրջապատող առողջ պարoդոնտը: Լնդերից արյունահոսությունն, ըստ Դավիթ Ղահրամանյանի ահազանգ է ատամնաքարերի մասին:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ