Գլխավոր էջ Գլխավոր Երակային հիվանդությունները մոտ 3 անգամ ավելի հաճախ են հանդիպում կանանց շրջանում

Երակային հիվանդությունները մոտ 3 անգամ ավելի հաճախ են հանդիպում կանանց շրջանում

2408
0

Ինչպես մի շարք հիվանդությունների, այնպես էլ անոթային հիվանդությունների տարածվածությունն ու հանդիպելու հաճախականությունը, երբեմն  կապվում է բուժառուի սեռի հետ։

Հենց այս մասին MedMedia.am-ը զրուցել է Վլ. Ավագյանի անվան ԲԿ «Անոթային և լազերային վիրաբուժության» բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ:

«Հայտնի է, որ երակային հիվանդությունները, հատկապես՝ վարիկոզը, առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում»,-նշեց անոթաբանը՝ ընդգծելով, որ գենետիկական մակարդակում կանայք և տղամարդիկ ունեն հիվանդանալու հավասարաչափ ռիսկ։

Սակայն, ըստ Տիգրան Քամալյանի, կանանց մոտ ռիսկի գործոնները, որոնք բերում են հիվանդության դրսևորմանը, ավելի շատ են, քան հակառակ սեռի մոտ։

«Դա է պատճառը, որ կանանց մոտ երակային հիվանդությունները մոտ երեք անգամ ավելի հաճախ են հանդիպում»,-նշեց մասնագետն ու շարունակեց. «Սեռի հետ կապված ռիսկի գործոնների շարքում առաջնահերթ պետք է նշել հղիություններն ու ծննդաբերությունները։ Հղիության ընթացքում արգանդը չափերով մեծանալուն զուգահեռ սկսում է ճնշել կոնքի երակները և ստորին վերջույթներում ի հայտ է գալիս երակային արյան հոսքի դժվարացում, ներերակային ճնշման բարձրացում, ինչն էլ նպաստում է երակների լայնացմանը»։

Զրուցակցիս փաստմամբ, եթե այս ամենին գումարենք նաև այն, որ հորմոնալ փոփոխությունները թուլացնում են երակների պատերը, իսկ հղիներին բնորոշ հիպոդինամիան էլ պատճառ է դառնում մկանային պոմպի և երակների փականների թերի աշխատանքին, ապա վարիկոզի զարգացման ռիսկերը դառնում են ակնհայտ։

«Սեռով պայմանավորված ռիսկի գործոններից պետք է առանձնացնել նաև կանացի հորմոնների՝ էստրոգենների ազդեցությունը, որոնք ունեն երակների պատերը թուլացնելու հատկություն։ Բնականաբար կնոջ օրգանիզմում այս հորմոնների տեղաշարժերը, կարելի է ասել անընդհատ են՝ սկսած հասունացման շրջանից, ներառյալ ամենամսյա դաշտանային ցիկլերը, հղիությունները, ծննդաբերությունները և ի վերջո դաշտանադադաարի շրջանը»,-մանրամասնեց անոթաբանը, նկատելով, որ բացի բնականոն ցիկլիկ փոփոխությունները, կարևոր են նաև մի շարք հորմոնալ հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև հորմոնալ հակաբեղմնավորիչների երկարատև կիրառումը կանանց կողմից։

Տիգրան Քամալյանի հավաստմամբ, վարիկոզի զարգացմանը նպաստող գործոններից են նաև կանացի հագուստի հետ կապված մի շարք առանձնահատկությունները։

«Բարձրակրունկ կոշիկները, ինչպես նաև լրիվ տափակ կոշիկներ կրելը՝ խախտում են ստորին վերջույթների բիոմեխանիկան»,-ասաց բիժշկը՝ ավելացնելով՝ «Կանացի զգեստապահարանում տեղ գտած մի շարք հագուստներ կամ աքսեսուարներ, որոնք ունեն սեղմող-կտրող հատկություններ, թողնում են լարանի էֆեկտ, մեխանիկորեն ճնշում են ենթամաշկային երակների այս կամ այն հատվածը և նպաստում են ներերակային ճնշման բարձրացմանը»։

Բացառապես կանանց բնորոշ մի շարք պրոցեդուրաներ՝ մազահեռացման որոշ եղանակները, մաշկի խնամքի հետ կապված որոշ գործիքային և քիմիական եղանակները, կոսմետոլոգիական և դեղորայքային մի շարք պրեպարատները ևս, ըստ անոթաբանի, կարող են հանդիսանալ նպաստող գործոններ երակների և հատկապես մազանոթային ցանցերի ախտահարման համար։

«Եվ ի վերջո կանայք շատ ավելի զգայուն են ոտքերի արտաքին տեսքի հանդեպ և ավելի հաճախ են դիմում բժշկի օգնությանը, քան տղամարդիկ։ Այս փաստը ևս նպաստում է, որպեսզի զուտ վիճակագրորեն երակային հիվանդությունները համարվեն ավելի շատ կանանց բնորոշ»,-ամփոփեց Տիգրան Քամալյանը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ