Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 6 սեռավարակ, որոնք կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի

6 սեռավարակ, որոնք կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի

825
0

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները սովորաբար դրսևորվում են որոշակի ախտանշաններով, սակայն լինում են այնպիսինները, որոնք կարող են երկար ժամանակ մնալ օրգանիզմում և որևէ կերպ չդրսևորվել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 վեներական հիվանդություն, որոնց զարգացումը կարող է չուղեկցվել որևէ ախտանշանով, ինչի հետևանքով դրանք ամիսներ և անգամ տարիներ շարունակ կարող են աննկատ մնալ:

Խլամիդիոզ

Խլամիդիոզը բավական վտանգավոր հիվանդություն է, որը բուժման բացակայության դեպքում կարող է առաջացնել փոքր կոնքի օրգանների բորբոքումներ, ինչպես նաև դառնալ անպտղության, արտարգանդային հղիության ու վաղաժամ ծննդաբերության պատճառ: Հիվանդությանը բնորոշ ախտանշաններն են այրոցով ուղեկցվող միզարձակությունը, ինչպես նաև հեշտոցից կան հետանցքից նկատվող տհաճ արտադրությունը: Սակայն երբեմն հիվանդությունը զարգանում է առանց որևէ ախտանշանի, ինչի հետևանքով մարդիկ չեն էլ կասկածում դրա առկայության մասին:

Միկոպլազմոզ

Այս հիվանդության հարուցիչը բակտերիաներն են, որոնց բազմացումն օրգանիզմում կարող է շատ երկար տևել (մի քանի ամիս կամ տարի): Միևնույն ժամանակ այս գործընթացը կարող է չուղեկցվել որևէ ախտանշանով, ուստի մարդը գլխի չի ընկնի, որ վաղուց է վարակվել: Պատշաճ բուժման բացակայության դեպքում միկոպլազմոզը կարող է դառնալ արգանդափողերի վնասման ու պտղաբերության հետ կապված խնդիրների զարգացման պատճառ:

Հերպես

Սեռական օրգաններն ախտահարած հերպեսը, որպես կանոն, հեշտ է ախտորոշվում, քանի որ բշտիկները բավական ցավոտ են ու տհաճ զգացողություններ են առաջացնում, սակայն երբեմն հիվանդության ախտանշանները կարող են շատ թույլ արտահայտված լինել, ուստի շատերը դրանք չեն նկատի: Օրինակ կարող է միայն մի բշտիկ առաջանալ, որն էլ չի ուղեկցվի տհաճ զգացողություններով:

Գոնորեա

Գոնորեան ամենավտանգավոր վեներական հիվանդություններից է, որը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց ախտանշանների: Վարակման մասին հուշող նշաններից մեկը կարող է լինել ցավն ու այրոցը միզարձակության ժամանակ, ինչպես նաև հեշտոցային արտադրությունն ու արյունահոսությունները, որոնք կապ չունեն դաշտանի հետ: Առավել լուրջ դեպքերում հիվանդության հարուցիչները կարող են ներթափանցել հիվանդի արյան ու հոդերի մեջ, ինչը կարող է մահացու լինել:

ՄԻԱՎ

Որոշ դեպքերում ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է վարակվելուց հետո մոտ մեկ տարի գլխի չընկնել խնդրի մասին, քանի որ վիրուսը սկզբնական շրջանում որևէ կերպ չի դրսևորվում: Հիվանդության զարգացման մյուս փուլում կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են բարձր ջերմությունը, ցանը, ավշային հանգույցների մեծացումն ու նշիկաբորբը: Սա է պատճառը, որ մարդիկ հաճախ ՄԻԱՎ-ի առաջին ախտանշանները վերագրում են սուր վարակիչ շնչառական հիվանդություններին: ՄԻԱՎ-ի դեպքում խնդիրն այն է, որ երբեմն ի հայտ չեն գալիս անգամ այս ախտանշանները, ուստի առողջական վիճակը վերահսկողության տակ պահելը և պարբերաբար բուժզննում անցնելը շատ կարևոր է: Բացի այդ, հարկ է հիշել, որ չպաշտպանված սեռական ակտից հետո ՄԻԱՎ-ի կասկածների դեպքում հարկավոր է կես տարի անց անպայման անալիզ հանձնել:

Սիֆիլիս

Սիֆիլիսը կարող է տարիներ շարունակ զարգանալ առանց որևէ ախտանշանի՝ ի վերջո առաջացնելով լուրջ բարդություններ: Չբուժելու դեպքում այս հիվանդությունն ախտահարում է սրտամկանը, արյունատար անոթները, գլխուղեղը, ներքին օրգաններն ու նյարդային համակարգը: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ զգոն լինել և պարբերաբար բուժզննում անցնել:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ