Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մասնագետները նշել են, թե որն է ամենավնասակար միսը

Մասնագետները նշել են, թե որն է ամենավնասակար միսը

1330
0

Մարդու առողջության համար ամենավնասակար միսը պիտանիության երկար ժամկետ ունեցողն է, ասել է ռացիոնալ սննդի մասնագետ, բժիշկ-ֆիզիոթերապեւտ Մարինա Վաուլինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ մասնավորապես, սպառողները պետք է զգոն լինեն ներկրվող մսի այսպես կոչված «էլիտար» տեսակների պարագայում։

«Որքան երկար է պիտանիության ժամկետը, այնքան հեռու է արտադրող երկիրը, որքան ավելի շատ ժամանակ է զբաղեցնում փոխադրումը, այնքան ավելի շատ են մթերքի մեջ անցանկալի քիմիական նյութերը՝ կոնսերվանտները։ Իրողություններն այնպիսին են, որ հաճախ նման արտադրանքը սառեցնում եւ ապասառեցնում են մի քանի անգամ։ Ոչ մի լավ բան դրանից օրգանիզմը չի ստանա»,- նշել է նա։

Բժիշկն ավելացրել է, որ կարելի է նաեւ «դելիկատեսներն» ուտել, բայց ամեն բանի մեջ չափավորություն է հարկավոր։ Նա նաեւ խորհուրդ է տվել երկար չտապակել միսը, չպատրաստել այն շատ համեմունքներով, ճարպով ու աղով եւ հալվելուց հետո երկար չպահել սառնարանում։

Վաուլինան ընդգծել է, որ մարդկային օրգանիզմը ամենից դժվար մարսում է սագի, բադի, ինչպես նաեւ գառան ու խոզի մսերը, բայց հիշեցրել է, որ շատ բան կախված է պատրաստման եղանակից եւ դրանց ընդունման հաճախակիությունից։ Այսպես, գոլորշով պատրաստված բանջարեղենով միսը շատ ավելի լավ է մարսվում, իսկ խորովածը, ընդհակառակը, պարունակում է ծխի մասնիկներ եւ քաղցկեղածին նյութեր, ասել է բժիշկը։

Ինչ վերաբերում է հում չորացրած մսին, «խամոնին» ու դրա նման մթերքներին, դրանք չափավոր օգտագործելու դեպքում միանգամայն անվնաս են։ Չպետք է շփոթել չորացրածն ու ապխտածը։ Հենց ապխտածներին է պետք ավելի ուշադիր վերաբերվել։ Անգամ բնական ապխտած հավերը, երշիկները դրանցում պարունակվող վնասակար նյուքերի քանակությամբ քիչ են տարբերվում խորովածից։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հաճախ ապխտելու պրոցեսը պատրաստումը հեշտացնելու համար փոխարինում են քիմիական համային հավելումներով, առողջության համար այդ մթերքների վտանգավորությունն ավելի է մեծանում։

Վաուլինան ծնողներին զգուշացրել է չգնել ապխտած երշիկներ եւ մսամթերքներ իրենց երեխաների համար։ Նա խորհուրդ է տվել գնել դիետիկ մթերքներ՝ հավի, հնդկահավի, ճագարի միս։ Բժիշկն ասել է, որ այդ միսը համադրվում է ինչպես բանջարեղենների, այնպես էլ ածխաջրերի հետ։ Ինչ վերաբերում է աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցող մարդկանց, զգուշությունն ու ուշադրությունն այս դեպքում, ըստ սննդաբանի, պետք է շատ ավելին լինեն։ Դիետաները հիվանդների եւ նիհարել ցանկացողների համար պետք է մշակվեն անհատապես։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ