Գլխավոր էջ Գլխավոր «Փողոցից սնունդ գնելու դեպքում նրանք ոչ միայն իրենց չեն հարգում, այլև՝ իրենց...

«Փողոցից սնունդ գնելու դեպքում նրանք ոչ միայն իրենց չեն հարգում, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին». Գ․ Ավետիսյան

909
0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն օրերս տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ ստուգումներ են եղել ինչպես պլանային, այնպես էլ քաղաքացիների, լրատվամիջոցների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների բարձրացրած հարցերի հիման վրա․

«Ստուգումներն իրականացվել են հանրային սննդի կետերում, իրացման ցանցերում, արտադրամասերում: Ամենահաճախ հանդիպող խախտումներից են՝ սանիտարական գրքույկների բացակայություն, հակամիջատային ցանցերի բացակայություն, աշխատակիցների ոչ պատշաճ վիճակ, սանիտարահիգիենիկ խնդիրներ և այլն: Շատ դեպքերում տնտեսվարողների շրջանում իրազեկման խնդիր կա: Դեպքեր կան, որ տնտեսվարողները փորձում են շրջանցել օրենքը, դեպքեր էլ կան, որ, չնայած տուգանվել են, միևնույնն է՝ խախտումը կրկնել են: Այսինքն՝ անլուրջ են վերաբերվել հարցին։ Խախտումներ իրականացրած տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության՝ տուգանքներ, գործունության ժամանակավոր կասեցում և այլն»։

Ըստ Ավետիսյանի՝ տոնական օրերին ընդառաջ՝ դեկտեմբերի 21-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները սկսել են բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթաց: Մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, բայց շարունակվում է նաև մյուս մարզերում: ՍԱՏՄ ղեկավարն ընդգծում է, որ այս խնդիրը չի լուծվի, քանի դեռ ունենք փողոցից ապրանք գնող քաղաքացիներ։

«Փողոցից սնունդ գնելու դեպքում նրանք ոչ միայն իրենց չեն հարգում, այլև՝ իրենց ընտանիքի անդամներին: Փողոցում վաճառվող ապրանքը գնելիս՝ 100-200 դրամ խնայում են, բայց գնում են, օրինակ, առնվազն վտանգավոր միս»,- նշեց Գեորգի Ավետիսյանը: Ավետիսյանը հորդորում է զգոն լինել և պատահական վայրերից սնունդ չգնել, իսկ կասկածների դեպքում էլ քաղաքացիները կարող են դիմել տեսչական մարմնին:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ