Գլխավոր էջ Գլխավոր Արման Աբովյանը՝ ՀԾԿՀ հայտարարության մասին

Արման Աբովյանը՝ ՀԾԿՀ հայտարարության մասին

660
0

Հայտարարել, թե ֆորս մաժորն անցել է, նվազագույնը զավեշտալի է, քանի որ մարդիկ չեն աշխատում և գումար չունեն, որ կարողանան կոմունալ վճարումներ կատարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի այն հայտարարութանը, համաձայն որի՝ ապրիլի 22-ից կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններն իրավասու են դադարեցնել այդ ծառայությունը, եթե դրա դիմաց վճարում չի արվում, քանի որ վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած:

«Ֆորս մաժորը «պոզով-պոչով» չի լինում, պիտի այլմոլորակայիննե՞րը գան, միջուկային պատերա՞զմ սկսվի, որ ֆորս մաժոր համարվի: Սա դասական ֆորսմաժորային իրավիճակ է: Արտակարգ դրությունն ավարտված չէ, և ավելին՝ արտակարգ դրության ավարտից հետո էլ ինչ-որ ժամանակ է հարկավոր, որ մարդիկ աշխատեն, կարողանան գումար վաստակել»,-նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց՝ ԲՀԿ-ն հայտարարել է, որ այս պարագայում ամենաճիշտ տարբերակն այն կլինի, որ պետությունը սուբսիդավորի այն կազմակերպություններին, որոնք մատուցում են կոմունալ ծառայություններ, քանզի արտակարգ դրությունը ենթադրում է նաև արտակարգ քայլեր: «Կարծում եմ՝ սա անընդունելի է , պետությունն այս ամենի մեջ պարտավոր է գտնել սուբսիդավորման որոշակի եղանակներ: Որոշ նախաձեռնություններ կան, որոնք միայն որոշ չափով են կոմպենսացնում խնդիրները: Դա ելք չէ: Ֆորսմաժորային իրավիճակում անթույլատրելի է մարդկանց անելանելի վիճակի մեջ դնելը»,-ասաց Աբովյանը:

Անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին, որոնք վերաբերում են կոմունալ վճարների մասնակի փոխհատուցումներին՝ Արման Աբովյանն ասաց, թե հատվածային լուծումները ընդհանուր խնդիրը լուծել չեն կարող, և ամենակարևոր ցուցիչը քաղաքացիների արձագանքն է, որը բացասական էր:

«Յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի գլոբալ առումով, և ժամանակն ու պրակտիկան ցույց տվեցին, որ այն լուծումները, որոնք այսօր առաջարկում է կառավարությունը, չեն աշխատում: Պետք է հասկանալ, որ արտակարգ դրությունը ոչ միայն թղթի վրա է գրված, այլև իրականում կա: Օրինակ՝ օրավարձով աշխատողներն այսօր անելանելի վիճակում են, գոյատևման խնդիր է առաջ քաշված»,-նկատեց Աբովյանը:

Վերջինս, անդրադառնալով հարցին, թե այս իրավիճակում ինչպիսի աշխատանք պետք է կատարի ԱԺ-ն, և ինչ նախաձեռնություններ կարող են լինել, ասաց, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ, որը կտրուկ նվազեցնում է հարկային պարտավորությունների հետ կապված տույժ-տուգանքները:

«Դրա հետ մեկտեղ մենք ներկայացրել ենք յոթ առաջարկ, դրանցից որոշները փաթեթով ներկայացրել ենք կառավարությանը: Փաթեթով առաջարկում ենք գլոբալ լուծումներ, այդ թվում՝ օրավարձով աշխատողների համար: Նաև երեք օրենսդրական նախաձեռնություններով ենք հանդես եկել, որոնք վերաբերում են տարբեր գործիքների. դրանցով հնարավոր է այնպես անել, որ մարդկանց վիճակը զգալիորեն թեթևանա և համահունչ լինի այս ծանր իրավիճակին»,-ասաց պատգամավորը:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ