Գլխավոր էջ Գլխավոր Աստիգմատիզմ․առաջացման պատճառները, տեսակները և բուժումը

Աստիգմատիզմ․առաջացման պատճառները, տեսակները և բուժումը

52583
0

Տեսողության հետ կապված խնդիրները բազմաթիվ են և դրանց առնչվում են ինչպես մեծահասակները, այնպես էլ ՝ երեխաները։ Աստիգմատիզմի մասին մենք զրուցել ենք ակնաբույժ Թամարա Մկրտչյանի հետ, պարզել ենք, թե ի՞նչ է այն, ի՞նչ ախտանշաններ ունի և ինչպե՞ս է հնարավոր այն բուժել։

— Ի՞նչ է աստիգմատիզմը։ 

— Աստիգմատիզմն իրենից ներկայացնում է աչքի ռեֆրակցիոն խնդիր, ինչպիսին կարճատեսությունը կամ հեռատեսությունն են: Աստիգմատիզմի պատճառը եղջրաթաղանթի կամ առավել հազվադեպ ոսպնյակի մակերեսի կառուցվածքային փոփոխություն է։ Եթե նորմայում եղջրաթաղանթը (աչքի առաջային թափանցիկ հատվածը) գրեթե  իդեալական սֆերիկ է և նրա բոլոր կետերում լույսը նույն ուժգնությամբ է բեկվում, ապա աստիգմատիզմով պացիենտների մոտ կառուցվածքային փոփոխությունները բերում են նրան, որ եղջրաթաղանթի մի հատվածում լույսը ուժեղ է բեկվում, մյուսում՝ թույլ:

— Ի՞նչն է աստիգմատիզմի առաջացման պատճառը։

— Այս պաթոլոգիան հիմնականում ժառանգական բնույթ է կրում` բնածին է, սակայն կարող է լինել նաև ձեռքբերովի` օրինակ տրավմայի կամ ակնային վիրահատության հետևանք:

— Քանի՞ տեսակի աստիգմատիզմ է տարբերակվում։

— Եթե նշենք աստիգմատիզմի հիմնական տեսակները, դրանք են` կարճատեսային, հեռատեսային և խառը:

— Որո՞նք են աստիգմատիզմի ախտանիշները։

— Սիպտոմներն են մշուշված, լղոզված տեսողությունը, պատկերները կարող են որևէ ուղղությամբ ձգված թվալ կամ ստվերներով: Այս պացիենտները հիմնականում դժվարանում են երեկոյան մեքենա վարել և կարող են ունենալ գլխացավեր, ոչ հստակ տեսողության պատճառով:

— Ինչպե՞ս է բուժում աստիգմատիզմը։

— Ինչպես ցանկացած ռեֆրակցիոն խնդիր, աստիգմատիզմը ուղղվում է ակնոցներով, լինզաներով կամ էքսիմեր լազերային վիրահատության միջոցով:

— Հնարավո՞ր աստիգմատիզմը զուգորդվի տեսողական այլ խնդիրների հետ։

Աստիգմատիզմին բնորոշ չէ որևէ ակնային հիվանդության հետ հատուկ կապը, սակայն այն ևս կարող է ուղեկցվել ակնահատակի փոփոխություններով, այդ իսկ պատճառով տարին մեկ անգամ անհրաժեշտ է անցնել ակնահատակի զննություն ակնաբույժի մոտ:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ