Գլխավոր էջ Նորություններ ԷՍ ՄՈՄԵՆՏԻՆ ԻՆՁ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է, ՈՐ «ՎԱՐԴԱՆԱՆՑԻ» ՀՈՍՔՆ ԻՋԵԼ Է ՄԻՆՉԵՒ 20...

ԷՍ ՄՈՄԵՆՏԻՆ ԻՆՁ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է, ՈՐ «ՎԱՐԴԱՆԱՆՑԻ» ՀՈՍՔՆ ԻՋԵԼ Է ՄԻՆՉԵՒ 20 ՏՈԿՈՍ

700
0

Առողջապահության նախկին նախարար, «Վարդանանց» բժշկական կենտրոնի ղեկավար Լեւոն Ալթունյանը նախագահ Արմեն Սարգսյանից հետո երեւի թե երկրորդ մարդն է, ում արժե անկեղծորեն նախանձել։ Նույնիսկ այս իրավիճակում, երբ աշխարհը խառնվել է իրար, երբ մարդկությունը կանգնել է կորոնավիրուսի պանդեմիայի լուրջ մարտահրավերի առջեւ, Ալթունյանը ցուցաբերում է օլիմպիական հանդարտություն՝ զուրկ խուճապից ու անհանգստությունից։ Նա չի հետեւում այն լրատվական կայքերին, որոնք միայն գովերգող կամ քննադատող լուրեր են տարածում, ինքն էլ չի ցանկանում գնահատական հնչեցնել, թե իր գործընկեր Արսեն Թորոսյանը, օրինակ, ում հետ երբեմն խորհրդակցական թեյախմություններ էր ունենում առաջներում, այս լարված շրջանում լա՞վ է աշխատում, թե՞ ոչ այնքան։ Ուղնուծուծով բիզնեսմեն նախկին նախարարին մտահոգող թերեւս միակ խնդիրն այն է, որ իր բժշկական կենտրոն այցելուների թիվն այս «գրողի տարած» վիրուսի պատճառով էապես ընկել է՝ խփելով իր գրպանին։

— Պարո՛ն Ալթունյան, Դուք՝ որպես բժիշկ, որպես բժշկական կենտրոնի ղեկավար եւ որպես առողջապահության նախկին նախարար, որքանո՞վ եք ներգրավված կորոնավիրուսի դեմ պայքարում։

— Բացառապես որպես մասնավոր բուժկենտրոնի սեփականատեր՝ այդքանով եմ ներգրավված եւ ապահովում եմ բուժկենտրոնի աշխատանքը։

— Ի՞նչ է փոխվել այսօր Ձեր կլինիկայում՝ հիվանդների հոսքի առումով, քանզի, որքանով տեղեկացա, «Վարդանանցում» այսօր նաեւ կորոնավիրուսի վարակի հայտնաբերման թեստեր են հանձնում։

— Այո, օրական մի տասը թեստ հանձնում են։

— Իսկ այդ տասը թեստից դրական դեպքերը շա՞տ են։

— Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ դրա ընթացքից, դրական դեպքերն ուղարկում են ՀՎԿԱԿ (Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն), ինչպես պայմանավորված է։

— Վճարովի՞ են հանձնում այդ թեստերը, թե՞ անվճար։

— Իհարկե, վճարովի։ Անվճար ոչ մի բան չկա էս կյանքում։

— Իսկ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում նախարարության եւ նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքը։

— Արի գնահատականներ չտամ, էլի։

— Որովհետեւ դրակա՞նը չեք կարող ասել, թե՞ հակառակը։

— Ընդհանրապես, ոչ մի բան չեմ ասի, որովհետեւ ներգրավված չեմ եւ պատկերի հետ ծանոթ չեմ։

— Եթե Դուք լինեիք այսօր նախարարը, ի՞նչ միջոցներ կձեռնարկեիք վարակի տարածումը կանխելու ուղղությամբ, քանզի ասում են՝ նախարարությունն ուշացել է, հապաղել է, պետք է ի սկզբանե եւ կտրուկ միջոցներ ձեռնարկվեին։

— Հենց դրա համար եմ ասում՝ ես տեղյակ չեմ ո՛չ ինֆորմացիայի հոսքից, ո՛չ ինֆորմացիայի մուտքի սկզբից, ո՛չ իր բովանդակությանը, եւ իմ կողմից ինչ-որ դատողություն անելը կլիներ կա՛մ շողոքորթություն, կա՛մ ընդհակառակը։

— Ես կուզեի օբյեկտիվ գնահատական տայիք։

— Օբյեկտիվի համար նյութեր չունեմ։

— Բայց հետեւում եք, չէ՞, ընդհանուր քննադատություններին, նաեւ՝ գովեստի խոսքերին։

— Ճիշտն ասած՝ չէ, ես բոլոր գովացող եւ ոչ գովացող կայքերը ժամանակին՝ նախարար եղած ժամանակ, բլոկ եմ արել։

— «Հրապարակին» է՞լ չեք հետեւում։

— «Հրապարակից» տեղյակ եմ քեզանից։

— Լավ, մենք հիմա բուժաշխատողների խնդիր ունենք երկրում, նախարարությունը բժիշկներ, բուժքույրեր, նաեւ վարորդներ է փնտրում։ Կա՞ն Ձեր կլինիկայում բուժաշխատողներ, որոնք պատրաստ են գնալ կամ գնացել եւ օգնում են Նորքի ինֆեկցիոնի բժիշկներին։

— Տեսեք, նախարարի կոչը մասնավոր անձանց էր ուղղված, հիմա եթե ինչ-որ մեկը մոտենա ինձ եւ ասի՝ ես պատրաստ եմ գնալ ինֆեկցիոնում հերթապահեմ, իհարկե, մենք կողջունենք դա։ Բայց ինքնուրույն ուղարկել, ստիպել կամ բռնանալ մարդկանց վրա՝ չէ։

— Ամեն դեպքում, ըստ Ձեր կանխատեսման, այս համաճարակային իրավիճակը որքա՞ն կտեւի, եւ ի՞նչ խնդիրների առաջ կարող ենք մենք դեռ կանգնել։

— Էն Բարոն Մյունհաուզենին հիշում ես, չէ՞, որ էդ մոմենտին իրեն միայն իր ծաղիկներն էին հետաքրքրում։ Էս մոմենտին ինձ հետաքրքրում է, որ «Վարդանանցի» հոսքն իջել է մինչեւ 20 տոկոս։

— Բիզնեսի տեսանկյունից եք նայում, փաստորեն։

— Այո, հիմա ես բիզնեսմեն եմ, բիզնեսի տեսանկյունից եմ նայում։ Թե չէ էն մարդիկ, որոնք բիզնեսով զբաղվելիս քաղաքականության մասին են դատում կամ՝ ընդհակառակը, իմ հարգանքը չեն վայելում։

Հարցազրույցը՝ hraparak.am -Ից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ