Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել

Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել

713
0

Պատվաստումից հետո Ձեր երեխային անհրաժեշտ է ավելի շատ սեր, խնամք և հոգատարություն: Որոշ պատվաստումներ, որոնք պաշտպանում են երեխային ծանր հիվանդություններից, կարող են առաջացնել ժամանակավոր անհանգստություն: Այստեղ այն հարցերի պատասխաններն են, որոնք հաճախ առաջանում են ծնողների մոտ երեխաների պատվաստումից հետո:

Պատվաստումները կարող են լինել ցավոտ, բայց չպետք է մոռանալ, որ հիվանդությունն ավելի մեծ վնաս և ցավ է առաջացնում:

Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել Ձեր բժշկին, եթե դրական եք պատասխանել ստորև նշված որևէ հարցի.

  • Ձեր երեխայի ջերմությունը բարձր է, որն ըստ բժշկի ցուցումների անհանգստացնող է,
  • Ձեր երեխան գունատ է, թորշոմած և թույլ,
  • Ձեր երեխան անընդհատ լացում է՝ 3 ժամ և ավելի,
  • Ձեր երեխան դողում է, վեր է թռչում կամ ցնցվում է,
  • Ձեր երեխան նկատելի պասիվ է, թույլ է արձագանքում շրջապատին:

Ի՞նչ անել, եթե երեխան անհանգիստ է.

Եթե երեխան ջերմություն ունի, որն անհանգստացնող է կամ Ձեզ մոտ առաջացել են հարցեր՝ զանգահարեք Ձեր բժշկին:

Ջերմությունն օրգանիզմի պատասխան ռեակցիան է պատվաստման կամ վարակի նկատմամբ: Այն պաշտպանական ռեակցիա է, ջերմության բարձրացման դեպքում օրգանիզմում արտադրվում են պաշտպանիչ գործոններ:

Ե՞րբ և ինչպե՞ս իջեցնել երեխայի ջերմությունը.

Ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 38,5°C է և բարձր ու երեխան անհանգիստ է: Ջերմիջեցնող դեղորայքը նշանակվում է բժշկի կողմից երեխայի քաշին կամ տարիքին համապատասխան դեղաչափով:

Ջերմությունն իջեցնելու համար Դուք կարող եք ձեռնարկել որոշակի միջոցառումներ.

  • Երեխային հաճախ կերակրեք, տվեք հեղուկներ, եթե երեխան ավելի մեծ տարիքի է:
  • Թեթև հագցրեք, մի ծածկեք և մի փաթաթեք:
  • Երեխային տվեք ջերմիջեցնող կամ ցավազրկող՝ ըստ երեխայի քաշի կամ բժշկի խորհրդի:
  • Մեկ ժամ անց նորից չափեք ջերմությունը: Եթե դուք հարցեր ունեք, զանգահարեք բժշկին:

Չի կարելի՝

  • Ջերմող երեխայի մարմնին հպել սառը իրեր: Դա կնպաստի մաշկի անոթների սպազմին: Երեխայի մաշկի ջերմության իջեցումը վտանգավոր է, քանի որ այն կբերի ներքին օրգանների ջերմաստիճանի բարձրացմանը:
  • Մարմինը շփել սպիրտով կամ քացախով, քանի որ նշված նյութերը կարող են ներծծվել մաշկի միջոցով՝ առաջացնելով թունավորում:
  • Եթե Ձեր երեխայի մաշկը բարձր ջերմության ժամանակ վարդագույն է և խոնավ, կարող եք լինել համեմատաբար հանգիստ, քանի որ դա վկայում է, որ չեն խախտվել ջերմարտադրության և ջերմատվության գործընթացները:
  • Եթե բարձր ջերմության ժամանակ մաշկը գունատ է, ձեռքերն ու ոտքերը սառը, իսկ երեխան դողում է, դա վկայում է անոթների սպազմի մասին:
  • Այսպիսի դեպքերում բացառել բոլոր ֆիզիկական հովացնող մեթոդները՝ սառը ցնցուղ, սառը սավանով փաթաթելը և այլն: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

 Ի՞նչ դեղորայք ընտրել

 Դեղորայքը ընտրելուց /հեղուկ, օշարակ, հաբ, մոմիկ/ անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեղերը հեղուկ և օշարակ վիճակում ազդում են 20-30 րոպեի ընթացքում, մոմիկը 30-45 րոպեի ընթացքում: Մոմիկն օգտագործում են, եթե երեխան փոքր է, փսխում է կամ հրաժարվում է խմել:

 Պատվաստումից հետո երեխան շատ անհանգիստ է: Ի՞նչ անել:

 Պատվաստումից հետո երեխան ցավից և ջերմությունից կարող է նյարդայնանալ, լաց լինել: Երեխայի անհանգստությունը մեղմելու համար երեխային կարող եք տալ դեղորայք՝ ցավազրկող, որը նույն ջերմիջեցնողն է:

Երեխայի ձեռքը կամ ոտքը այտուցվել են (ներարկման տեղը), այն տաք է և կարմիր: Ի՞նչ անել:

Անհանգստությունը նվազեցնելու համար այտուցի շրջանում դրեք մաքուր լաթով ծորակի ջրով թրջոց: Որևէ այլ միջոց ներարկման տեղի այտուցի կամ կոշտության համար չի կարելի կիրառել, քանի որ նախ ներարկման տեղից արդեն սկսում է ձևավորվել իմունիտետ, պետք չի ավելորդ միջոցներով տաքացնել կամ թրջոցներ դնել տարբեր սննդամթերքներով ու դեղորայքով, հանգիստ թողեք ներարկման տեղը, ոչ մեկն ապահովագրված չի այդքան տարաբնույթ միջոցներից ալերգիկ ռեակցիաների առաջանալուց: Ներարկման տեղում նույնիսկ այդպիսի սննդամթերքները հաճախ նպաստավոր պայմաններ են ստեղծում բորբոքային պրոցեսների համար:

Ցավը նվազեցնելու նպատակով տվեք դեղորայք՝ ցավազրկող, որը նույն ջերմիջեցնողն է:

Եթե կարմրությունը և այտուցը ավելանա՝ զանգահարեք Ձեր բժշկին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ