Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս երեխաների հետ խոսել կորոնավիրուսային համավարակի մասին

Ինչպե՞ս երեխաների հետ խոսել կորոնավիրուսային համավարակի մասին

2403
0

Տեղեկատվական բոլոր հարթակներն անխտիր այս օրերին անդադար խոսում և գրում են կորոնավիրուսային համավարակի մասին, բոլորիս ընտանիքներում այդ թեման անընդհատ քննարկման առարկա է դառնում, իսկ մեր երեխաները, կամա թե ակամա, այս ամենի լուռ ունկնդիրներն են: Թե ինչպե՞ս այս թեմայի շուրջ խոսել երեխայի հետ MedMedia.am-ը պարզել է  մանկական հոգեբան, հոգ.գիտ.թեկն. Անի Ավագյանից:

«Երեխաներն այս առումով հատկապես խոցելի են, քանի որ շատ հաճախ, նրանք պարզապես լիարժեք չեն հասկանում, չեն կարողանում մինչև վերջ իմաստավորել այն ինչ լսում են»,-ասաց հոգեբանն ու շեշտադրեց, որ մեծահասակներիս էլ հաճախ թվում է, որ երեխաները չեն կարող այս ամենը հասկանալ կամ մտածում ենք, որ մեր լռությամբ խնայում ենք նրանց, բայց սա թյուր կարծիք է:

Փորձագետն ընդգծում է մի քանի քայլեր, որոնք կօգնեն այս ենթատեքստում երեխաների հետ ճիշտ շփվել.

  1. Խոսակցությունն ինքներդ նախաձեռնեք: Նախ փորձեք բաց հարցեր տալու միջոցով հասկանալ, թե երեխան խնդրի ինչպիսի ընկալում ունի: Եթե երեխան շատ փոքր է և նախնական զրույցի ընթացքում հասկանում եք, որ նա խնդրից տեղյակ չէ, ապա երեխային մի ծանրաբեռնեք ավելորդ և հուզականորեն հագեցած ինֆորմացիայով: Դրա փոխարեն կարող եք մեկ անգամ ևս խոսել հիգիենայի կանոնների, հատկապես ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին:
  2. Խոսակցության ժամանակ կարևոր է մտերմիկ մթնոլորտ ստեղծել: Պետք չէ երեխայի խնդիրը անտեսել կամ դրանից խուսափել: Իհարկե, կարևոր է ամեն ինչ երեխայի տարիքին համապատասխան մատուցել: Եթե զգում եք, որ որոշ հարցերի դեռևս պատրաստ չեք պատասխանել, նրան այդ մասին անկեղծորեն ասեք:
  3. Երեխաներին ժամանակ առ ժամանակ հարցրեք իրենց ինքնազգացողության մասին, սովորեցրեք դրա վերաբերյալ ձեզ ինֆորմացիա տալ, նկատի ունեցեք, որ հուզական ուժեղ ռեակցիաները կարող են ուղեկցվել կեղծ սիմպտոմներով կամ երեխաները կարող են չափազանցնել իրենց թեթև հազը, գլխացավը և վախենալ:
  4. Այս օրերին ամենադժվարն է երեխաներին բացատրել, որ պետք է մեկուսանալ ու մնալ տանը: Բացատրեք, որ տանը մնալով մենք ապահովագրում ենք թե’ մեզ, թե’ մեր հարազատներին ու ընկերներին:
  5. Վախը, տագնապը և սթրեսը մեղմելու համար հետևեք, թե ինչ են դիտում երեխաները, նրանց պատմեք այն մասին, որ երեխաները կորոնավիրուսով հազվադեպ են վարակվում, որ վարակված մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում, որ մեծահասակներն ամեն ինչ անում են այս ամենը հնարավորինս շուտ հաղթահարելու համար:
  6. Ցույց տվեք ձեր երեխաներին, որ ինքներդ տանից միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում եք դուրս գալիս նաև խոսեք այն մասին, որ դուք պահպանում եք անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերը, քանի որ երեխաները կարող են չարտահայտվել, բայց նրանք անհանգստանում են ծնողների համար:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ