Գլխավոր էջ Նորություններ Սննդային թունավորումների մասին իրազեկում՝ տոներին ընդառաջ

Սննդային թունավորումների մասին իրազեկում՝ տոներին ընդառաջ

24525
0
Սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդությունները հանրային առողջության հիմնական խնդիրն են ամբողջ աշխարհում և առաջացնում են հիվանդությունների զգալի բեռ:
Ամանորի տոներին ընդառաջ «Հերացի» վերլուծականը և «Մուրացան» հիվանդանոցային համալիրը համատեղ անդրադարձել են սննդային թունավորումների թեմային:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի արձանագրվում է 600 միլիոն սննդով փոխանցվող հիվանդություններ և 420,000 մահվան դեպք ամբողջ աշխարհում:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն անապահով սննդի հետևանքով տարեկան կորցնում են 110 միլիարդ ԱՄՆ դոլար՝ արտադրողականության և բժշկական ծախսերի պատճառով:
Ըստ, օրինակ, ամերիկյան վիճակագրության, ամեն տարի 6 ամերիկացիներից 1-ը (կամ 48 միլիոն մարդ) հիվանդանում է, 128.000-ը հոսպիտալացվում, իսկ 3.000-ը մահանում է սննդային թունավորումներից:
Առավել խոցելի են սննդային թունավորումների համար 65 և բարձր տարիքի մարդիկ, մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, այլ հիվանդությունների պատճառով թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ:
Անառողջ միջավայրը, աղտոտված ջրային ռեսուրսները, սանիտարահիգիենիկ իրավիճակը մեծացնում են սննդային թունավորումների ռիսկը հատկապես երեխաների շրջանում, քանի որ վերջինների մարսողական համակարգը բավականին զգայուն է՝ ի տարբերություն մեծահասակների: Մինչև 5 տարեկան երեխաները կրում են սննդային հիվանդությունների բեռի 40%-ը՝ տարեկան 125.000 մահ:
Սննդային թունավորման դեպքերի գերակշիռ մասը աղիքային ինֆեկցիաների պատճառով են, որի համար հիմք կարող են հանդիսանալ այն մանրէները, բակտերիաները և մակաբույծները, որոնք սննդի միջոցով ներթափանցում են օրգանիզմ:
Աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ առավել հաճախ դառնում են լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, աղտոտված խմելու ջուրը, ինչպես նաև ոչ ճիշտ ջերմային ռեժիմով պատրաստված ուտեստներն ու «կեղտոտ» ձեռքերը:
Սննդի անվտանգության հարցն արդիական է նաև Հայաստանի համար, զգալի են աղիքայի վարակների ցուցանիշները, ինչպես նաև քաղաքացիների կողմից սննդային թունավորումների մասին հաղորդումները:
Մասնավորապես՝ 2017-2021թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների 528 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2509 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 4891 դեպք:
Իսկ հարցումների տվյալները վկայում են, որ սննդային թունավորում մի քանի տարին մեկ անգամ ունեցել են հարցվածների 6.6%, տարին մեկ կամ երկու անգամ՝ 3.4% և երբեք չեն ունեցել՝ 89.2%-ը: Այս առումով հայաստանյան ցուցանիշները համապատասխանում են միջազգային տվյալներին և էապես չեն տարբերվում:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, մասնավորապես՝ հանրապետությունում աղիքային վարակների ընդհանուր մոտ 70% արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում։
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2021թ.- Հայաստանում գրանցվել է սննդային թունավորման 124 դեպք, որից տուժել է 850 քաղաքացի, որից մեկը մահվան ելք է ունեցել, իսկ 2022թ. հունվար-հունիս ընկած ժամանակահատվածում գրանցվել է սննդային թունավորման 63 դեպք, որից տուժել է 114 քաղաքացի:
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի «Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում» բժշկական օգնություն և սպասարկում են ստանում ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի մինչև 18 տարեկան երեխաները:
Հիվանդանոցային համալիրի տվյալներով՝ 2021թ. սննդային թունավորումների (սննդային տոքսիկոինֆեկցիա, աղիքային ինֆեկցիաներ, գաստրիտեր, գաստրոէնտերիտներ, աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ խանգարումներ, թունավորում սնկից, բույսերից) հիվանդանոցում 1535 դեպք է արձանագրվել, իսկ 2022թ. հունվար-նոյեմբերին՝ 1177 դեպք:
Սիրելի քաղաքացիներ, առաջիկա տոներին ընդառաջ հիշեցնում ենք՝ պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները, կերակուր պատրաստելիս ապահովել մթերքի ճիշտ ջերմային մշակումը, սննդամթերքը պահպանել ճիշտ պայմաններում, հաճախակի լվանալ ձեռքերը, հոսող ջրով լավ լվանալ միրգն ու բանջարեղենը՝ այս ամենով հոգ տանելով ձեր և Ձեր սիրելիների առողջության մասին:
Նոր Տարին սկսենք առողջ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ