Գլխավոր էջ Գլխավոր Վարակակիր լինելն ամոթ բան չէ, որ թաքցնեն. hուշեր 14 օրյա մեկուսացումից

Վարակակիր լինելն ամոթ բան չէ, որ թաքցնեն. hուշեր 14 օրյա մեկուսացումից

3229
0

«Ինձ և հարևանուհուս մեր ընտանեկան բժիշկն էր զանգով տեղեկացրել, որ մոտ 3 օր մենք պետք է դնից դուրս չգանք և ինքնամեկուսանանք՝ մինչ մեզ թեստավորելը»,- պատմում է 60-ամյա տիկին Ջեմման, որ շուրջ 14 օր իր հարևանուհու հետ մեկուսացվել էր Ծաղկաձորի «Նաիրի» հյուրանոցում։

Նա և նրա հարևանուհին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքից են, աշխատում էին Երևանում՝ «Սարտեքս» կարի արտադրամասում։ Երբ պարզ դարձավ, որ այդ արտադրամասում կորոնավիրուսի վարակակիրներ կան, ամբողջ աշխատակազմին մեկուսացրին՝ այդ թվում նաև տիկին Ջեմմային։ Վերջինս նշում է, որ անգամ սենյակից դուրս չէր գալիս այն 3 օրը, վախենում էր,  որ մի՞գուցե ընտանիքի անդամներին, թոռնիկներին կվարակի։

«Մենք կարծում էինք, որ մեզ հենց սկզբում պետք է ստուգեն, տեսնեն՝ վարակակի՞ր ենք, թե՞ չէ։ Ընտանեկան բժիշկը տեղեկացրեց, որ կարգն այդպես չէ․ սկզբում մեզ պետք է մեկուսացնեն, 14 օրն էլ լրանալուց հետո նոր կթեստավորեն»,- պատմում է տիկին Ջեմման՝ նշելով, որ արտադրամասի վարակակիրներին տարել էին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, իսկ կոնտակտավորներին՝ մեկուսացրել։

«Ինչ  հարկավոր էր մեզ, խնդրում էինք ու անմիջապես տալիս էին։ Ես ճնշում ունեի, դեղ եմ խնդրել, բժիշկները միանգամից տվել են։ Նրանք շատ հոգատար էին և ուշադիր։ Ամեն օր առավոտյան և երեկոյան մեզ ջերմաչափում էին։ Համար էին մեզ տրամադրել, որ վատ զգալու դեպքում անմիջապես զանգ տանք ։ Սնունդն էլ էր շատ լավը, օրը 4 անգամ մեր սենյակ սնունդ էին բերում»,- անդրադառնալով մեկուսացման պայմաններին` պատմում է տիկին Ջեմման ։

Ասում է, որ հարևանուհու հետ մի սենյակում են մեկուսացվել, այդքան ձանձրալի չի եղել, որովհետև միայնակ չէր։

«Սենյակից դուրս չէինք գալիս, մեզ հեռուստացույցով ապահովեցին։ Միակ զբաղմունքը կամ հեռուստացույց դիտելն էր, կամ էլ՝ մեր հարազատների հետ խոսելը»,- ծիծաղով հիշում է նա՝ ավելացնելով, որ անգամ իրենց ընտանեկան բժիշկն ամեն օր զանգահարում էր իրենց՝ իմանալու՝ ինչպես են իրենց զգում, ջերմություն ունե՞ն, թե՞ ոչ։

«13-րդ օրը մեզ թեստավորեցին, պատասխանը բացասական էր, իսկ 14-րդ օրն արդեն հարևանուհուս հետ վերադարձանք տուն։ Շատ ուրախ էինք»,- հիշում է նա:

«Ժողովուրդն ավել-պակաս շատ էր խոսում։ Ասում էին իբրև կորոնավիրուսով հիվանդ ենք՝ առանց իմանալու, որ եթե վարակակիր լինեինք, մեզ 14 օր հետո տուն հետ չէին ուղարկի։ Սուտ լուրեր էր տարածվել՝ թե ինձ էլ, ընտանիքիս էլ, էրեխեքիս էլ տարել են, որովհետև կորոնավիրուսով հիվանդ ենք»,- պատմում է տիկին Ջեմման՝ ավելացնելով՝ վարակակիր լինելն ամոթ բան չէ, որ թաքցնեն, և որ պետք չէ իրավիճակին չհամապատասխանող սուտ լուրեր տարածել՝ ավելի բարդացնելով վարակակաիրների հոգեվիճակը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ