Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Որոնք են խոլեստերինի մակարդակի բարձրացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոնները

Որոնք են խոլեստերինի մակարդակի բարձրացմանը նպաստող հիմնական ռիսկային գործոնները

1868
0

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է որևէ կերպ չդրսևորվել՝ ի վերջո հանգեցնելով լուրջ խնդիրների և դառնալով առողջության քայքայմանը նպաստող հիմնական գործոնը: Խոլեստերինը պարունակվում է յուրաքանչյուրի օրգանիզմում, սակայն դառնում է կյանքի համար վտանգավոր միայն երբ դրա քանակությունը գերազանցում է նորման:

Բանն այն է, որ խոլեստերինի ավելցուկը կուտակվում է անոթների պատերին՝ առաջացնելով խոլեստերինային վահանիկներ, որոնք կարող են հանգեցնել անոթի խցանման: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հաշվի առնել խոլեստերինի մակարդակի բարձրացմանը նպաստող գործոններն ու հնարավորինս խուսափել դրանցից:

Ժառանգական նախատրամադրվածություն

Խոլեստերինի մակարդակի բարձրացման վտանգը կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ: Սա նշանակում է, որ ծնողների մոտ խոլեստերինի մակարդակի բարձրացման դեպքում մեծ է հավանականությունը, որ երբևէ այս խնդիրը կզարգանա նաև երեխայի մոտ: Սակայն այս դեպքում խնդրից հնարավոր կլինի խուսափել կենսակերպում որոշ փոփոխություններ անելու և խոլեստերինի մակարդակի բարձրացմանը նպաստող մյուս գործոններից խուսափելու դեպքում:

Սխալ սննդակարգ

Մեծ քանակությամբ հագեցած ճարպեր պարունակող սննդակարգը կարող է նպաստել խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, ուստի խորհուրդ է տրվում հետևել սննդակարգին ու հնարավորինս խուսափել նման մթերքից (կարագ, կաթնամթերք, յուղոտ միս և այլն): Բացի այդ, մասնագետները հորդորում են հնարավորինս խուսափել նաև հացաբուլկեղենից, որոնք պատրաստվում են վնասակար տրանսճարպերով:

Նման մթերքի գործածությունից խուսափելու համար պարզապես հարկավոր է ուսումնասիրել դրա բաղադրությունը և չգնել այն «մասամբ հիդրոգենիզացված յուղ» գրության առկայության դեպքում:

Ճարպակալում

Եթե մարդու մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 30-ը, ապա «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման հավանականությունը բավական բարձր է լինում: Այս դեպքում առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են ազատվել ավելորդ քաշից:

Ֆիզիկական ակտիվության բացակայություն

Որքան շատ է մարդը շարժվում, այնքան ցածր է ավելորդ քաշի կուտակման հավանականությունը, ինչը պաշտպանում է նաև խոլեստերինի մակարդակի բարձրացումից:

Ընդ որում՝ մարզումները ոչ միայն օգնում են խուսափել «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացումից, այլև նպաստում են օրգանիզմի համար շատ կարևոր «լավ» խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Ծխախոտի գործածություն

Ծխախոտը խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա, սակայն մարդիկ այնուամենայնիվ չեն շտապում հրաժարվել այս վատ սովորությունից:

Սակայն հարկ է հիշել, որ ծխախոտի գործածությունը վնասում է անոթների պատերը և նվազեցնում է օրգանիզմում «լավ» խոլեստերինի մակարդակը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ