Գլխավոր էջ Գլխավոր Որ հայտնիներն են մահացել կորոնավիրուսի հետևանքով

Որ հայտնիներն են մահացել կորոնավիրուսի հետևանքով

898
0

Լիբանանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է հայազգի Պետիկ Օղկասյանը: Այս մասին տեղեկացնում է Բեյրութի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ Օղկասյանը մի քանի օր առաջ Լիբանանի ճգնաժամային շտաբի ցուցումով տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց:

Օղկասյանի տունն ախտահանվել է:

Լիբանանի Կարմիր խաչի ծառայությունը նրա ընտանեկան իրերը կտեղափոխի Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց` անհրաժեշտ ստուգումների ու քննությունների ենթարկելու համար:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Եվրախորհրդարանի աշխատակիցներից մեկը, տեղեկացնում է euractiv.com կայքը:

Նշվում է, որ Իտալիայում ծնված և Բելգիայում մեծացած 41-ամյա Ջանկարլո Ագոստինո դի Մարիան աշխատում էր Խորհրդարանի Նորարարությունների և տեխնիկական աջակցման կենտրոնում:

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի աշխատակիցն իրեն լավ չէր զգացել, նրան հոսպիտալացրել էին և արհեստական շնչառության սարքին միացրել: Մի քանի օր անց նա մահացել է:

Դի Մարիայի մտերիմները նշել են, որ նա առողջ, սպորտով զբաղվող մարդ էր:

Նրա հետ շփման մեջ եղած բոլոր աշխատակիցներին արդեն զգուշացրել են վտանգի մասին, նրանք բժշկական ստուգումներ են անցնում:

Սա Եվրամիության կառույցներում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է:

69 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասան Մարկ Բլումը: Արտիստի մահվան մասին Թվիթերի իր էջում գրել է Նյու Յորքի Playwrights Horizons թատրոնը: Փոխանցում է Life.ru-ն:

«Ծանր սրտով հարգանքի տուրք ենք մատուցում Մարկ Բլումին՝ սիրելի ընկերոջը, որն այս շաբաթ հեռացավ կյանքից»,- գրված է հաղորդագրությունում: Նշվում է, որ Բլումը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:

Բլումը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կոկորդիլոս Դանդին», «Կույր ժամադրություն», «Քայլ առաջ 3D», «Հուսահատ փնտրում եմ Սյուզանին», ինչպես նաև «Կլան Սոպրանո», «Միլիարդներ», «Եզր» և «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալներում:

Իսպանական ոչ պրոֆեսիոնալ՝ «Ատլետիկո Պորտադա Ալտա» թիմի 21-ամյա մարզիչ Ֆրանսիսկո Գարսիան մահացել է կորոնավիրուսից:

Երիտասարդ մարզիչը, որը ակումբի մանկապատանեկան թիմերից մեկի մարզիչն էր, մահացել է կորոնավիրուսի թեստը հանձնելուց օրեր անց:

Գարսիայի մոտ նախկինում նաև քաղցկեղ էր հայտնաբերվել:

Ֆուտզալի Իրանի ազգային հավաքականի սպորտային տնօրեն Ահմեդ Տահերին մահացել է կորոնավիրուսի պատճառով: Տահերին նաև հավաքականի մարզչական շտաբից էր:

Չորս ամիս առաջ մարզիչը վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ հեռացվել է գլխուղեղի ուռուցքը: Նշվում է, որ թույլ իմունիտետը ազդել է հիվանդության արդյունքի վրա: Տահերին մարզել է իրանական մի շարք ակումբներ:

ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որի մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է:

Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված եղել:

Տեղեկությունների համաձայն՝ Ղազարյանը համաժողովի մասնակցելու նպատակով Լոս Անջելեսից երկու շաբաթով Օռլանդո էր մեկնել, սակայն որոշել է այնտեղ երկու օր երկար մնալ ընկերների հետ Disney World և Universal Theme Parks այցելելու համար:

Ղազարյանի ընտանիքը պատմել է, որ մարտի 7-ին նա հազ է ունեցել, իսկ հաջորդ օրը հազի հետ արյան արտադրություն է եկել, որից հետո տղամարդը վերադարձել է Լոս Անջելես և արդեն բարձր ջերմությամբ դիմել բժիշկների օգնությանը: Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ղազարյանը թոքաբորբ է ունեցել: Նա COVID-19-ի թեստ հանձնելուց հետո ինքնամեկուսացել է: Կորոնավիրուսի առկայությունը նրա մոտ հաստատվել է մարտի 13-ին, հաջորդ օրը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ թոքերի 60-70 տոկսը բորբոքված է եղել:

Նշվում է, որ Ղազարյանը մանկության տարիներին ասթմա և հաճախ հանդիպող բրոնխիտ է ունեցել, իսկ վերջերս՝ 2016 թվականին, ամորձու քաղցկեղի վիրահատության ենթարկվել:

Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է երկրի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Այթաչ Յալմանը, որի առողջական վիճակը վատացել էր մարտի 12-ին:

Ինչպես գրում է Cumhuriyet պարբերականը, հաջորդ օրը գեներալի առողջական վիճակը կրկին վատացել է, և բժիշկները համոզել են նրան տեղափոխվել հիվանդանոց:

Երկու օր անց հիվանդանոցում նախկին հրամանատարի վիճակը կտրուկ վատացել է, և նա մահացել է:

Բժիշկները կորոնավիրուսի թեստ են վերցրել Յալմանի կնոջից, որը դրական պատասխան է տվել: Բժիշկները եզրակացրել են, որ Յալմանը ևս հիվանդ է եղել կորոնավիրուսով և դրանից էլ մահացել է:

76 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Լորենցո Սանսը, որը օրեր առաջ վարակվել էր նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ինչպես փոխանցում է Eurosport.ru-ն՝ Սանսը հոսպիտալացվել էր մարտի 17-ին և 8 օր շարունակ ջերմել էր: Մի քանի օր անց նրա վիճակը երիկամային անբավարարության պատճառով վատացել էր, ինչը կապված էր վտանգավոր վարակով: Արդեն մարտի 21-ի երեկոյան հայտնի էր դարձել Սանսի մահվան մասին:

Լորենցո Սանսը «Ռեալը» ղեկավարել էր 1995-2000թթ: 1998-ին և 200-ին իր ղեկավարած ակումը հաղթել էր Չեմպիոնների Լիգայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ