Ոչ ուղիղ ատամնաշարը և սխալ կծվացքը վաղուց արդեն շտկելի են: Օրթոդոնտիկ խնդիրների լուծումների ցանկում ատամների բրեկետ -համակարգը զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Իր ստեղծման օրից բրեկետ-համակարգը ենթարկվում է էվոլուցիայի. եթե սկզբնական շրջանում գոյություն են ունեցել միայն մետաղյա և չափազանց անհարմար բրեկետներ , ապա այսօր համակարգի տարբեր տեսակներ կան: Այս թեմայի մասին Medmedia.am- ի թղթակիցը զրուցել է բժիշկ-ստամատոլոգ, օրթոդոնտ, իմպլանտոլոգ Դավիթ Մանուկյանի հետ:
– Բժի´շկ, Մանուկյան, ե՞րբ է պարտադիր դառնում բրեկետ–համակարգով բուժում իրականացնելը:
– Բրեկետ-համակարգով բուժումը հիմնականում իրականացվում է էսթետիկ խնդիրների դեպքում: Շատ դեպքերում, երբ առկա են լինում ֆունկցիոնալ խանգարումներ, օրթոդոնտիկ բուժումը բրեկետ-համակարգի միջոցով պարտադիր է դառնում: Ֆունկցիոնալ խնդիրների առկայության դեպքում պետք է ավելի վաղ տարիքում սկսել բուժումը: Դա սկսվում է օրթոդոնտիկ ապարատների հատուկ սարքավորումների միջոցով,որովհետև բրեկետ -համակարգի տեղադրումը կատարվում է միայն մշտական ատամների տարիքային ցենզում:
– Նու՞յնն է արդյոք բրեկետ –համակարգերի բոլոր տեսակների արդյունավետությունը: Ո՞րն է դրանց տարբերությունը:
– Ինչպես գիտենք բրեկետների շատ տեսակներ կան: Օրինակ `կան ստանդարտ և ինքնակապվող բրեկետներ: Տարբերությունն իրենց աշխատանքային մեխանիզմն է: Ինքնակապվողներն աշխատում են ավելի ստաբիլ և պասիվ բուժելով, պացիենտներն ավելի ուշ-ուշ են այցելում բժշկին: Սրանց ընտրությունը կախված է նրանից, թե տվյալ պացիենտի մոտ ինչ խնդիր է առկա, ուստի բոլոր տեսակներն էլ ունեն իրենց արդյունավետությունը:
– Ինչպիսի՞ բարդություններ կարող է առաջ բերել բրեկետ–համակարգը:
– Բրեկետ -համակարգի այսպես ասած բարդությունը առաջին հերթին հիգենիայի դժվարացումն է: Դրա համար պացիենտները ստանում են հիգենիկ միջոցների հատուկ հավաքածու: Հետևողական լինելու դեպքում այլ բարդություններ չեն լինի: Իսկ այդ հետևողականությունը ոչ միայն բժշկի, այլև պացիենտի պարտականությունն է:
– Բրեկետ–համակարգը հանելուց հետո անհրաժե՞շտ է որոշ ժամանակ մնալ բժշկի հսկողության տակ:
– Կա բրեկետ-համակարգով բուժման 2 փուլ՝ ակտիվ, երբ ուղղվում է ատամնաշարը, և պասիվ` ռետենցիոն փուլ: Պացիենտներն այս շրջանում կրում են ռետեյներներ, սրանք լինում են ֆիքսված և չֆիքսված: Պասիվ փուլում, կարելի է ասել`պահվում է ակտիվ փուլում ստացված արդյունքը: Սա շատ կարևոր շրջան է: Այսինքն՝ բրեկետ-համակարգերը հանելուց հետո պացիենտները պետք է շարունակեն բուժման ընթացքը և այցելությունները բժշկի մոտ, պարզապես արդեն մեծ ինտերվալներով: Սա բուժման անբաժան մասն է:
Բժիշկ Մանուկյանն իր պացիենտներին մաղթում է առողջություն և գեղեցիկ ու լայն ժպիտ:
Նյութի հեղինակ՝ Տաթև Ալիխանյան