Գլխավոր էջ Գլխավոր «Նևրոզների կլինիկան» միացավ «Ավան հոգեկան առողջության կենտրոնին»

«Նևրոզների կլինիկան» միացավ «Ավան հոգեկան առողջության կենտրոնին»

388
0

ՀՀ Կառավարության որոշման համաձայն «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միացավ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշման համաձայն՝ Նևրոզների կլինիկայի» իրավահաջորդը՝ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ավան հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N 72-Ա որոշմամբ, Կոտայքի մարզի Քասախ բնակավայրում տեղաբաշխված «Նևրոզների կլինիկայի» 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել է Առողջապահության նախարարությանը, այնուհետև՝ Կլինիկան հանվել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից։
Կլինիկայի կողմից բնակչությանը մատուցվող նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման անընդհատությունն ապահովելու կարևորությունից ելնելով, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության այսուհետ՝ Կենտրոն, մասնաշենքերից մեկում ձևավորել է նոր նևրոզների բաժանմունք։
Նախագծի ընդունումը կնպաստի բնակչության համար հոգեկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարձրացմանն ու շենքային պայմանների բարելավմանը։
Նշենք, որ Նևրոզների կլինիկան, որը շուրջ 30 տարի պացիենտներ էր ընդունել ու օգնություն տրամադրել անգամ պատերազմի հետևանքով այս կամ այն խնդրի առաջ կանգնած զինվորին, զոհվածի ու անհետ կորածի ծնողին, չկարողացավ պահել իր դիրքերը։
Դեռևս 2020թ-ի սեպտեմբերի 10-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշել էր, որ Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման խնդիր չունի և ներկայացնելու են մասնավորեցման` հակառակ դեպքում այն գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի տրամադրվելու:
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դիրքորոշումը հստակ էր․ «Այդպես ենք նպատակահարմար գտել»,-ասում էր նա, առանց հիմնավոր պատճառաբանության, իսկ կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ կփորձի պայքարել ու պատկան մարմիններին հասանելի դարձնել կենտրոնի կարևորությունը։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ առաջիկայում ամբողջությամբ վերանորոգելու են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը: «Նևրոզների կլինիկա»-ի գործունեությունն ընդհանուր առմամբ տեղափոխվելու է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

«Փորձելու ենք դրա շրջանակներում զարգացնել այս ծառայությունը՝ համապարփակ, մեկ բժշկական կենտրոնի շրջանակներում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը և նշել , որ դրա համար արդեն պետության կողմից հատկացվել են միջոցներ։
Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ