Գլխավոր էջ Գլխավոր Անօրգազմիան որպես բազմաթիվ խնդիրների հիմնաքար

Անօրգազմիան որպես բազմաթիվ խնդիրների հիմնաքար

10917
0

Սեքսոպաթոլոգին դիմող կանանց գրեթե 50 տոկոսը դիմում է անօրգազմիայի խնդրով: Անօրգազմիան կնոջ օրգազմի մշտական կամ պարբերական բնույթ ունեցող խանգարումն է: Խնդրի մասին Medmedia.am-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ:

«Տարբերում են օրգազմի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնային անօրգազմիա ունեցող կինը երբևէ օրգազմ չի ապրել, իսկ երկրորդային անօրգազմիա ունեցողը նախկինում առանց որևէ դժվարության հասնում էր օրգազմի, բայց ժամանակի ընթացքում ինչ-որ պատճառով կորցրել է այդ ունակությունը»,- հստակեցրեց բժիշկը և ավելացրեց.

«Անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու, սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու, նրանց հեշտոցը խոնավանում է՝ իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա»:

«Օրգազմի տևական բացակայությունը կարող է բասական ազդեցություն ունենալ կնոջ նյարդային համակարգի և ողջ օրգանիզմի վրա, կարող է նևրոզների, սեռական ցանկության, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ»,- տեղեկացրեց սեքսոպաթոլոգը: Վերջինիս խոսքով՝ կանանց օրգազմի խանգարումները երբեմն լինում են որոշ հիվանդությունների կամ դեղերի կողմնակի ազդեցության հետևանք և հիմնականում ունեն զուտ հոգեբանական արմատներ:

«Անօրգազմիայի պատճառներից են սեռական դաստիարակության կոպիտ սխալները, ընտանեկան հակասեքսուալ մթնոլորտը»,-նկատեց Վրեժ Շահրամանյանը: Նա նաև նշեց, որ կանանց անօրգազմիայի պատճառ կարող է լինել նաև այն, որ շատ տղամարդիկ հոգում են միայն իրենց հաճույքի մասին և նույնիսկ չեն էլ աշխատում բավարարել կանանց:

«Անօրգազմիայի առաջացման մեջ մեծ դեր կարող են խաղալ նաև կենցաղային պայմանները, օրինակ՝ փոքր տան մեջ ապրելը, անհարմարավետությունը, վախը, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել, լսել»,-ասաց բժիշկն ու ավելացրեց. «Բազմաթիվ կանայք իրենց սեռական խնդիրները գաղտնի են պահում, քանի որ ընդունված չէ սեռական խնդիրների մասին խոսել»: Նա նաև շեշտադրեց, որ կանայք, որոնք երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ «ճաշակելու» հնարավորությունից են զրկվել:

«Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար, գերազանց ինքնազգացողություն ունեն և հոյակապ տեսք ունեն»,- ընդգծեց սեքսոպաթոլոգը: Վերը նշվածը հաշվի առնելով Վրեժ Շահրամանյանը հորդորեց չկոծկել խնդիրները, ավելորդ չհամարել մասնագետին դիմելն ու միշտ հիշել, որ սեռական ներդաշնակությունը գեղեցկության, առողջության և երջանկության հիմնաքարերից է: «Սեռական կյանքում գրեթե չկան խնդիրներ, որոնք ժամանակին ախտորոշելու դեպքում չբուժվեն»,-եզրափակեց բժիշկը:

Զրուցեց` Տաթև Առաքելյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ