Գլխավոր էջ Գլխավոր Նորածնային մահվան ցուցանիշները Հայաստանում. պատճառներն ու կանխարգելումը

Նորածնային մահվան ցուցանիշները Հայաստանում. պատճառներն ու կանխարգելումը

587
0

Յոթամյա Նունեն ծնվել է 7 ամսականում:  Մինչև 9 ամսականը պահելով նրան մշտական հսկողության տակ՝ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:  Սակայն լինում են դեպքեր, երբ վաղաժամ ծնունդը բերում է ոչ միայն մայրական մահացության այլ նաև մանկական:

Մանկական և մայրական մահացությունն ընդհանրապես երկրի առողջապահական համակարգի ամենակարևոր ցուցիչներից է:  Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահացության գործակիցը 2018թ-ին կազմել է 7.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով:
Հանրապետությունում նախորդ տարի գրանցվել է 260 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում (2017թ-ին՝ 311, 2016թ-ին՝ 352), և 316 մահվան դեպք՝ մինչև 4 տարեկան երեխաների դեպքում:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թվականի առաջին եռամյսակում մանկական մահացության ցուցանիշը 1000 կենդանի ծնվածի պարագայում կազմել է 7.2 , մինչդեռ երկրորդ եռամսյակում՝ 7.1, ինչն էլ փաստում է, որ ցուցանիշի նվազման միտում է դիտվում:  2000թ-ի համեմատ՝ մանկական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է 55 տոկոսով:

Նորածինների մահերի հիմնական պատճառներն են նրանց վաղաժամ կամ շատ փոքր քաշով ծնվելը, ծննդաբերության բարդությունները կամ բնածին արատները, սեպսիսը և փայտացումը: Նորածինների  մահերի մեծամասնության պատճառները կանխարգելելի են և բուժելի:

Նեոնատոլոգ  Լուսինե Գրիգորյանի խոսքով նորածնային մահացության հիմնական պատճառներից մեկը  մոր բարդացած մանկաբարձագինեկոլոգիական անամեզն է, այսինքն՝ առողջական խնդիրները, որոնք բերում են վաղաժամ ծննդաբերության:

« Երեխան իր կյանքի առաջին յոթ օրերին կարող է ունենալ խնդիրներ, որոնք ներարգանդային են լինում սովորաբար: Քանի որ ոչ բոլոր կանայք են մինչև հղիությունը հետազոտվում, մայրիկի ատամի սովորական ինֆեկցիան կարող է  երեխայի մոտ առաջանել մինչև անգամ թոքաբորբ: Վաղաժամ բոլոր ծննդաբերությունները նույնպես ռիսկի տակ են դնում նորածնի կյանքը: Բացի դրանից ներարգանդային շրջանում նորածնի տարած հիպոքսիան՝ այսինքն՝ թթվածնաքաղցը կարող է հանգեցնել մահվան՝ թե´ ներարգանդային, թե´ նորածնային: Մահացության են բերում նաև պտղի զարգացման խաթարումները, որոնք կյանքի հետ անհամատեղելի են (արատներ, անհասություն): Վաղաժամ ծնված երեխան ունենում է նաև քաշի խնդիր: Շատ ցածր քաշով նորածինների ապրելիության ցուցանիշը կախված երեխայի օրգանիզմի դիմադրողականությունից»- նշում է նա:

Նեոնատոլոգի պնդմամբ վաղաժամ ծնված նորածինների ապրելիության ցուցանիշը ուղղակիորեն կապ ունի այն բժիշկների հմտության և որակավորման հետ, ովքեր հսկողություն են իրականացնում հղիի մոտ հղիության ամիսների, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում:

«Ռիսկի մեջ գտնվող նորածինների հետ պետք է աշխատեն հմուտ մասնագետները: Եթե ճիշտ և համապարփակ օգնություն է ցուցաբերվում,  ավելի է մեծանում հավանականությունը փրկելու երեխայի կյանքը: Ընդհանրապես նորածնի կյանքի առաջին 28 օրերը ամենակարևորն ու վճռորոշն են»:

Ըստ նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանի՝ մանկական մահացությունները հնարավորինս բացառելու համար կարևոր է նաև, որ կինը մինչև հղիությունը հետազոտվի, և բուժվեն բոլոր այն առողջական խնդիրները, որոնք կարող են հղիության ընթացքում առաջացնել բարդություններ:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ 2018թ-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56 1-4 տարեկան երեխաների կյանք: Իսկ  ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի  2.8 միլիոն հղի կին կամ նորածին է մահանում. այլ կերպ ասած՝ 11 վայրկյանը մեկ 1 մահ է գրանցվում: Այս մահերը հիմնականում կանխարգելելի են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝

* Ավելացնել ներդրումները և բարձրացնել իրազեկվածությունը հատկապես նորածնային և մայրական առողջությանը վերաբերող ոլորտներում և թիրախել մահերի հիմնական պատճառները, ինչպիսիք են՝ թոքաբորբն ու փորլուծությունը:

* Վերապատրաստել բուժաշխատողներին և վերազինել բուժհաստատությունները համապատասխան սարքավորումներով:

* Ներդրումներ անել մինչ ծննդաբերական ծառայությունների ոլորտում՝ հզորացնելով առողջապահական համակարգը:

* Ապահովել մաքուր, ֆունկցիոնալ բուժհաստատություններ՝ հոսող ջրով, օճառով և էլեկտրաէներգիայով:

* Զորեղացնել դեռահաս աղջիկներին, մայրիկներին և ընտանիքներին, որպեսզի նրանք պահանջեն և ստանան որակյալ խնամք ու ծառայություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանում նորածնային  մահացության վերջին դեպքը գրանցվել է այս տարվա օգոստոսի 2-ին, իսկ  սույն տարվա սեպտեմբերի 24-ին գրանվել էր երեխայի ներարգանդային մահ:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ